Վրաստանի ՆԳՆ-ն հետաքննություն է սկսել խորհրդարանական ընտրություններին քվեարկության ժամանակ վեց միջադեպի առթիվ: Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Վրաստանի ներքին գործերի փոխնախարար Նինո Ցացիաշվիլին:

Վերջինիս խոսքով, ոստիկանական շարժական խմբերը արձագանքում են հնարավոր հանցագործությունների բացարձակապես բոլոր փաստերին, որոնց մասին տեղեկատվությունը տրամադրում են ԶԼՄ-ները և դիտորդական կազմակերպությունները:

Թբիլիսիի ժամանակով ժամը 15:00-ին ՆԳՆ-ն հետաքննություն է սկսել հետևյալ փաստերի առթիվ.

Թբիլիսիի Դիդի Դիղոմիի երրորդ միկրոշրջանում՝ №40 ընտրատեղամասում, ծեծի են ենթարկել «Միասնական ազգային շարժման» ակտիվիստ Զվիադ Կուպրավային: Քննությունը սկսվել է Վրաստանի ՔՕ 126-րդ հոդվածի (բռնություն) համաձայն:

«Վրաստանի լեյբորիստական կուսակցության» անունից Քութաիսիի քաղաքապետի թեկնածուի հետ կապված միջադեպ է տեղի ունեցել Քութաիսիի թիվ 20 հանրային դպրոցի մոտակայքում գտնվող 37-րդ ընտրատեղամասում: Կիկվաձեն հայտնել է, որ անհայտ անձինք իր նկատմամբ ֆիզիկական և բանավոր բռնություններ են գործադրել:

Հետաքննությունը սկսվել է Վրաստանի ՔՕ 162-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, ինչը ենթադրում է ընտրություններում կամքի իրացման խոչընդոտում:

Թբիլիսիի Իսանի թաղամասի №39, Քիզիլաջլո գյուղի №89, Դաշտապի գյուղի (Մառնեուլի շրջան) №52 ընտրատեղամասերում տեղի ունեցած ֆիզիկական ընդհարումների փաստերով հետաքննություն է սկսվել: Հետաքննությունը սկսվել է Վրաստանի ՔՕ 126-րդ հոդվածի 1-ին մասով, որը ենթադրում է բռնություն:

«Այս փուլում վերոհիշյալ քրեական գործերի հետ կապված ինտենսիվորեն իրականացվում են քննչական և դատավարական միջոցառումներ», – հայտարարել է Ցացիաշվիլին:

Այսօր Վրաստանում տեղի են ունենում խորհրդարանական ընտրություններ: Դրանց մասնակցում է 48 կուսակցություն և երկու ընտրական դաշինք: Ընտրողները պետք է ընտրեն 150 պատգամավոր: 120-ը `համամասնական, 30-ը` մեծամասնական ընտրակարգով : Վրաստանի ավելի քան 3,5 միլիոն քաղաքացի ձայն տալու իրավունք ունի, նրանց համար բաց են 3,8 հազար ընտրատեղամասեր:

Ընտրատեղամասերը բացվել են Թբիլիսիի ժամանակով ժամը 08:00-ին: Քվեարկության գործընթացը կավարտվի մինչև 20:00-ն: