Վարչապետի առաջարկով այսօր Սակրեբուլոն, Քաղաքապետարանը, բոլոր ոչ կոմերցիոն կազմակերպությունները, ինչպես նաև մանկապարտեզները և այլ հաստատություններ ժամանակավորապես անցել են աշխատանքային հեռահար ռեժիմի:
Այսօր՝ մարտի 13-ին, կորոնավիրուսի տարածումը կանխելու համար Ախալքալաքի մունիցիպալիտետի բոլոր պետական հիմնարկները անցել են հեռահար աշխատանքային ռեժիմի:
Ըստ քաղաքապետ Յուրիկ Ունանյանի, իրենք արդեն կարգավորել են հեռակա աշխատանքը: Նրա խոսքերով, կան ծառայություններ, որոնք ազատել են բոլոր աշխատողներին, և կան ծառայություններ էլ, որտեղ միշտ ինչ-որ մեկը հերթապահում է:
«Մենք փորձում ենք, որ քաղաքապետարանի աշխատանքն լրիվ չխափանվի, ենթակառուցվածքների, տնտեսության, վերահսկողության բաժիններում և գործավարութան բաժնում միշտ կա հերթապահ, իսկ մնացած աշխատակիցները իրենց համակարգիչները տարել են տուն և այնտեղից են աշխատում, մենք մշտական կապի մեջ ենք միմյանց հետ», – ասաց Յուրիկ Ունանյանը:
Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոն նույնպես անցել է գործավարության հեռահար ռեժիմին, նրանք նունյպես ունեն հերթապահ:
«Սակրեբուլի աշխատանքը չի կանգնեցվել, պարզապես ամեն օր ոչ բոլոր աշխատակիցներն են գալիս աշխատատեղ, մենք աշխատում ենք հեռակա կարգով, մենք հիմա նույնիսկ մտածում ենք բյուրոյի նիստերը և հանձնաժողովի նիստերը առցանց անցկացնելու մասին», – ասում է Սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանը: