Ախալքալաքի բնակիչը, որը չի հնազանդվել պատկան մարմիններին և խախտել է ինքնամեկուսացման կանոնները, այն է՝ շրջել է քաղաքում, մարտի 19-ի երեկոյան հարկադրաբար տեղափոխվել է Աբասթումանի Թոքաբանական կենտրոն` կարանտինային գոտի: Ամբողջ բնակչության առողջությունը պաշտպանելու նպատակով, յուրաքանչյուր ինքնամեկուսացված անձի, որը չի հնազանդվում և դուրս է գալիս հասարակական վայրեր՝ սպառնում է նույնը:
Երիտասարդին իրավապահները կանգնեցրել են սեփական տան հարևանությամբ՝ իր սեփական մեքենայում: Նրան ստիպողաբար կարանտինացրել են Աբասթումանիում, որպեսզի նա այլևս չխախտի ինքնամեկուսացման կանոնները:
Ինքնամեկուսացման մեջ գտնվող բոլոր մարդկանց սահմանին նախազգուշացրել են՝ մնան տանը, առողջապահական մարմինների հսկողության տակ, որպեսզի ինքնազգացողության վատթարացման դեպքում հնարավոր լինի արագ արձագանքել, չխախտեն ինքնամեկուսացման կանոնները և չվտանգեն բնակչության առողջությունը:
Երեկ Ախալքալաքում ինքնամեկուսացված մարդկանց թիվը կտրուկ աճել է, նրանց թիվը գերազանցել է 200-ը (մենք ճշտում ենք կոնկրետ տվյալները և դրանք կհրապարակենք փոքր-ինչ ուշ): Շատ դեպքերում, ինքնամեկուսացվածներն ուսանողներ են Հայաստանից, ովքեր տուն են վերադարձել Հայաստանում կորոնավիրուսի հետ կապված հայտարարված արտակարգ դրության պատճառով:
Մարտի 16-ից բոլոր նրանք, ովքեր Վրաստան են մտնում Հայաստանից, ամեն դեպքում ինքնամեկուսացվում են, որպեսզի կորոնավիրուսի հայտնաբերման դեպքում հանկարծ բնակչության զանգվածային վարակում տեղի չունենա:
Ինքնամեկուսացում նշանակում է, որ մարդը չպետք է դուրս գա տանից, իսկ ավելի կոնկրետ մնա նույն սենյակում, խուսափի ընտանիքի անդամների հետ շփումից` նրանց պաշտպանելու նպատակով: Անձը 14 օր ինքնամեկուսացման մեջ է գտնվում, եթե 14 օրվա ընթացքում կորոնավիրուսի ախտանիշները (տենդ, կոկորդի ցավ, երբեմն՝ հարբուխ) չեն նկատվում, ապա մարդը հիվանդ չէ և նա կարող է արդեն դուրս գալ ինքնամեկուսացման 15-րդ օրը:
Եթե սահմանին, մաքսակետն անցնելիս, սահմանապահներն ու առողջապահական մարմինների աշխատակիցները նկատում են, որ տվյալ մարդու ինքնազգացողությունը վատ է կամ տենդ ունի, ապա այդ անձն անմիջապես ուղարկվում է հիվանդանոց՝ կարանտինային ռեժիմի: Ջավախքում միայն մեկ նման դեպք է եղել, երբ Նինոծմինդայի մունիցիպալիտետի բնակչուհուն ուղարկել են Աբասթումանի, նա դեռ այնտեղ է գտնվում, բայց նրա վիճակը նորմալ է, նրա մոտ դեռ չի հայտնաբերվել կորոնավիրուսի կամ այլ հիվանդությունների ախտանիշներ:
Տեղի առողջապահական մարմինները, տեղական ինքնակառավարման մարմինները, ինչպես նաև իրավապահ մարմինները խնդրում են Վրաստանի քաղաքացիներին ցուցաբերել հանրային պատասխանատվություն, հետևել ինքնամեկուսացման խորհուրդներին, չխախտել դրանք` պաշտպանելու և իրենց, և հարազատների, և ընկերների, ինչպես նաև ամբողջ հասարակության առողջությունը:
Նոր կորոնավիրուսի (COVID-19) հետ կապված խորհուրդներ՝ ինքնամեկուսացման մեջ գտնվողներին