Այսօր Վրաստանում 1 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել, ի՞նչ է դա նշանակում բնակչության համար, ինչպիսի՞ պատասխանատվություն և ի՞նչ սահմանափակումներ են գործում, Jnews-ի հարցերին պատասխանել է «Ռոնդելի» հիմնադրամի ավագ աշխատակից Շոթա Ուտիաշվիլին:
Արտակարգ դրությունը հայտարարվել է Վրաստանի վարչապետի և նախագահի կողմից, այսինքն, ըստ փորձագետի, այն արդեն գործում է, խորհրդարանը կարող է միայն հաստատել այն, կամ չեղյալ հայտարարել: Ինչն, ամենայն հավանականությամբ տեղի չի ունենա: Ինչպես բացատրում է Շոթա Ուտիաշվիլին, բնակչության համար արտակարգ դրությունը նշանակում է, որ եթե մինչ այժմ Կառավարության հանձնարարականները առաջարկային բնույթ էին կրում, ապա այժմ դրանք կատարելը պարտադիր է դառնում:
«Այսինքն՝ ինքնամեկուսացման կամ կարանտինի խախտման համար արդեն տուգանք է նշանակվում, իսկ կրկնակի խախտման դեպքում կարող են նաև ձերբակալել: Եվ ամենակարևորը, ինչ բնակչությունը պետք է կատարի, դրանք են՝ 10-ից ավելի մարդկանց միջոցառումները կամ հավաքույթներն արգելված են: Սա նշանակում է, որ ծննդյան օրերը, այլ միջոցառումներն այլևս չպետք է անցկացվեն ավելի քան 10 մարդու մասնակցությամբ», – ասում է Շոթա Ուտիաշվիլին:
Փորձագետի կարծիքով, ՎԱԻՈՒԵ-ի որոշումն այն մասին, որ եկեղեցական արարողությունների անցկացումը չպետք է փոխվեր, ոչ պակաս ազդեցություն ունեցավ արտակարգ դրություն հայտարարելու որոշման վրա:
«Երբ եկեղեցին որոշեց, որ բոլոր եկեղեցական արարողություններն անցկացվելու են սովորականի պես, մանավանդ որ առջևում են Սուրբ Զատկի տոները, այնտեղ տարածման սպառնալիքը մեծ է: Այժմ 10-ից ոչ ավելի մարդու միջոցառումների չեղարկումը նաև վերաբերում են եկեղեցական արարողություններին», – ասում է նա:
Ինչպես կկարգավորվի, օրինակ, խանութներում, 10 հոգուց պակաս մարդկանց կուտակումն՝ առայժմ պարզ չէ:
Երկրում հայտարարված արտակարգ դրությունը ծայրահեղական դեպքը չէ, քանի որ պարետային ժամ դեռ չկա, և, ըստ Վարչապետ Գիորգի Գախարիայի, նրանք դեռ չեն պատրաստվում հայտարարել այդ մասին:
Սահմանափակումները սահմանվում են միջազգային ուղևորափոխադրումների համար, բացառությամբ բեռնափոխադրումների՝ թե՛ ներքին, և թե՛ տարանցիկ ճանապարհով: Փորձագետը նշում է, որ դա կարևոր է, քանի որ բնակչությունը պետք է ապահովվի ապրանքով:
Փորձագետի խոսքով՝ արտակարգ դրության պայմաններում վրացական կառավարությունն իրավունք ունի, անհրաժեշտության դեպքում, սահմանափակել մասնավոր բիզնեսի սեփականության իրավունքը:
«Այսինքն, եթե, օրինակ, անհրաժեշտություն լինի մասնավոր կլինիկաները օգտագործել բուժման կամ կարանտինի համար, ապա կառավարությունը կարող է օգտագործել մասնավոր բիզնեսը, կամ, օրինակ, մասնավոր հյուրանոցները, որպեսզի այնտեղ կարանտինային գոտի տեղակայվի», – ասում է նա:
Կառավարությունը նաև իրավունք է ձեռք բերել կարգավորել դեղորայքի, բժշկական ծառայությունների և առաջնային անհրաժեշտության ապրանքների գները:
«Եվ դա հասկանալի և լավ է, քանի որ շատերը դառնում են անվճարունակ, և լարիի փոխարժեքի անկմանը զուգընթաց նկատվում է գնաճ», – պարզաբանում է փորձագետը:
Ինչ վերաբերում է նրան, թե որքանով էր անհրաժեշտ արտակարգ դրություն հայտարարելն այն պայմաններում, երբ Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը շատ դանդաղ է աճում, փորձագետը պատասխանեց.
«Ինչպես ցույց է տալիս այլ երկրների փորձը, մինչև 100 վարակվածների թիվը շատ դանդաղ է աճում, բայց 100-ից հետո այն արդեն աճում է երկրաչափական պրոգրեսիայով: Այսինքն՝ մեզ հնարավոր է դեռ սպասվում է այն, որ վարակվածների թիվը շատ արագ կաճի», – ասում է նա:
Թեև այն, որ Վրաստանում 3 դեպքի հաստատման պահից սկսած արագորեն սկսել են պայքարել վիրուսի տարածման դեմ, հույս է ներշնչում, որ Վրաստանը կարող է հեշտությամբ հաղթահարել կորոնավիրուսի պանդեմիան: