Ախալքալաքի մունիցիպալիտետի բոլոր մանկապարտեզներում, ինչպես նաև երեխաների հետ աշխատող այլ մունիցիպալ հաստատություններում արձակուրդները կտևի մինչև ապրիլի 1-ը: Հաստատություններն աշխատում են, արձակուրդները նախատեսված են միայն երեխաների համար:
Երեկ՝ մարտի 11-ին տեղի է ունեցել կորոնավիրուսի առնչությամբ միջգերատեսչական համակարգող խորհրդի հերթական նիստը, որը գլխավորել է Վրաստանի վարչապետը: Հանդիպման շրջանակներում խորհուրդը որոշում է կայացրել, երկրում կորոնավիրուսը տարածելու կանխարգելիչ միջոցառումների շրջանակներում, ամբողջ Վրաստանի ուսումնական հաստատություններում արձակուրդները երկարացնել մինչև ապրիլի 1-ը:
Նաև մինչև ապրիլի 1-ը չեն աշխատի մանկապարտեզները:
Ըստ Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանի Մշակույթի, սպորտի, կրթության և երիտասարդության ծառայության վարչության պետ Վալերի Ստելմաշովի, Ախալքալաքի մունիցիպալիտետում, բացի դպրոցներից և մանկապարտեզներից, արձակուրդները կերկարաձգվեն մինչև ապրիլի 1-ը երեխաների հետ աշխատող բոլոր մունիցիպալ հաստատություններում: Այնուամենայնիվ, հաստատություններն աշխատելու են՝ արձակուրդը նախատեսված է միայն երեխաների համար:
Այսօրվա դրությամբ, Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի վարակման 24 դեպք: Այս մասին տեղեկությունները հասանելի են կառավարության կողմից ստեղծված պաշտոնական կայքում՝ stopcov.ge-ում:
Ինչպես հաղորդվում է վերոնշյալ կայքում, մինչ այս պահը Վրաստանում կարանտինային ռեժիմում է գտնվում 295 մարդ, իսկ 49-ը գտնվում է ստացիոնարում՝ հսկողության տակ: