Բարձրագույն կրթություն ստանալու համար Ջավախքի դիմորդները ինչո՞ւ են նախընտրում Հայաստանի և ինչո՞ւ Վրաստանի բուհերը: Եվ արդյո՞ք վերադառնալու են Ջավախք աշխատելու նպատակով:

Արամ Ջավահիրջյանը Վրաստանի Ջավախիշվիլիի անվան պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող է: Արամն ի սկզբանե որոշել էր՝ բարձրագույն կրթություն ստանալ Թբիլիսիում: Գիտեր, որ դժվար է լինելու, միևնույն է նախընտրել է մնալ Վրաստանում:

«Վրաստանում սովորելու ամենագլխավոր պատճառը՝ դա Վրաստանի լիարժեք քաղաքացի լինելու համար պետք էր գիտենալ վրացերեն: Հեշտ չէր, որովհետև հայոց դպրոց եմ սովորել: Միայն հայերի հետ եմ առնչություն ունեցել, վրացերենի հետ շփում չի եղել: Քրտնաջան աշխատասիրության արդյունքում կամաց-կամաց հեշտացավ», – ասաց Արամ Ջավահիրջյանը:

Շուշանիկ Վանցյանն ի տարբերություն Արամի նախընտրել է ուսումը շարունակել Հայաստանում: Նա Պետական համալսարանի ռուս բանասիրական ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող է: Ընտրել է Երևանը, որովհետև հեշտ է լեզվական առումով՝ շփվելու խնդիր չկա: 6 ամիս հավելյալ պարապունքների է հաճախել ընդունելության քննությունները հանձնելու համար:

«Ճիշտ է, ծանոթ մարդիկ կան, բայց լեզուն չգիտես, հասարակ բաներ խոսքի, տրանսպորտի հարց է, խանութ է, ամեն տեղ շփում է պետք, հո չե՞ս կարող ամեն տեղ ռուսերենով խոսել: Երևանում շրջապատը մեծ է, ավելի հեշտ է: Համ էլ Թիֆլիսում մոտիկ բարեկամներ չունենք, գնայի մոլորվելու էի», – ասաց Շուշանիկ Վանցյանը:

Միաժամանակ ավելացնելով. «Հայաստան ընդունվելու միտքը միշտ էլ եղել է, փոքրուց որոշված էր՝ ես Երևանում եմ սովորելու: Մի պահ եղավ, որ դպրոցներից սկսեցին շատ գնալ Թբիլիսի, ես էլ ուզեցի, նույնիսկ տանը քննարկեցինք, բայց վրացերենս շատ թույլ էր: Դպրոցում ֆիզկուլտի նման էինք անցել վրացերեն, վերջին մի քանի տարում խստացրին: Երկու տարվա մեջ ինչքա՞ն ես սովորելու», – պատմեց երրորդ կուրսի ուսանողուհի Շուշանիկ Վանցյանը:

Արամը մասնագիտությամբ իրավաբան է: Ցանկություն ունի վերադառնալու Ջավախքում աշխատելու, սակայն դեռ հստակ չի որոշել:

«Դեռ չեմ որոշել հետ կգամ Ախալքալաք, թե կմնամ Թբիլիսիում, բայց անպայման աշխատելու եմ, ցանկությունս շատ է Ախալքալաքում աշխատելու, որովհետև հենց վրացերեն իմացողների մեծ պահանջ կա»,- ասաց Վրաստանի Ջավախիշվիլիի անվան համալասարանի ուսանող Արամ Ջավահիրջյանը:

Շուշանիկ Վանցյանը շատ է սիրում իր մասնագիտութունը և վստահ է, որ ճիշտ ընտրութուն է կատարել:

«Մասնագիտության ընտրության հարցում չեմ սխալվել, շատ է դուրս գալիս, եթե սկզբում կասկածներ ունեի, հիմի վստահ եմ: Ես մշտական բնակիչ չեմ, բայց Հայաստանն անարդար երկիր է, մենակ ուսման պահով, համալսարանում էնքան անարդարություն եմ տեսել, որ հաստատ չեմ ուզում մնալ: Որոշել եմ վերադառնալ Ջավախք, չնայած միանշանակ չեմ կարող ասել, որովհետև չգիտեմ ի՞նչ կարող է լինել երկու տարվա ընթացքում»,- ասաց Շուշանիկ Վանցյանը:

Նշենք, որ Վրաստանը արդեն 6-րդ տարին է ազգային փոքրամասնությունների դիմորդների համար հատուկ կրթական ծրագիր է իրականացնում, ըստ որի ջավախցի ուսանողները ընդունվում են վրացական բուհեր միայն մեկ քննություն հանձնելով մայրենի լեզվով: Ջավախքից տարեց տարի ավելանում է Վրաստանում բարձրագույն կրթություն ստացողների թիվը:

Աղունիկ Այվազյան