Այսօր առավոտյան տարբեր լրատվամիջոցներով տեղեկություններ են տարածվում, որ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի վիճակը ծանր է, և նրան տեղափոխում են վերակենդանացման բաժանմունք։ Սակայն տարբեր լրատվամիջոցների հարցին՝ Վիվամեդ կլինիկայի ղեկավարությունից, որտեղ գտնվում է Սահակաշվիլին, արդեն մի քանի անգամ պատասխանել են, որ նա դեռ չի տեղափոխվել։

Առավոտյան «Մթավարի» հեռուստաընկերությունը տեղեկություն էր տարածել Սաակաշվիլիի տեղափոխության մասին, ապա «Միացյալ ազգային շարժման» անդամ Գիորգի Չալաձեն հանդես էր եկել հայտարարությամբ։

«Այս պահին նախագահ Սահակաշվիլին տեղափոխվում է վերակենդանացման բաժանմունք։ Ես հենց նոր եկա իմ անձնական բժշկի հետ խոսելուց հետո, պարոն Զուրաբը նույնպես տեղյակ է։ Նախագահի առողջական վիճակը գտնվում է տագնապալի կրիտիկական մակարդակում, նրա կյանքը փրկելու համար անհրաժեշտ է, որ նախագահ Սաակաշվիլին գտնվի վերակենդանացման բաժանմունքում»,- ասել է Գիորգի Չալաձեն։

Չալաձեի խոսքով՝ «վերակենդանացման բաժանմունք է պատրաստվում, միջոցներ են ձեռնարկվում նախագահ Սաակաշվիլիի կյանքը փրկելու համար»։

«Վիվամեդ» կլինիկայի տնօրեն Նինո Նադիրաձեն ասել է, որ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին «դեռ չի տեղափոխվում» վերակենդանացման բաժանմունք։

Ինչպես Վրաստանի Առաջին ալիքին հայտնել է Նինո Նադիրաձեն, Միխեիլ Սաակաշվիլին գտնվում է հիվանդասենյակում։

«Երբ որոշենք, կասենք: Դեռ ոչ»,- ասել է Նադիրաձեն։