Այսօր՝ մարտի 2-ին, Ախալքալաքի շրջանային դատարանում դատավճիռ է կայացվել՝ 2018 թվականի հոկտեմբերի 30-ին Ախալքալաքում Մկոյանի ընտանիքի անդամների և նրա կողմնակիցների կողմից ընդդիմության ներկայացուցիչների ծեծկռտուքի սկանդալային գործով: Դատավարությունը տևել է մոտ 2 տարի 3 ամիս: Գործում ներգրավված յուրաքանչյուր անձին Ախալքալաքի շրջանային դատարանը 3000-ական լարի տուգանք է նշանակել, յուրաքանչյուր անձի համար դատաքննության սկզբում վճարված 3000 լարի գրավը կվերադարձվի նրանց:
Ծեծկռտուքի գործով մեկ մասնակցին՝ Անդրանիկ Ղարսլյանին նախապես մեղադրանք էր առաջադրվել երկու հոդվածի հիման վրա՝ 120-րդ (դիտավորյալ առողջությանը թեթև վնաս պատճառել) և 118-րդ հոդվածի առաջին մասով (դիտավորյալ ավելի քիչ ծանր մարմնական վնաս պատճառել): Ծեծկռտուքի մնացած մասնակիցներին, այդ թվում՝ գործարար, խորհրդարանի պատգամավոր Հենզել Մկոյանի եղբայրը՝ Մարտուն Մկոյանին, Հենզել Մկոյանի որդին՝ Կարապետ Մկոյանին, եղբորորդին՝ Էդուարդ Մկոյանին և ևս մեկ մասնակցի՝ Արարատ Համբարյանին, մեղադրանք էր առաջադրվել Վրաստանի քրեական օրենսգրքի 120-րդ հոդվածի հատկանիշներով (առողջությանը թեթև վնաս պատճառել):
Այսօրվա դատավարության ժամանակ Անդրանիկ Ղարսլանը հրաժարվեց իրեն մեղավոր ճանաչել Վրաստանի ՔՕ 118-րդ հոդվածի առաջին մասով, այնուամենայնիվ, նա համաձայնեց մեղադրող կողմի հետ՝ կապված Վրաստանի ՔՕ 120-րդ հոդվածի համաձայն առաջադրված մեղադրանքի: Գործի մնացած մասնակիցները համաձայնեցին մեղադրող կողմի հետ և ճանաչեցին իրենց մեղքը:
Դատարանը մասամբ մեղավոր ճանաչեց Անդրանիկ Ղարսլյանին և հանեց 118-րդ հոդվածի հատկանիշներով առաջադրված մեղադրանքը, այնուամենայնիվ, Վրաստանի ՔՕ 120-րդ հոդվածի համաձայն նրան մեղավոր ճանաչեցին և նա պետք է վճարի 3000 լարի տուգանք, նրան կվերադարձվի 3000 լարիի չափով գրավը, որը նա մուծել էր դեռևս 2018 թվականի նոյեմբերին՝ որպես խափանման միջոց: Զանգվածային ծեծկռտուքի գործում ներգրավված այլ անձինք նույնպես տուգանվել են դատարանի կողմից 3000-ական լարիով, նրանց նույնպես կվերադարձվի գրավի գումարը (3000-ական լարի):
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 30-ին, Ախալքալաքում միասնական ընդդիմության «Ուժը միասնության մեջ է»-ի շտաբի մոտ, ծեծկռտուք էր տեղի ունեցել՝ պատգամավոր Հենզել Մկոյանի հարազատների և աջակիցների և շտաբի ակտիվիստների միջև: Արդյունքում հոսպիտալացվել էր 4 ակտիվիստ: