Ախալքալաքի շրջանի Ագանա գյուղից 9-ամյա աղջնակն առողջական խնդիրներ ունի, ինչի պատճառով կարևոր է, որ նա լողով զբաղվի։ Մայրը շաբաթական երկու անգամ, առավոտյան ժամը 9:00-ին երեխային Ագանայից քաղաքի լողավազան է տանում, որը բացվում է կեսօրին, երբ հասարակական տրանսպորտը գյուղ է վերադառնում: Ամեն անգամ նա ստիպված է լինում 35 լարի վճարել տաքսու համար, որպեսզի լողից հետո գյուղ հասնեն: Ախալքալաքի շրջանում կարծես հարմարվել են գյուղից քաղաք տեղափոխվելու անհարմարությանը, սակայն երիտասարդներն ահազանգում են՝ շրջանում հանրային տրանսպորտի անհրաժեշտություն կա:
Ախալքալաքի շրջանի գյուղերի 58%-ում երթուղային չի երթևեկում, ինչը նշանակում է, որ մոտ 11 000 բնակիչ համեմատաբար մատչելի գնով քաղաք հասնելու հնարավորություն չունի: 42%-ի դեպքում էլ երթուղայինը գյուղից քաղաք է գնում առավոտյան ժամը 9:00-ին և վերադառնում 13:30-ին: Ճիշտ է, գյուղաբնակ ընտանիքների մեծ մասը սեփական փոխադրամիջոցն ունի, բայց այստեղ չպետք է մոռանալ, որ վարորդների մեծամասնությունը տարվա 8-9 ամիսը գտնվում է արտասահմանում արտագնա աշխատանքների նպատակով:
Ախալքալաքի ավտոկայանը փետրվարի 9-ին, ժամը 13:25-ին
Հիմնականում գյուղերի բնակիչները քաղաք են գնում բժշկական օգնություն ստանալու, առևտրի, դեղեր գնելու, պետական ու բանկային ծառայություններից օգտվելու, ինչպես նաև արտադպրոցական կրթական և սպորտային հաստատություններ հաճախելու նպատակով: Ընդգծենք, եթե դեղամիջոց գնելու համար «մի բան անում են, որ հասնեն քաղաք», ապա կրթական և սպորտային խմբակներ պարզապես չեն հաճախում, որի պատճառը հասանելի փոխադրամիջոցի բացակայությունն է:
Մոդեգամ գյուղն Ախալքալաք քաղաքից գտնվում է 26կմ հեռավորության վրա: Վերջին 20 տարիների ընթացքում այս գյուղի բնակչությունը երկու անգամ կրճատվել է: Այսօր գյուղում ապրում է ընդամենը 32 ընտանիք: Գյուղից հեռացածներից է Էդվարդ Փամբուխչյանն իր ընտանիքով: Արդեն 10 տարի է նա Ախալքալաքում է բնակվում: Գյուղը թողնելու դրդապատճառները բազմաթիվ են եղել, սակայն գլխավոր պատճառը հանդիսացել է այն, որ երեխաները հնարավորություն չեն ունեցել տարբեր կրթա-մշակութային կենտրոններ հաճախելու։
Մոդեգամ գյուղը
«Գյուղում հանրային տրանսպորտի բացակայությունը, բնական գազ չունենալը, ճանապարհների անբարեկարգ վիճակը մեզ «ստիպեց» լքել գյուղը, խնդիրները շատ էին», – ասում է Էդվարդը:
Հիմա գոհ է, որ քաղաքում է ապրում, նրա երեխաները հաճախում են սպորտի, պարի և կրթական այլ կենտրոններ: Ասում է՝ եթե գյուղում մնային, ապա իր երեխաները զրկված կլինեին այդ ամենից:
Ախալքալաքի շրջանի միայն 27 գյուղով է հանրային տրանսպորտ երթևեկում, որը մասնավորի սեփականությունն է, և չի հսկվում ոչ մի մարմնի կողմից: Մնացած 37 գյուղերից քաղաք են հասնում տարբեր միջոցներով: Գյուղեր երթևեկող ընդամենը 10 երթուղի է գործում, հանրային մի տրանսպորտը սպասարկում է չորսից հինգ գյուղի:
Ախալքալաքի ավտոկայանը հաճախ կարելի է տեսնել դատարկ, բանն այն է, որ հանրային տրանսպորտն աշխատում է ոչ կանոնավոր կերպով: Երթևեկության ժամերն այնպես է սահմանված, որ ուղևորները հասցնեն Թբիլիսի կամ Ախալցիխե շարժվող տրանսպորտին:
Օրջան «երջանիկ» գյուղերից է, որտեղ երթուղային է աշխատում: Մարինա Մինասյանը Օրջայից արդեն 3-րդ կուրսի ուսանողուհի է, սովորում է Սամցխե-Ջավախեթիի պետական համալսարանի Ախալքալաքի մասնաճյուղում: Քանի որ գյուղից հանրային տրանսպորտով դասի գալ և հետո գյուղ վերադառնալ չի կարողանում, ստիպված տուն է վարձակալել և ապրում է քաղաքում։
«Հենց այդ դժվարության պատճառով էլ տուն ենք վարձել, ես և իմ երկու ընկերուհիները՝ Ալաթուման գյուղից։ Դասերս ավարտվում են ժամը 15։00-ից 16։00-ն, չեմ հասնցում տրանսպորտին»:
Մարինան և իր ընկերուհիները 300 լարի տան վարձավճար են տալիս, ինչպես նաև վճարում են կոմունալ ծախսերի համար, ամսական նվազագույնը 200 լարի։
Օրջայից Ախալքալաք հասնելու ուղեվճարը մեկ անձի համար կազմում է 3 լարի: Մարինան ասում է, եթե երթուղային լիներ, ապա հաստատ տուն չէին վարձի և գյուղ կգնային:
Մի կողմից բնակիչները ցանկանում են, որ երթուղայիններն ավելի հաճախ երթևեկեն, մյուս կողմից վարորդներն բողոքում են, որ դա ձեռնտու չէ:
«Հիմա ուղևոր չկա, 8 գյուղով եմ գալիս, երկու-երեք հոգով: Հիմա շատերն իրենց մեքենաներով են հասնում քաղաք, գործը մեռած է», – ասում է Բեժանո և հարակից գյուղերով քաղաք եկող հանրային տրանսպորտի վարորդը։
Ձմռանն ուղևորները նվազում են, քանի որ տղամարդիկ վեադառնում են արտագնա աշխատանքից և սեփական սեփական մեքենաներով են քաղաք հասնում: Բայց ամռանը սեփական մեքենաները մնում են առանց վարորդների:
Վրաստանում հանրային տրանսպորտը կենտրոնացված կառավարում չունի: Վարորդը սեփական հայեցողությամբ կարող է մի օր աշխատել, երկու օր չաշխատել: Ավտոկայանը մի վայր է, որտեղ յուրաքանչյուր վարորդ կարող է տարածք ուզել և կանգնել իր ավտոմեքենայով և գիծ բացել։ Ավտոկայան կարող է բացել յուրաքանչյուր ցանկացող, եթե ունի համապատասխան տարածք։ Տրանսպորտի նախարարությունը չի վերահսկում շրջանների երթուղայինների աշխատանքը:
Վրաստանի «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքի 5-րդ հոդվածի համաձայն՝ ավտոմոբիլային տրանսպորտի ոլորտում անհատ ձեռներեցը կամ իրավաբանական անձը գործունեության այդ իրավունքը հաստատող փաստաթղթի հիման վրա կարող է սկսել աշախատել, եթե ունի թույլտվություն:
«Աղքատի պավարոտ» կոչված խաչմերուկն է, այստեղ մարդիկ կանգնում ու սպասում են, որ իրենց կամ հարևան գյուղերից մեքենա անցնի և իրենց էլ տանի
2022 թվականին «Ախալքալաքի տեղական զարգացման խումբը» (LAG) հետազոտություն է անցկացրել շրջանի գյուղերում տեղաշարժվելու հնարավորությունների վերաբերյալ: Ըստ որի՝ ճիշտ է գյուղերում ընտանիքների կեսից ավելին ունեն սեփական փոխադրամիջոց, սակայն առավելությունը տալիս են հանրային տրանսպորտին, քանի որ վառելանյութը թանկ է: LAG-ը հետազոտությունն անցկացրել է շրջանի 6 գյուղում:
«Բնակչության թիրախային խմբերը նվազագույնը շաբաթը մեկ անգամ գոնե ստիպված է լինում քաղաք գնալ: Սակայն այդ գյուղերում հանրային տրանսպորտի հարցը կրիտիկական է: Հաճախ բնակիչները ոտքով երկար ճանապարհ են անցնում, որպեսզի օգտվեն տրանսպորտից», – գրված է հետազոտության եզրափակման մեջ:
Ինչպես նաև հետազոտության մեջ նշվում է, որ գյուղերում հանրային տրանսպորտի բացակայության պատճառով երեխաները չեն օգտվում քաղաքում գործող կրթական և սպորտային հաստատությունների, ինչպես նաև անհատական պարապմունքների հնարավորություններից:
Ախալքալաքի քաղաքապետարանում հանրային տրանսպորտի երթևեկությունը կանոնակարգելու ուղղությամբ կոնկրետ քայլեր դեռ չեն ձեռնարկվում:
«Որևէ նախագիծ հանրային տրանսպորտի վերաբերյալ չունենք, քանի որ չունենք նաև նմանատիպ պետական ծրագիր։ Մենք չենք կարող ոչ մի կերպ այն կանոնակարգել», – ասում է Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապես Մելքոն Մակարյանը:
Այսօր շրջանների գյուղերը հասարակական տրանսպորտով ապահովելու հարցը ոչ կենտրոնական, ոչ էլ տեղական իշխանությունների հետաքրքրության տիրույթում չէ: Ինչպես երևում է՝ հանրային տրանսպորտի բացակայություն պատճառով հեռավոր գյուղերի երիտասարդները զրկված են այն հնարավորություններից, որոնք հասանելի են քաղաքում կամ մոտակա գյուղում բնակվող երիտասարդներին: