Այսօր, մարտի 4-ին Վրաստանի օրենսդիր մարմնում կլսեն երկրի նախագահին: Սալոմե Զուրաբիշվիլին երկրի իրավիճակի կարևորագույն հարցերի շուրջ խորհրդարանի առջև հանդես կգա ամենամյա զեկույցով:
Նախագահի պաշտոնում Սալոմե Զուրաբիշվիլին խորհրդարանին է ներկայացրելու երկրորդ տարեկան զեկույցը: Նախագահի զեկույցի ներկայացումը նախատեսված է Վրաստանի սահմանադրությամբ և խորհրդարանի կանոնակարգով:
Խորհրդարանի կանոնակարգի համաձայն, գարնանային նստաշրջանի շրջանակներում, նախագահի ամենամյա զեկույցով ելույթը, որպես կանոն տեղի է ունենում լիագումար նիստերի առաջին օրերին:
Ինչ վերաբերում է նախագահի լսման ձևաչափին, ապա ելույթից հետո խոսքով հանդես կգան այն խմբակցությունների նախագահները, որոնք միավորված չեն մեծամասնության կամ փոքրամասնության կազմում, ինչպես նաև փոքրամասնության և մեծամասնության առաջնորդները:
Կանոնակարգով սահմանվում է, որ խմբակցության նախագահի ելույթի տևողությունը չպետք է գերազանցի 10 րոպեն, իսկ փոքրամասնության կամ մեծամասնության առաջնորդի ելույթը` 15 րոպեն: Այս ելույթներից հետո Վրաստանի նախագահն իրավունք ունի հանդես գալ ամփոփիչ խոսքով:
Խորհրդարանի լիագումար նիստը կսկսվի 14:00-ին:
Խորհրդարանի խոսնակ Արչիլ Թալակվաձեի հայտարարությամբ, նախագահի զեկույցը շատ հետաքրքիր կլինի: Նրա խոսքով նախագահի ամենամյա զեկույցը երկրի քաղաքական կյանքում կարևորագույն իրադարձություն է: