Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարություն է տարածում` կապված COVID-19-ի հետ:
«Մեր երկիրը, ինչպես գրեթե ամբողջ աշխարհը, անցել է կյանքի բոլորովին այլ ռեժիմի: Նոր կորոնավիրուսի հետ կապված հայտարարվել է պանդեմիա: Սա, իհարկե, նշանակում է, որ իրավիճակը լուրջ է: Այնուամենայնիվ, հարկ է ասել, որ պանդեմիան ենթադրում է ոչ թե վտանգի որոշակի աստիճան, այլ մատնանշում է հիվանդության աշխարհագրական տարածումը, այսինքն՝ տարածումը բոլոր մայրցամաքներում: Ներկայիս իրականության մեջ, երբ որոշ երկրներ պայքարում են համաճարակի սուր դրսևորումների դեմ, մեզ մոտ իրավիճակը մտահոգիչ չէ:
Առաջին իսկ օրվանից ձեռնարկվել են ժամանակին կատարված և արդյունավետ միջոցներ, որոնք հանգեցրել են հիվանդության տարածման առավելագույն վերահսկմանը: Այնուամենայնիվ, սա ամենևին չի նշանակում, որ մենք կարող ենք թուլանալ և չպատրաստվել բոլոր հնարավոր սցենարներին: Բոլորս պարտավոր ենք հաշվի առնել առկա հանձնարարականները:
Նախագահի աշխատակազմը, կառավարության այլ գերատեսչությունների հետ միասին, ձեռնարկել է անհրաժեշտ միջոցառումներ: Առաջին փուլում չեղարկվել են միջազգային այցերը, նախագահական պալատում սահմանափակվել են տարբեր ձևաչափերի ընդունելությունները: Դրանից հետո չեղարկվել են այցելությունները դեպի մարզեր: Վարչակազմի որոշ աշխատակիցներն անցել են աշխատանքային հեռահար ռեժիմի, սակայն այս հատուկ ռեժիմի պայմաններում լիարժեք աշխատանքը շարունակվում է, և վարչակազմը շարունակում է աշխատել միջգերատեսչական հանձնաժողովում:
Առաջին իսկ օրվանից պետությունը և մասնավորապես առողջապահության համակարգը ձեռնարկում է բոլոր միջոցները՝ հիվանդության տարածումը կանխելու համար: Ներքին գործերի և ֆինանսների նախարարությունների համապատասխան կառույցները արդյունավետորեն իրականացնում են սահմանային հսկողությունը: Դրա արդյունքն այն է, որ մինչ այս պահը հիվանդությունը չի ստանցել տարածման ավելի սուր ձևերը:
Այս հիվանդության և դրա տնտեսական հետևանքների դեմ պայքարում մենք պետք է միավորվենք և այդ միասնությունը որոշում է վաղվա հաղթանակը: Ուզում եմ դիմել լրատվամիջոցներին՝ Ձեր պրոֆեսիոնալիզմից շատ բան է կախված: Ձեր պատասխանատվությունն է մեր քաղաքացիներին տրամադրել բոլոր անհրաժեշտ տեղեկատվությունը, զեկուցել այս գործընթացին վերաբերող բոլոր նորամուծությունների մասին: Հասարակության լիարժեք և ժամանակին իրազեկումը Ձեր պատասխանատվությունն է: Այս գործընթացի պատշաճ կառավարման համար, մի կողմից անհրաժեշտ է թափանցիկություն և քաղաքացիների համակողմանի տեղեկատվություն, իսկ մյուս կողմից`ա նհրաժեշտ է ձեռնպահ մնալ չստուգված տեղեկատվության տարածումից, որը խուճապի հիմնական աղբյուրն է:
Մենք պետք է պատրաստ լինենք իրավիճակի որոշակի սրմանը, ինչպես ցույց է տալիս համաշխարհային փորձը, այնուամենայնիվ, մենք ունենք պաշտպանական մեխանիզմներ: Ես հավատում եմ, որ որքան օրինակելի էր մեր պետության արձագանքը համաճարակի առաջին փուլում, հաջորդ քայլերը նույնպիսին կլինեն: Գլխավորը մեր միասնությունն է, անհատական և հավաքական պատասխանատվությունը: Այս իրականության մեջ մենք չպետք է մոռանանք հումանիտար ճգնաժամի պայմաններում օկուպացված տարածքներում բնակվող մեր քաղաքացիների մասին, որոնք այս մարտահրավերի առջև դարձել են ավելի խոցելի: Եվ վերջում, զգուշություն, այլ ոչ թե վախ», – ասվում է նախագահի հայտարարության մեջ: