Ավելի վաղ գրել էինք, երկրում տրիող իրավիճակից ելնելով Վրաստանի երեք բանկերի՝ Georgia, TBC և Liberty կողմից 3 ամսյա արտոնյալ ժամանակահատված տրվեց բոլոր հաճախորդներին: Այսօր արդեն արտոնյալ ժամանակահատված են տրամադրում նաև Finca և Credo բանկերը, սակայն ոչ բոլորին:
Finca bank
Finca բանկը հատուկ պայմաններ կառաջարկի միայն այն հաճախորդներին, որոնց եկամուտներին և գործունեությանը երկրում տիրող իրավիճակը բացասական ազդեցություն է ունեցել: Հատուկ արտոնյալ ժամանակաշրջան պահանջելու համար բանկի հաճախորդը պետք է էլեկտրոնային դիմում լրացնի կամ զանգահարի թեժ գիծ՝ *4949, ոչ ուշ, քան մարտի 25-ը:
Արտոնյալ ժամանակահատվածը չի վերաբերվում ագրո և ավտո վարկերին, ինչպես նաև վարկային սահմանաչափի, օվերդրաֆտ (կարճաժամկետ բանկային վարկավորման հատուկ ձև է) բիզնես վարկատեսակին և ավանդներով տրամադրված վարկերին:
Այն դեպքում, երբ հաճախորդը ներկայացնում է դիմում, բանկը դիմումն ստանալու պահից 5 աշխատանքային օրվա ընթացքում կվերանայի այն և կտեղեկացնի հաճախորդին պատասխանը տեքստային հաղորդագրության կամ զանգերի կենտրոնի միջոցով։ Պատասխան ստանալու համար բանկ այցելելու անհրաժեշտություն չկա։
Հատուկ արտոնյալ ժամանակահատվածն ինքնաբերաբար չի ակտիվացվի և այն ներառում է մինչև 3 վճարման ժամկետների հետաձգում։
Այդ ընթացքում փոփոխության չի ենթարկվի վարկի պայմանագրային դրույքաչափերը։
Այն դեպքում, երբ հաճախորդը ստանում է արտոնյալ ժամանակահատված, ապա ամսական վճարը մի փոքր կավելանա, քանի որ ինչպես ներկայացված է Finca բանկի հայտարարությունում, բանկը վարկի ժամկետի ընթացքում բաշխում է արտոնյալ ժամանակաշրջանում հաշվարկված տոկոսագումարները:
Credo bank
Credo բանկը նույնպես հայտարարություն է տարածել 3 ամսյա արտոնյալ ժամանակահատվածի վերաբերյալ։
Արտոնյալ ժամանակահատվածը վերաբերվում է բանկի բոլոր այն հաճախորդներին, որոնց բիզնեսին կամ մասնավոր եկամտին ներկայիս հանգամանքները բացասաբար են անդրադարձել:
Վարկի հետաձգման հայտերի ընդունումը սկսվել է 2020 թվականի մարտի 16-ից:
Արտոնյալ ժամանակահատվածից օգտվելու համար հաճախորդները պետք է լրացնեն դիմում, որի համար պետք չէ գնալ բանկ, հաճախորդը պետք է կապ հաստատի իր վարկային տեսուչի հետ կամ զանգահարի *4242 հեռախոսահամարով։
Սակայն արտոնյալ ժամանակահատվածից օգտվելը հաճախորդների համար լրացուցիչ ֆինանսական ծախսեր կստեղծի, այդ իսկ պատճառով էլ բանկը հորդորում է, որ հաճախորդները չհետաձգեն ժամկետը և ժամանակին վճարեն վարկերը։
Արտոնյալ ժամանակահատվածը վերաբերում է բոլոր տեսակի վարկերին, իսկ վճարումները կսկսվեն հունիս ամսից։