Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հունիսի 20-22-ը կմեկնի Բելառուս, որտեղ կմասնակցի II Եվրոպական խաղերի բացման հանդիսավոր արարողությանը: Այս մասին, այսօր բրիֆինգի ժամանակ հայտարարել է նախագահի մամլո խոսնակը:
II Եվրոպական խաղերին կներկայացվեն 15 մարզաձև: Մրցումներին կմասնակցեն ավելի քան 4 հազար մարզիկ 50 երկրներից: Նշենք, որ բռնցքամարտի առաջնությանը մասնակցում են նաև Ախալքալաքից մարզիկներ՝ Արտյուշ Գոմցյանը և Օթար Երանոսյանը:
Բացման արարողությանը մասնակցելուց բացի, Զուրաբիշվիլին ծրագրում է այցելել սպորտային քաղաք, որտեղ խաղերի ընթացքում ապրելու են Վրաստանը ներկայացնող 62 մասնակիցները:
Մինսկ աշխատանքային այցի շրջանակներում Զուրաբիշվիլին պաշտոնական հանդիպումներ կանցակացնի բելառուսական կողմի հետ: Ծրագրված է երկկողմանի և ընդլայնված կազմով տարբեր մակարդակի հանդիպումներ:
Վրաստանի և Բելառուսի միջև դիվանագիտական հարաբերություններ են հաստատվել 1994 թվականին: Իսկ 2015 թվականի ապրիլին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն առաջին անգամ պաշտոնական այցով եղել է Վրաստանում:
Զուրաբիշվիլին Վրաստանի նախագահ է դարձել 2018 թվականի դեկտեմբերի 16-ին: Այդ ժամանակվանից նա այցելել է՝ Ադրբեջան, Հայաստան, Լիտվիա, Ֆրանսիա, Լեհաստան, Գերմանիա, Լատվիա, Էստոնիա և Ուկրաինա: