«Energo Pro Georgia» էներգոմատակարարման ընկերությունը հայտնում է, որ մարտ ամսվա էլեկտրաէներգիայի սպառումը կհաշվարկվի սովորականի պես՝ հաշվիչի ցուցմունքների համաձայն սպառված էներգիայի չափով:
«Energo Pro Georgia» ընկերությունից Jnews- ի հետ հեռախոսազրույցում հաղորդեցին, որ ծախսերի գանձման համակարգում փոփոխություններ դեռևս չկան, ինչպես միշտ, ամսվա վերջին աշխատակիցները կսկսեն հաշվիչներից գրանցել ցուցմունքները:
Հարցին, թե հնարավոր է արդյոք սպառած էներգիայի դիմաց վճարման հետաձգում, եթե բաժանորդն անվճարունակ է, ընկերության մամուլի ծառայությունից պատասխանեցին հետևյալը.
«Եթե ինչ-որ մեկը չի կարողանում վճարել, նա կարող է դիմում գրել իր խնդրի մասին, և հանձնաժողովը կքննարկի այն, բայց չվճարման դեպքում արտոնություններ չկան, եթե կա պարտք, ապա պարտավոր են վճարել»:
Սահմանված ժամկետում չվճարելու դեպքում նախատեսվում է 2 լարիի չափով տուգանք:
Ավելի վաղ, Վրաստանի էներգետիկայի և ջրամատակարարման հարցերի կարգավորող ազգային հանձնաժողովը (GNERC) կորոնավիրուսի (COVID-19) տարածման պատճառով իր որոշ կանոնակարգերում փոփոխություններ կատարելու առումով սկսել էր վարչական վարույթ: Այժմ ընկերությունները կոմունալ վճարումները կարող են հաշվարկել նախորդ տարվա նույն ամսվա ընթացքում գրանցված ցուցումներին համապատասխան: