24.05.2022
Views: 788 |
Author:
Agunik Ayvazyan
Տեղեկատվության ազատության զարգացման ինստիտուտի (IDFI) «Հանրային տեղեկատվության հասանելիությունը Վրաստանում 2021 թվականին» հետազոտության համաձայն՝ Ախալքալաքի քաղաքապետարանը հայտնվել է «ամենաանհաշվետու հաստատությունների» ցուցակում, քանի որ չի պատասխանել IDFI-ից հանրային տեղեկատվության պահանջի մասին բոլոր 30 նամակներին: Ճիշտ նույն իրավիճակն է Նինոծմինդայի քաղաքապետարանի դեպքում։
Տեղեկատվության ազատության զարգացման ինստիտուտը (IDFI) 2010 թվականից իրականացնում է մոնիթորինգ՝ Վրաստանում հանրային տեղեկատվության հասանելիության ուղղությամբ:
- IDFI-ն իր տարեկան մոնիթորինգի շրջանակներում, 2021 թվականին 8 446 տեղեկատվական հարցում է ուղարկել 285 պետական գերատեսչության, որոնցից պատասխան է ստացել 6 961 հարցման (82%) դեպքում:
- 8 446 հարցումից 10 օրում պատասխան է ստացվել միայն 4 545-ից (54%):
- Պետական գերատեսչությունների 28%-ը անպատասխան է թողել կամ հրաժարվել է ներքին աուդիտի հաշվետվություն ներկայացնելուց:
- Վրաստանի մշակույթի, սպորտի և երիտասարդության նախարարությունը ճանաչվել է 2021 թվականի ամենափակ գերատեսչությունը:
- Մշակույթի նախարարությունը և 14 այլ մունիցիպալ հաստատություններ, այդ թվում՝ Ախալքալաքի և Նինոծմինդայի քաղաքապետարանները, անպատասխան են թողել բացարձակապես բոլոր նամակները, որոնցում տեղեկատվություն է պահանջվել:
- Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարությունը (95,93%) և Վրաստանի Շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարությունը (95,65%) ունեցել են հանրային տեղեկատվության հասանելիության ամենաբարձր ցուցանիշները կենտրոնական պետական կառույցների շարքում, իսկ ամենացածրը՝ կառավարության վարչակազմը (30. 44%), Մշակույթի, սպորտի և երիտասարդության նախարարությունը (0%):
IDFI-ի «Հանրային տեղեկատվության հասանելիությունը Վրաստանում 2021 թվականին» զեկույցին կարելի է ծանոթանալ այստեղ: