Նինոծմինդայի շրջանի Փոկա գյուղից Լիլիթ Կարապետյանը նախնական կրթությունը ստացել է գյուղի հանրային դպրոցում, որն ավարտելուց հետո ընդունվել է Իվանե Ջավախիշվիլիի անվան Թբիլիսիի պետական համալսարանի իրավաբանական բաժին: Այս տարի ավարտել է համալսարանը և ակտիվ ներգրավված է տարբեր ծրագրերում, որոնց միջոցով փորձում է իր շրջանում բարձրացնել քաղաքական ակտիվության մակարդակը, պայքարելով կարծրատիպերի դեմ և տեղեկատվական հանդիպումներ անցկացնելով երիտասարդների համար:
Քանի որ Լիլիթի եղբայրը Վրաստանում էր կրթություն ստանում, ինքը ևս որոշում է տեղափոխվել մայրաքաղաք և կրթությունը շարունակել հենց Վրաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում:
– «Վրացերենն իմ ամենասիրելի առարկաներից էր և լավ էի սովորում, երբ եկա համալսարան բավականաչափ տիրապետում էի պետական լեզվին և խոսակցական մակարդակս ևս բարձր էր, բայց արդեն առաջին կուրսում լեզվական խնդիրները շատացան և դրան գումարած կար նաև ինտեգրման խնդիր, եթե ԹՊՀ-ի երիտասարդական կենտրոնը չլիներ ես երևի մինչև վերջ էլ չկարողանայի ինտեգրվել վրաց հասարակության մեջ»:
JNEWS-ի հետ զրույցում Լիլիթը նշում է, որ մինչև 17 տարեկան ակտիվ չի եղել, իսկ 18-ից արդեն ներգրավվել է համալսարանի երիտասարդական կենտրոնի կողմից կազմակերպված թրեյնինգներին, վերապատրաստվել է որպես թրեյներ և հետո սկսել է տարբեր դպրոցներ գնալ և անցկացրել հանդիպումներ: Հետո արդեն մասնակցելով Կովկասի տան կողմից կազմակերպած ծրագրերից մեկին, որի շրջանակներում ծանոթանում է փորձառու և կայացած մարդկանց հետ, հասկանում է, որ խոսակցական վրացերեն իմանալուց և համալսարանում դաս պատասխանելուց բացի, շատ կոմպլեքսներ կան, որոնք պետք էր հաղթահարել:
Լիլիթն ընկերների հետ հիմնել է ոչ կառավարական կազմակերպություն «Երիտասարդները հանուն ժողովրդավարական փոփոխությունների» և շահելով դրամաշնորհ աշխատել է նախընտրական շրջանում, սակայն դրանով չի սահմանափակվել նրա ակտիվությունը: Մասնակցել է ստաժավորման տարբեր ծրագրերի, առաջին աշխատանքը եղել է USAID-ի բազային կրթության ծրագրում, 6 ամիս աշխատել է այդ ծրագրի թրեյնինգների ասիստենտ:
Հիմա Լիլիթն ուզում է անցնել պրակտիկա, ապա կողմնորոշվելով՝ թե իրավագիտության կոնկրետ ո՞ր ճյուղն է ընտրելու՝ ուսումը կշարունակի մագիստարտուրայում:
Այն հարցին, թե որտեղ է պատրաստվում աշխատել և արդյո՞ք ցանկություն ունի վերադառնալ Ջավախք Լիլիթը պատասխանեց. -«Շատ ուսանողներ սովորելուց հետո պատրաստ են մնալ մայրաքաղաքում և ավելի ցածր աշխատավարձով աշխատել այստեղ քան վերադառնալ հետ, եթե անգամ ավելի լավ աշխատանքի հնարավորություն լինի այնտեղ: Ինձ մոտ ևս այդպիսի մտքեր և հիասթափություններ եղել են, և ամեն անգամ հետ վերադառնալուց էլ այդպիսի դեպքեր լինում են: Մտածում ես, ինչի հետ վերադառնալ, երբ հասարակության մեծ մասը լավը չի գնահատում, մտածում են շահիդ համար ես ինչ-որ բան անում, բայց ես նպատակադրված եմ հենց Ջավախքում աշխատել և իմ չափով փոխել ամեն ինչ, ես հենց այնտեղ եմ պետք որպես իրավապաշտպան: Օրինակ. երբ նայում ենք Վրաստանի վիճակագրությանը, տեսնում ենք, որ ամենաապահով տեղը Սամցխե-Ջավախքն է, որտեղ՝ և բռնության, և թե բաժանության դեպքերը քիչ են, բայց միայն տեղում՝ իրավիճակին ծանոթ լինելով ես հասկանում, որ գրեթե ամեն երրորդ ընտանիքում բռնության դեպքեր կան, բայց մարդիկ չգիտեն ուր դիմել, ինչպես դիմել, և արդյո՞ք դիմել, թե՝ ոչ»:
Լիլիթի խոսքով, Ջավախքում կանանց իրավունքների և ընտանեկան բռնությունների դեմ աշխատանք պետք է տարվի, որի համար պետք է իրավիճակին լավ ծանոթ, վրացերեն ու հայերեն լեզուներին տիրապետող իրավապաշտպան լինի, ով իր ամբողջ ներուժը կդնի այդ գործում և պատրաստակամ կլինի օգնել մարդկանց:
Այս պահին ևս նա մասնակցում է տարբեր ծրագրերի իրագործմանը: «Հավասարության համար կոալիցիայի» տրամադրած դրամաշնորհի միջոցով Լիլիթը Ախալքալաքի և Նինոծմինդայի մի շարք գյուղերում թրեյնինգներ է անցկացրել՝ մեդիագրագիտության, բուլինգի, ընտանեկան բռնության, կանանց իրավունքների, գենդերային հարցերում կարծրատիպերի, ֆեմինիզմի և այլ ակտուալ թեմաներով: Ծրագրի շրջանակներում հանդիպումներ է ունեցել է 11 գյուղում շուրջ 130 երեխայի հետ է աշխատում:
Պատրաստվում են մասնակցելու էսսեների և տեսանյութերի համար հայտարարված մրցույթների, նրանցից շատերը Սաֆարիի օգնությամբ ստեղծած «Գանձ» պլատֆորմայի անդամ են, որի ստեղծման մեջ ևս Լիլիթն իր ներդրումն ունի և կարծում է, որ ակտիվ աղջիկների կկարողանա ոչ կառավարական կազմակերպություն հիմնել:
«Ուզում եմ խորհուրդ տալ բոլոր ծնողներին, ուսուցիչներին և դպրոցի տնօրեններին՝ երբեք չկոտրեք երեխաների ինքնավստահությունը, նրանց չասեք, որ երբևէ ոչ մի բանի չեն հասնի, այլ հակառակը անհրաժեշտ է օգնել նրանց և քաջալերել»: