Վրաստանի համալսարանները մարտի 15-ից կարող են վերսկսել ուսումը լսարաններում, այնուամենայնիվ, շատ համալսարաններ ընտրում են կամ ուսուցման խառը մեթոդը, կամ էլ նախընտրում են առցանց դասախոսություններ:

Ամալյա Բաբայանը Թբիլիսիի պետական ​​համալսարանի մագիստրատուրայի երկրորդ կուրսի ուսանողուհի է: Անցյալ տարվանից նա անցել է առցանց ուսուցման: Չնայած այն հանգամանքին, որ Ամալյան նախընտրում է դասախոսություններ լսարանում, նրա կուրսը կշարունակի ուսումն առցանց տարբերակով: Այս դեպքում շենքային պայմաններում դասախոսությունների անցկացմանը խոչընդոտում է այսպես կոչված պարետային ժամը։

«Երբ պարզ դարձավ հրամանագրի մասին, ըստ որի համալսարանները լսարաններում դասախոսություններին կվերադառնան մարտի 15-ից, ես գրեցի վարչակազմին և պարզեցի, թե ինչպես ենք սովորելու մենք: Նրանք պատասխանեցին, որ շուտով հանդիպում կլինի, և կորոշեն: Եվ հետո ինձ գրեցին, որ գարնանային կիսամյակը կլինի առցանց: Հետո կրկին գրեցի,թե որտեղ կարող եմ դիմել խմբային հայտով` մեզ առկա ուսման հնարավորություն ընձեռելու խնդրանքով: Պրոֆեսորն ասաց. ֊ Ինչպե՞ս եք պատկերացնում առկա ուսումը, եթե ձեր դասերը սկսվում են 7-ից, իսկ պարետային ժամը 9-ից։ Համակուրսեցիներս նույնպես չէին ցանկանում առկա ուսուցման անցնել, և ոչ ոք չսատարեց իմ դիմումին: Որքան ես գիտեմ, բակալավրի ուսանողները սովորում են 50/50 ձևաչափով: Ասացին, որ եթե պարետային ժամը չեղյալ հայտարարվի, միգուցե մենք էլ 50/50֊ի անցնենք, բայց հավատս չի գալիս: Ամեն դեպքում, ոչ ոք մեզնից ոչինչ չի հարցրել», – ասում է Ամալյա Բաբայանը:

Սամցխե-Ջավախքի համալսարանը, ավելի ճիշտ` Ախալքալաքի մասնաճյուղը, դասերը կանցկացնի խառը համակարգով՝ դասերի մի մասը առցանց, մյուս մասը՝ լսարաններում:

«Համալսարանն իրավունք ունի դասերը սկսել, բայց համալսարանը հաշվի է առնում ուսանողների կարծիքը: Ուսանողների մի մասը տրանսպորտի խնդիր ունի, մյուս մասը վախենում է վարակվելուց: Հետևաբար, մեծամասնության որոշմամբ, դասերի մեծ մասն անցկացվելու է առցանց: Ամենատարօրինակն այն է, որ ուսանողներին դուր է գալիս այս մեթոդը: Չնայած ես նախընտրում եմ համալսարանում սովորել: Կա մեկ այլ պատճառ, ուսուցիչներից ոմանք տարիքավոր են, նրանք նույնպես զգուշանում են վիրուսից», – ասում է Սամցխե-Ջավախքի համալսարանի երրորդ կուրսի ուսանողուհի Վարդուհի Կուրղինյանը:

Թբիլիսիի պետական ​​համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի դասախոսությունները նույնպես կանցկացվեն առցանց:

«Մեր դասախոսությունները կանցկացվեն առցանց։ Այսպես է որոշվել մեր ֆակուլտետի խորհրդի և ուսանողների հետ մի քանի օր առաջ հանդիպման ընթացքում: Նրանք այս որոշումը հիմնավորեցին նրանով, որ լսարաններում դասախոսությունները վտանգ են ներկայացնում: Նրանք իրենց արդարացնում էին այն հանգամանքով, որ առցանց դասախոսությունները ձեռնտու չեն նաև դասախոսներին, նրանք վախենում են վիրուսից և մեզ ասացին, որ սպասենք մինչ ապրիլի կեսը, այդ ժամանակ կիմանանք, թե ինչ կլինի հետո», – ասում է 4-րդ կուրսի ուսանողուհի Ռիմա Մառանգոզյանը:

Վրաստանի բժշկական համալսարանում չեն որոշել, թե ինչպես են շարունակելու ուսուցումը:

«Մինչև մարտի 15-ը հաստատ առցանց է լինելու, կա միայն մեկ առարկա, որի համար պետք է լսարանում լինենք: Այնուամենայնիվ, այդ ժամանակ իրենք էլ չգիտեն ինչպես վարվել, ասում են 4-ին մենք ձեզ կտեղեկացնենք՝ կլինի առցանց թե լսարանային պայմաններում: Ինձ համար ճիշտ չէ առցանց դասախոսությունները, հատկապես բժշկականի դեպքում: Բարդությունը նրանում է կայանում, որ չկա շփում, ինչը շատ կարևոր է, որպեսզի կարողանանք նորմալ տիրապետել վրացերենը, բայց կան ուսանողներ, ովքեր, ընդհակառակը, ցանկանում են առցանց», – ասում է Բժշկական համալսարանի 2-րդ կուրսի ուսանողուհի Բելլա Զոփունյանը:

Ժաննա Չոգանդարյանը «1+4» ծրագրի՝ այսպես կոչված զրո կուրսի, ուսանողուհի է: Ամբողջ առաջին կիսամյակը նա սովորել է տանից: «1+4» ծրագրի արդյունավետությունը կայանում է նրանում, որ լեզվի ուսուցման ընթացքում զրո կուրսեցիները գտնվեն վրացախոս միջավայրում, ինչը կամրապնդի նրանց լեզվի իմացությունը: Այնուամենայնիվ, որքանով է արդյունավետ առցանց ուսուցման միջավայրը, պարզ կդառնա, երբ ուսանողները փոխադրվեն առաջին կուրս:

«Դեռ արձակուրդներ են: Առաջին կիսամյակն առցանց էր, երկրորդ կիսամյակն ասում են նույնպես առցանց է լինելու: Մեր համալսարանը սկսվում է մի փոքր ուշ, ավելի ուշ էլ ավարտվում է: Օրինակ՝ մենք կսկսենք 22-ին, քանի որ արձակուրդը սկսվել էր մոտ մեկ շաբաթ առաջ: Բարձր կուրսեցիները հավանաբար կսկսեն 15-ին », – ասում է զրո կուրսի ուսանողուհի Ժաննա Չոգանդարյանը:

Ուսանողների մեծ մասը դժկամությամբ, բայց այնուամենայնիվ ստիպված են ուսանողական տարիներն անցկացնել համակարգիչների և հեռախոսների էկրանների առջև: Որքանով արդյունավետ կլինի ուսման այս մեթոդը, և ինչ արդյունք կտա, պարզ կդառնա ապագայում: Թեև COVID-19- ը միանշանակ ազդում է Վրաստանում բարձրագույն կրթության վրա: