Արդեն մեկ տարուց ավել է Cellfie (նախկինում Beeline) հեռախոսակապը նորմալ չի աշխատում Ախալքալաքում։ Երկրորդ զանգից արդեն կապը կամ անջատվում է, կամ անհասկանալի ձայներ են լսվում։ JNEWS-ը կապ է հաստատել Cellfie-ի թեժ գծի հետ, որտեղից պատասխանեցին, որ իրենց մոտ որեւէ խնդիր տեսանելի չէ։
Ջավախքի գրեթե ամեն երկրորդ բնակիչ բողոքում է Cellfie վատ կապից։ Բաժանորդները չեն կարողանում զանգել, նրանց զանգերը կիսատ են մնում, կամ խոսելու ընթացքում մի կողմը լսում է, մյուս կողմը չի լսում։
«Երկար ժամանակ է չեմ կարողանում նորմալ խոսել որևէ մեկի հետ, զանգում եմ խոսքս բերանս անջատվում է, կամ ընդհանրապես ձայն չի լսվում։ Չեմ հասկանում այսքան օգտատեր ունեն, միթե՞ չի կարելի հետևել, որպեսզի կապը նորմալ լինի։ Եթե այսպես շարունակվի անպայման կփոխեմ օպրեատորին», – ասում է Անահիտը, ով երկար տարիներ է օգտվում է Cellfie կապից։
«Ահավոր վատ է կապը։ Արդեն ամաչում եմ մարդու զանգել, աշխատանքի բերումով մշտապես զանգահարում եմ պաշտոնյա մարդկանց, խոսակցությունը կիսատ կապն ընդհատվում է։ Եթե այսպես շարունակվի նրանք շատ բաժանորդներ կկորցնեն Ախալքալաքում», – ասում է Սուսանը։
Jnews-ը կապ է հաստատել Cellfie գրասենյակի թեժ գծի հետ, որտեղից մեզ ասացին, որ կապի հետ կապված ոչ մի խնդիր չեն տեսնում, նշելով, որ միայն երկու օր առաջ է եղել կապի խախտում։ Նրանք ընդհանրապես խնդիր չեն տեսնում իրենց մոտ։ Խորհուրդ տվեցին հեռախոսը դարձնել “թռիչքի” ռեժիմ երկու րոպեների ընթացքում, այնուհետև զանգել։ Միաժամանակ նշելով, որ ճիշտ է, իրենց մոտ որևէ խախտում չի երևում, սակայն հետևողական կլինեն և կստուգեն կապի որակը։
Իսկ Ախալքալաքի գրասենյակի աշխատակիցներն ասում են, որ տեղյակ չեն կամ իրենք պատասխանատու չեն։