Երեկ՝ հոկտեմբերի 7-ին, սեզոնային վիրուսային հիվանդությունների և ցածր հաճախելիության պատճառով Ախալքալաքի մունիցիպալիտետի բոլոր մանկապարտեզները մինչև հոկտեմբերի 15-ը փակվել են։
Ախալքալաքի մունիցիպալիտետի մանկապարտեզներում վերջին երկու շաբաթվա ընթացքում ցածր հաճախելիություն է նկատվում։ Գյուղերի մանկապարտեզներում տարածված են սեզոնային վիրուսային հիվանդությունները, ըստ Հանրային առողջության կենտրոնի տնօրեն Սիրանուշ Տոնականյանի, գյուղերում կարմրուկ չկա:
«Մանկապարտեզների միավորումը դիմել է մեզ, մենք գնացել ենք մանկապարտեզները ստուգել, մի մանկապարտեզում 100 հոգուց 20-ն էր ներկա, գյուղերում վիրուսային հիվանդություններ կան, կարմրուկ չկա, և մենք որոշեցինք մեկ շաբաթով փակել»,- ասաց Սիրանուշ Տոնականյանը։
Անցած երկուշաբթի օրվանից՝ սեպտեմբերի 30-ից, վիրուսային հիվանդությունների պատճառով փակվել են Կարծախ և Ազավրեթ գյուղերի մանկապարտեզները։ Իսկ այս երկուշաբթի օրվանից՝ հոկտեմբերի 7-ից, որոշվել է փակել մունիցիպալիտետի բոլոր 14 մանկապարտեզները։
«Հաճախումների թիվը 30%-ից ցածր էր, հիվանդ էին ոչ միայն երեխաները, այլ նաև դաստիարակները: Առայժմ մեկ շաբաթով փակել ենք, իսկ հետո կտեսնենք, եթե մանկապարտեզներում նորից 10-ական երեխա լինի, մենք արձակուրդները կերկարացնենք, եթե ոչ, ապա՝ կբացենք։ Գյուղերում ավելի շատ տարածված են վիրուսային հիվանդությունները։ Քաղաքում նաև մեծ տարածում ունի կարմրուկը, իսկ երեխաներին քաղաքից տանում ենք գյուղական մանկապարտեզներ»,- ասում է Ախալքալաքի մունիցիպալիտետի Մանկապարտեզների միավորման տնօրեն Անահիտ Ասատուրյանը։