Ախալքալաք-Նինոծմինդա ճանապարհին արդեն տևական ժամանակ է փոսեր են առաջացել, որոնք անձրևային եղանակների ընթացքում օրեցօր մեծանում են, լցվում անձրևաջրով և վտանգավոր դառնում վարորդների համար։
Jnews-ը բազմիցս անդրադարձել է այս խնդրին, այս մասին լուսաբանելով դեռ փետրվար ամսից: Քանի որ դեռ փետրվարին ճանապարհի ասֆալտապատման աշխատանքներն իրականացրած «Ճանապարհաշինության N1 վարչություն» ընկերության տնօրեն Շոթա Աբուլաձեն ասել էր, որ եղանակների տաքանալուն պես ճանապարհափոսերի վերացման աշխատանքներ կիրականացնեն: Եղանակները տաքացել են, սակայն դեռ աշխատանքներ չեն իրականացվում:
Մինչդեռ ավարտվում է երաշխիքային ժամկետը, որով ընկերությունը պարտավոր է իր միջոցներով վերացնել թերություններն ու անսարքությունները։ Պայմանագրի համաձայն՝ այս ժամկետը գործում է մինչև 2022 թվականի հուլիսը, որից հետո խնդիրը կվերացվի ոչ թե ընկերության, այլ Ճանապարհային վարչության կողմից։
Հետևողական լինելով, այսօր JNEWS-ը նորից սույն հարցով դիմեց ընկերության տնօրենին: Նա մեզ հետ հեռախոսազրույցում ասաց, որ արդեն եկել և տեսել են առաջացած խնդիրները, ճիշտ է, չգիտեն կոնկրետ ե՞րբ, բայց պատրաստվում են սկսել համապատասխան աշխատանքներ։
Հիշեցնենք, որ ճանապարհի ասֆալտամատման աշխատանքներն իրականացվել են 2019-2020 թվականներին: Ընդհանուր առմամբ վերանորոգվել է Ախալցիխե-Նինոծմինդա ճանապարհի՝ 70 կմ-ից մինչև 86 կմ-ն ընկած 16 կիլոմետրանոց ճանապարհահատվածը, այսինքն` Ախալքալաք քաղաքից մինչև Նինոծմինդա քաղաք:
Էլեկտրոնային մրցույթը հայտարարել էր Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային վարչությունը: Մրցույթին մասնակցել է չորս ընկերություն՝ «Արալի», «Բլեքսի գրուփ», «Մամիսոն» և «Ճանապարհաշինության N1 վարչություն»: «Ճանապարհաշինության N1 վարչություն»-ը՝ 14 749 992.92 լարիով հաղթել էր էլեկտրոնային մրցույթը, բայց վերակառուցումն իրականացնում էր ընկերության ենթակապալառու «Ջավախ Ավտո Գզա» ճանապարհաշինարարական ընկերությունը: