Դիլիֆ գյուղում հիմնականում կան անհրաժեշտ կենսապայմաններ՝ գազ, ջուր, լուսավորություն, ինչպես նաև մանկապարտեզ և դպրոց և մի շարք այլ աշխատատեղեր: Սակայն գյուղացիները դժգոհում են, որ ամեն ինչ թանկանում է, իսկ իրենց աշխատանքի վարձատրությունը, այսինքն՝ գյուղմթերքների գները մնում են ցածր:
Նինոծմինդայի մունիցիպալիտետի Դիլիֆ գյուղը համարվում է ամենամեծ գյուղերից մեկը, այստեղ ապրում է մոտ 300 ընտանիք: Գյուղում հիմնականում զբաղվում են անասնապահությամբ, քանի որ այստեղ կան շատ արոտավայրեր, իսկ վարելահողերը համեմատաբար քիչ են: Բնակիչները շատ անասուն են պահում, կան ընտանիքներ, որոնք ունեն 15 կով:
Գյուղում կա չորս ձեռնարկություն, որոնք պանիր են պատրաստում: Նրանք կաթը գնում են գյուղացիներից, ինչպես նաև աշխատանքով ապահովում են շուրջ 12 մարդու: Աշխատողներն իրենք են գնում տնետուն և կաթը հավաքում: Ձեռնարկությունները կաթը բնակիչներից գնում են 80 թեթրիով՝ անկախ տարվա եղանակից:
«Մենք ամսվա վերջին հաշվում ենք և փողը վերցնում: Եթե մեզ փող է պետք, նա պարտքով տալիս է, հետո մենք փակվում ենք կաթով: Եթե մենք կարողանայինք կաթը վերամշակել, ավելի ձեռնտու կլիներ, բայց սա էլ է լավ, որ կաթի գնորդ կա: Մեր կաթը տալիս ենք, իսկ մենք խանութի կարագ ենք գնում կամ կաթը որոշ ժամանակ չենք հանձնում և տան համար կաթնամթերք ենք պատրաստում », – ասում է գյուղի բնակիչ Քնարիկ Կիրակոսյանը:
Այս գյուղում շատերը գտնում են, որ ավելի լավ է կաթը հանձնել և իմանալ, որ կայուն եկամուտ կա, քան վերամշակել, այնուհետև մտածել իրացման մասին:
«Ավելի լավ է կաթը վաճառել ուրիշներին, քան տանջվել, ինձ դա ձեռնտու է», – ասում է Կալիպսե Ենգիբարյանը:
Դիլիֆ գյուղում կա ջուր, անցկացված է բնական գազ, կա մանկապարտեզ, գյուղը լուսավորված է փողոցային լուսամփոփներով: Բացի կաթնամթերային ձեռնարկություններից, որտեղ աշխատում է 12-ական մարդ, գյուղում կա նաև շինարարական բլոկերի արտադրամաս, որն աշխատանքով ապահովում է ևս չորս հոգու: Գյուղն ունի նաև հացի փուռ: Գյուղական ճանապարհն ասֆալտապատման պրոցեսում է:
Դիլիֆ գյուղում տարածված է բարտերային (փոխանակում) առևտուրը, սակայն բնակիչները դժգոհ են այլ ապրանքների քանակից, որ տալիս են իրենց բանջարեղենի հետ փոխանակման դիմաց:
Իրինա Կիրակոսյանն ասում է, որ ամեն ինչ թանկացել է, բացի կարտոֆիլից, գազարից, պանրից և այլ գյուղմթերքներից, որոնք նա վաճառում է: Նա բանկում վարկ ունի, ամեն ամիս բանկին վճարում է 1000 լարի:
«1 կգ կարտոֆիլի դիմաց նրանք տալիս են 1 կգ արքայանարինջ: Մեկ կիլոգրամ կարտոֆիլով ամբողջ ընտանիքը կշտանում է: 1 կգ արքայանարինջն էլ 4 հատ է: Ոչ համարժեք փոխանակում է: Պետությունը գոնե մի փոքր հոգ տանի մարդկանց մասին և այնպես անի, որ բոլորի համար լավ և շահավետ լինի », – ասում է Իրինա Կիրակոսյանը:
Ոսկան Մխիթարյանը 20 տարի է չի գնում արտագնա աշխատանքի և կարծում է, որ եթե գյուղում աշխատես, կարող ես ապրել միջին կենսապահովման մակարդակից բարձր:
«Ես անասնապահությամբ եմ զբաղվում և ապրում եմ նորմալ: Նրանք, ովքեր ցանկանում են աշխատել, միշտ էլ աշխատանք կգտնեն: Գյուղում սկսել են ավելի շատ շինարարություն կատարել, այնտեղ աշխատում են գյուղացիները: Միայն մեր արտադրանքը նորմալ գին ունենար… Գյուղում ամեն ինչ ունենք, բայց խնդիրն այն է, որ մեր ապրանքներն ավելի էժան են, միսը, պանիրը, կարտոֆիլը ոչ մի կերպ չեն թանկանում, կես լիտր «նաբեղլավին» արժե 1 լարի, իսկ 1 լիտր կաթը՝ 80 թեթրի: Մենք ալյուրը փոխանակում ենք կարտոֆիլով, և հանկարծ ասում են՝ կարտոֆիլ պետք է ավելացնել, ալյուրը թանկացել է, իսկ ինչ է մեր կարտոֆիլը չի կարող թանկանալ: Ձմռանը յուրաքանչյուր կով 500 լարիի խոտ է ուտում », – ասում է Ոսկան Մխիթարյանը:
Շուշան Շիրինյան