Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը խորհրդարանում գրանցել է օրինագիծ, որի համաձայն 2020 թվականին խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն համամասնական կարգով, 0-ական շեմով և առանց դաշինքների: Համապատասխան օրինագծով փոփոխություններ կմտցվեն Վրաստանի սահմանադրության մեջ:
Ի՞նչպես կուսակցությունները մանդատ կստանան
Մանդատների քանակը որոշելու համար կուսակցության կողմից ստացած ձայների թիվը կբազմապատկվի 150-ով (Խորհրդարանի տեղերի քանակով) և կբաժանվի մասնակցող բոլոր կուսակցությունների կողմից ստացած ձայների ընդհանուր հաշվին:
Եթե բաժանված մանդատները 150-ից քիչ լինեն, չբաժանված մանդատները հերթականությամբ բաժին կհասնեն բարձր արդյունք գրանցած կուսակցություններին:
Ընտրությունների արդյունքում մանդատ կստանան բոլոր այն կուսակցությունները, որոնք կհավաքեն նվազագույնը մեկ մանդատ ստանալու համար բավական ձայների քանակ:
Օրինակ՝ 2016 թվականին «Վրացական երազանք» կուսակցությունը ընտրություններում ստացել է 856 638 ձայն, ընտրություններում բոլոր կուսակցությունները միասին ստացել էին 1 762 376 ձայն:
Նոր կարգով 856 638 ձայնը կբազմապատկվեր 150-ով և կբաժանվեր 1 762 376-ի և կստացվեր 72,9: Հետևաբար իշխող կուսակցությունը խորհրդարանում կունենար 72 մանդատ՝ ներկայիս 115-ի փոխարեն:
Նախաձեռնության համաձայն խորհրդարանում մեկ մանդատ ստանալու համար անհրաժեշտ կլինի ընտրություններին մասնակցած ընտրողների ձայների 1/150-ը՝ մոտավորապես 0,67 տոկոսը:
Հատկանշական է, որ խորհրդարանի փոխխոսնակ Թամար Չուգոշվիլին երեկ հայտարարել էր, որ իշխող կուսակցությունը չի կարող միայնակ սահմանադրությունում փոփոխություններ կատարել քանի որ ավելի վաղ կուսակցության շարքերը լքած պատգամավորների պատճառով «Վրացական երազանքը» կորցրեց սահմանադրական մեծամասնությունը:
Սահմանադրական փոփոխություններ մտցնելու համար անհրաժեշտ է 113 ձայն, իսկ իշխող կուսակցության կազմում այս պահին 106 պատգամավոր է: Հետևաբար խորհրդարանական ընդդիմությունը նույնպես պետք է կողմ քվեարկի վերոնշյալ օրինագիծն ընդունելու համար:
Նյութը՝ Aliq Media-ի