Ախալքալաքի շրջանի Ափնիա գյուղում չկա գազ, չկա նորմալ ճանապարհ, չկա մանկապարտեզ, բնակիչները նույնիսկ հացահատիկ և կարտոֆիլ աճեցնելու համար բավարար հող չունեն: Այստեղ հիմնականում կանայք են մեկնում Թուրքիա արտագնա աշխատանքնի:
Ափնիա գյուղում ապրում է 15-20 ընտանիք, հիմնականում՝ Աջարիայից էկո-միգրանտները, ովքեր այստեղ են տեղափոխվել 1989 թ.-ին։ Ըստ գյուղացիների, գյուղում միայն 3 ընտանիք է բնիկ:
Գյուղացիները բողոքում են, որ գյուղում բնակիչներ գրեթե չեն մնացել, կան շատ ավելի փակված և լքված տներ, քան՝ բնակելի: Մարդիկ հեռանում են ավելի լավ կյանքի որոնումներով: Այստեղ հիմնականում զբաղվում են գյուղատնտեսությամբ և անասնապահությամբ: Ցանում են կարտոֆիլ և հացահատիկ:
Ափնիա գյուղի բնակիչները, ի տարբերություն մունիցիպալիտետի շատ այլ գյուղերի բնակիչների, սեզոնային աշխատանքների համար չեն մեկնում Ռուսաստան: Ոմանք գնում են Թուրքիա գումար վաստակելու և այնտեղ տարբեր աշխատանք կատարում, հիմնականում թեյ են հավաքում: Հիմնականում կանայք են գնում արտագնա աշխատանքի, ինչն անընդունելի է շրջանի շատ այլ գյուղերում:
«Ամեն տարի մենք գնում ենք Թուրքիա թեյ հավաքելու, աշխատավարձը կախված է հավաքված թեյի քանակից», – ասում է գյուղի բնակիչ Նանա Քոչալիձեն:
Ափնիա գյուղում շրջելուց հետո մենք հանդիպեցինք քիչ մարդու՝ 4 հոգի, որոնցից 3-ը նույն ազգանունն էին կրում՝ Քոչալիձե:
Գյուղի բնակիչ Նաթելա Քոչալիձեի խոսքով՝ բոլորը լքում են գյուղը, երիտասարդները գերադասում են ապրել քաղաքներում, քանի որ այստեղ համապատասխան պայմաններ չկան:
«Վերջին ժամանակներս ավելի հաճախ են լքում գյուղը՝ մեկնելով դեպի Վրաստանի այլ քաղաքներ, հատկապես Բաթումի», – ասում է նա:
Գյուղացիների խոսքով՝ երկու տարի առաջ գյուղում նոր դպրոց է կառուցվել, բայց աշակերտները քիչ են: Միայն չորս աշակերտ է սովորում դպրոցում:
Ըստ գյուղացիների, բոլորին անհանգստացնող խնդիրը, դա իրենց տների և հողերի սեփականաշնորհման հարցն է, որը չեն կարողանում անել:
«Իշխանությունները մեզ վրա ուշադրություն չեն դարձնում, մենք նրանց պետք ենք միայն ընտրությունների ժամանակ», – ասում է գյուղի մեկ այլ բնակիչ:
Ըստ գյուղացիների, եթե իրենք ունենային իրենց հողերն ու արոտավայրերը, գոնե հնարավոր կլիներ ինչ-որ կերպ ապրել գյուղում:
«Մեզ համար ամենակարևոր խնդիրը հողերն է, մենք դեռ կարող ենք աչք փակել մնացածի վրա», – ասում է Նաթելա Քոչալիձեն:
Ինչու Ափնիայում չեն կարողանում սեփականաշնորհել հողատարածքներն ու տները և ինչ են տեղական իշխանությունները պատրաստվում անել այս գյուղը զարգացնելու համար, կարդացեք մեր հաջորդ նյութերում:
Բրատիսլավ Իգիթխանյան