Վրաստանը և ավելի քան 55 այլ երկրներ ստորագրել են հռչակագիր, որն ուղղված է ինտերնետի ազատությանը, բացությանը, հուսալիությանը և անվտանգությանը: Այս մասին հայտնում է Վրաստանի Էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունը։

ԱՄՆ-ի նախաձեռնությամբ ընդունվել է «Հռչակագիր ինտերնետի ապագայի մասին»։ Բացի Վրաստանից, դրան միացել են նաև ԵՄ բոլոր անդամները՝ Ավստրալիան, Մեծ Բրիտանիան, Իսրայելը, Կանադան, Սերբիան, Ուկրաինան, Ճապոնիան, ինչպես նաև Եվրահանձնաժողովը և Թայվանը։ Փաստաթուղթը բաց է մնում ստորագրման համար։

Հռչակագրի հիմնական սկզբունքներն են՝ մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանություն, տեղեկատվության ազատ հոսքով գլոբալ ինտերնետի խթանում, ներառական և մատչելի հաղորդակցությունների զարգացում, գլոբալ թվային էկոհամակարգի նկատմամբ վստահության խթանում, ներառյալ գաղտնիության պաշտպանությունը և կիբերհանցագործության դեմ պայքարը, բազմակողմանի մոտեցմամբ ինտերնետի կառավարման ամրապնդումը։ Ստորագրողները պարտավորվել են աշխատել քաղաքացիական հասարակության և այլ շահագրգիռ կողմերի հետ՝ դրանք իրականացնելու համար:

«Հռչակագրի նպատակն է աջակցել ժողովրդավարական համակարգերին և նպաստել յուրաքանչյուր քաղաքացու ակտիվ մասնակցությանը ժողովրդավարական գործընթացներին, ապահովել անհատների գաղտնիությունը, պահպանել անվտանգ և հուսալի հարաբերությունները, պաշտպանել մարդու իրավունքները և հարգանքը առցանց/թվային էկոհամակարգում, ապահովել ազատ և մրցունակ համաշխարհային տնտեսությունը և այլն»,- հայտնում են էկոնոմիկայի նախարարությունից։