Այս տարի Ախալքալաքի Խաս Բախչա կենտրոնական զբոսայգին կբարեկարգվի: Դրա համար Ախալքալաքի մունիցիպալիտետի բյուջեից հատկացվել է 315 340 լարի:
Վերականգնման ծրագրի համաձայն՝ Խաս Բախչա զբոսայգում կվերանորոգվեն արահետները, սովորական ասֆալտի փոխարեն կլինի սալահատակ, կվերանորոգվի նաև շատրվանը: Այգում կտեղադրվեն բացօթյա վարժասարքեր և կլինի նոր լուսավորություն, ինչպես նաև տարբեր այլ բաներ՝ այգին էլ ավելի գրավիչ դարձնելու համար:
Ախալքալաքի քաղաքապետ Յուրիկ Ունանյանի խոսքով, վերականգնման նախագիծն արդեն պատրաստ է: Շուտով էլեկտրոնային մրցույթ կհայտարարվի: Բայց, թե կոնկրետ ե՞րբ՝ դեռ անհայտ է:
Հիշեցնենք, որ վերջին անգամ Խաս Բախչա քաղաքային զբոսայգին վերանորոգվել էր 2015 թվականին: Այդ ժամանակ տեղական բյուջեից 115 000 լարի էր հատկացվել: Ախալքալաքի Խաս Բախչա զբոսայգին 140 տարեկան է, այն հիմնել է Ստեփանոս Անանիկյանը: