Թբիլիսիի քաղաքային դատարանը Վակեի այգում տեղի ունեցած ողբերգության գործով ձերբակալված 9 անձի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրել ազատազրկումը. որոշումը կայացրել է դատավոր Միխեիլ Ջինջոլիան։

Փաստաբանները պահանջել են դատարանի դահլիճից ազատ արձակել ամբաստանյալներին կամ որպես այլընտրանք՝ կրառել գրավը: Պաշտպանական կողմը կբողոքարկի որոշումը։

Նշենք, որ Վակեի այգում տեղի ունեցած ողբերգության գործով իրավապահները հոկտեմբերի 18-ին ձերբակալել են 9 հոգու։

Հոկտեմբերի 13-ի առավոտյան Թբիլիսիի Վակեի այգում շատրվանների ավազան մտած երեխաները հոսանքահարվել են: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ հոսանքահարվելու հետևանքով վիրավորված 13-ամյա աղջիկը կլինիկայում մահացել է:

Հոսանքահարվելու հետևանքով դեռահասի մահից հետո քաղաքացիները հավաքվել են Թբիլիսիի քաղաքապետարանի մոտ և ցույց ու մոմավառություն կազմակերպել:

Հարկ է նշել, որ Վակեի այգու վերանորոգված շատրվանների հանդիսավոր բացումը տեղի է ունեցել հոկտեմբերի 12-ին: «Գրինսերվիս+»-ը 13 մլն լարիի վերականգնողական աշխատանքներ է կատարել Վակեի այգում գտնվող շատրվանների վրա։ Մրցութային փաստաթղթերի համաձայն՝ ավարտված աշխատանքների վերջին ստուգումն իրականացվել է 2022 թվականի օգոստոսի 29-ին։

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հետաքննություն է սկսել Քրեական օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին մասով, որը վերաբերում է անվտանգության կանոնների խախտմանը, ինչը հանգեցրել է առողջությանը նվազ ծանր կամ ծանր վնասի։