Ներքին գործերի նախարարությունն այսօր տարածեց տեղեկություն այն մասին, որ երեք անձ է ձերբակալվել Նինոծմինդայի շրջանի 19-ամյա բնակչին առևանգելու մեղադրանքով՝ իր կամքին հակառակ ամուսնացնելու նպատակով: Հարկ է նշել, որ այս փաստը, ինչպես նաև նմանատիպ երկրորդ միջադեպը, տեղի է ունեցել Նինոծմինդայում՝ 2020 թվականի փետրվար ամսին:

Ըստ ՆԳՆ-ի, 29-ամյա Ա.Ա.-ն աղջկան առևանգել է իր երկու հանցակիցներ` 25-ամյա Պ.Ա.-ի և Գ.Ի.-ի հետ: Առևանգիչները նրան բռնի կերպով նստեցրել են մեքենա և տարել դեպի հարևան Ծալկայի մունիցիպալիտետի կողմը:

Հետաքննությունը շարունակվում է «Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ապօրինի ազատազրկում» հոդվածով: Ձերբակալվածներին սպառնում է ազատազրկում՝ 7-ից 10 տարի ժամկետով:

Հարկ է նշել, որ «հարսնացուի առևանգման», իսկ իրավական լեզվով ասած՝ «ապօրինի ազատազրկման» երկու փաստերն էլ արձանագրվել են Նինոծմինդայում՝ 2020 թվականի փետրվարին: Երկու դեպքում էլ գործն ընթանում է Վրաստանի քրեական օրենսգրքի 143-րդ հոդվածի 3-րդ մասի «ա» ենթակետով, ինչը ենթադրում է «Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ապօրինի ազատազրկում»:

Երկու դեպքում էլ առևանգողների դեմ խափանման միջոցը որոշվել է Ախալքալաքի շրջանային դատարանում: Մի դեպքում՝ երկուսը գրավի դիմաց ազատ են արձակվել, իսկ երրորդը՝ նախնական կալանքի տակ է, իսկ երկրորդ դեպքում՝ առևանգման բոլոր երեք մասնակիցներն էլ նախնական կալանքի տակ են: