Մարտի 23-ից Վրաստանում կսկսվի բժշկական դիմակների բաժանումը 70 տարեկանից բարձր բոլոր թոշակառուներին: Այս մասին այսօր հայտարարել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավան:
Նախարարը նշել է, որ աշխարհում նոր կորոնավիրուսի պանդեմիայի ֆոնին դիմակների անբավարարությունը դարձել է գլոբալ խնդիր: Ըստ Թուրնավայի, Վրաստանում ընդամենը մի քանի օրվա ընթացքում նրանց հաջողվել է «զրոյից» սկսել դիմակների արտադրություն:
«Ռեկորդային ժամանակահատվածում մենք շատ արագորեն կարողացանք սկսել այնպիսի դիմակների արտադրություն, որոնք նախկինում ոչ մեկին պետք չէր: Շատ կարի ֆաբրիկաներ ներգրավված են դիմակների արտադրության գործում, և հենց որ հումքի ռիթմիկ մատակարարումը հաստատվի, մենք կկարողանանք ավելի զանգվածային արտադրություն սկսել», – հայտարարել է նա:
Էկոնոմիկայի նախարարը հավելել է, որ տարեցների հետ միասին, լրագրողները և այն մարդիկ, ովքեր «առաջնագծում են», հնարավորինս շուտ կապահովվեն բժշկական դիմակներով:
«Առաջին հերթին 70-ից բարձր միայնակ թոշակառուներին կբաժանվի: Երկուշաբթի օրվանից մենք արդեն կսկսենք բաժանել նրանց դիմակները», – հայտարարել է Թուրնավան: