Նինոծմինդա քաղաքի ծայրամասում, Խանչալի գյուղ տանող ճանապարհին, սովետական երկհարկանի կիսաքանդ կառույցի ներսում անսովոր իրարանցում է տիրում: Ադելինան և իր երեք փոքրիկները՝ Գալուստը, Վռամը և Եսթերը երեք տարի առաջ բնակություն հաստատելով այստեղ, խաթարել են տարիներ շարունակ շենքում տիրող լռությունը: Սոցիալապես բարդ պայմաններում ապրող ընտանիքի հայրն անազատության մեջ է՝ կնոջը պարբերաբար ծեծի ենթարկելու պատճառով: Ընտանիքն ապրում է պետությունից ստացած 300 լարիով:

tun

Մեզ դիմավորում է Ադելինան: Երեխան գիրկը, ձեռքերով շոշափում է դռան բռնակը և մեզ առաջնորդում դեպի ներս: Ներսում ամեն ինչ այնքան կարգին է՝ յուրաքանչյուր առարկա իր տեղում, կոկիկ ու մաքուր, որ մտքովդ անգամ չի անցնում, որ տանտիկինը գրեթե չի տեսնում և միայնակ մեծացնում է երեք փոքրահասակ երեխաների:

soc anapahov3

Գալուստը, ով երեխաներից ամենամեծն է, ասում է՝ ես արդեն մեծ եմ ու մայրիկիս օգնում եմ: Վռամը, ով ընդամենը մեկ տարի է Գալուստից փոքր շտապում է իր արած գործերը թվարկել: Չնայած, որ Գալուստն ու Վռամն ընդամենը 5 և 4 տարեկան են, սակայն նրանք ամեն ինչ հասկանում են և օգնում մորը բոլոր հարցերում, եղբայրները նույնիսկ քրոջ՝ Եսթերի հագուստ են փոխում, կերակրում, խաղացնում, անում են ամեն ինչ մայրիկին օգնելու համար:

soc anapahov4

Ադելինա Եսոյանն ամուսնու՝ Արարատի հետ ծանոթացել է տաքսու մեջ, սիրահարվել ու ամուսնացել, սակայն ինչպես ինքն է ասում ոչ մի օր առանց ծեծ ու ջարդի չի ապրել: Սկզբում մտածել է երեխան փոքր է, երևի դա է պատճառել, սակայն հետո հասկացել է, որ Արարատը չի փոխվի:

«Ծանոթացել եմ տաքսու մեջ, ծանոթացանք հետո անցավ որոշ ժամանակ ամուսնացանք, ճիշտը, որ ասեմ հենց սկզբից ինքն իրեն անշնորքավարի է պահել, հենց ալկոհոլից հոտ էր քաշում, ամեն ինչ փոխվում էր, ամեն ինչ կուլ էի տալիս, ձայն չէի հանում, մտածում էի արանքում երեխա կա, կարող է փոխվի», – պատմում է Ադելինան:

Ադելինայի ամուսինն այժմ անազատության մեջ է: Հերթական անգամ խմել և դաժանաբար ծեծի է ենթարկել կնոջը, որին ականատես են եղել հենց ոստիկանները: Ադելինան պատմում է՝ երևի ինքս երբեք էլ չէի դիմի ոստիկանություն:

soc anapaho5

«Հերթական անգամ ամուսնուս հետ վեճի ժամանակ ոստիկանությունը ներս մտավ, այն պահին հասան, երբ ոտաբոբիկ դուրս էի փախչում: Ոստիկաններն ինձ ներս ուղարկեցին, որպեսզի տեսնեն, թե ինչ է անում, ներս գնացի նորից հարձակվեց վրաս, նրանք հասան այն պահին, որ մազերս էր քաշում, տեղում բռնեցին ու տարան: Դիմումս հետ չվերցրի, որովհետև արդեն հոգուս հասել էր, ամեն անգամ մի թատրոն էր ցույց տալիս: Մի անգամ մուրճը հետևեցիս նետեց, հազիվ եմ մահից փրկվել»,- պատմում է երեք երեխաների մայրը:

soc anapaho2

Նրա իսկ խոսքերով, ամուսինը մարտի 8-ին կամ 9-ին բանտից դուրս կգա, սակայն Ադելինան չի պատրաստվում նրա հետ ապրել:

«Այսպես թե այնպես, մենք նույնիսկ օրենքով ամուսանցած չենք եղել, բաժանվելու կարիք էլ չկա: Ավելի լավ է ես միայնակ իմ երեխաներին մեծացնեմ, քան այդ մթնոլորտում ապրեն իմ երեխաները: Պատկերացնում եք, խմած տուն էր գալիս և պարտադրում որ 4-5 տարեկան երեխաներն իր հետ խմեն»,- ասում է Ադելինան:

Արարատ Եզեկյանն ու Ադելինա Եսոյանն ամուսնացել են 2013 թվականին, 2014-ին ծնվել է նրանց առաջնեկը՝ Գալուստը, 2015-ին՝ Վռամը, իսկ 2018-ին՝ Եսթերը:

Կնոջ պատմելով, սկզբնական շրջանում ամուսինը տաքսի է քշել, քիչ թե շատ կարողացել է ընտանիքի առօրյա խնդիրները լուծել, ապրել են վարձով, սակայն գնալով թաղվել են պարտքերի մեջ, ամուսինը տարվել է հարբեցողությամբ: Ստիպված են եղել դիմել Նինոծմինդայի քաղաքապետարան և խորհրդարանի պատգամավոր Հեզնել Մկոյանին, որպեսզի գոնե ապրելու տեղ ունենան:

«Այս շենքը Նինոծմինդայի քաղաքապետարանն է տրամադրել, փլված շենք է, վարձով էինք ապրում, հացի գումար չունեինք վարձի փող էինք ստիպված տալիս, դիմեցի Հենզել Մկոյանին վերջը այս շենքը հատկացրին: Բարեկամներս, հարևաններս շրջապատի օգնությամբ հատակը բետոնեցինք, երեխաները փթած փայտերի արանքից ներս էին ընկնում: Հիմա նորմալ է, պատուհան բան դրեցինք, ահագին կարգավորվեց»- ասում է երեք երեխաների մայրը:

Galust

Ադելինան աշխատել չի կարողանում և ընտանիքի այսպես ասած միակ եկամտի աղբյուրը, դա սոցիալական օգնությունն է: Պետությունը յուրաքանչյուր սոցիալապես անապահով պայմաններում ապրող երեխայի 100 լարի է տալիս: Ադելինան փորձում է անյպես բաշխել գումարը, որպեսզի ամսական բավարարի 300 լարին և պարտք չունենան: Չի դժգոհում, ասում է՝ ամեն մի դժվարություն անցողիկ է, միայն թե երեխաներն առողջ ու հանգիստ միջավայրում մեծանան:

Ձմռան ամիսներին ընտանիքի սոցիալական վիճակն ավելի է բարդանում, տունը տաքանցնելու համար ամսական մոտավոր 250 լարի է պահանջվում: Այս պահին մոր և 3 անչափահաս երեխաների ապրուստի միջոցը նպաստն է, որն այս ամիս դեռ չեն ստացել: Չգիտեն ինչպես են վճարելու օգտագործած գազի դիմաց:

«Տեսնեմ ումից կկարողանամ պարտքով գումար վերցնել, որ այս սառնամանիքներին առանց գազ չմնանք»,- նշում է Ադելինան:

Մեր հարցին, թե ինչ օգնություն է ակնկալում պետությունից կամ բարեսիրտ մարդկանցից, վերջինս ասաց. «Միակ խնդրանքս է, մի հնար լինի այս տունը սեփականաշնորհեմ երեխաներիս անունով, որպեսզի ինչ էլ, որ լինի ապրելու տեղ ունենանք: Եվ եթե կարողանամ աչքերս բուժեմ, գոնե որոշ չափով տեսնեմ», – հավելում է Ադելինա Եսոյանը:

Vram

Ադելինան փոքր հասակում կապույտ հազով է հիվանդացել, հիվանդությունը բարդացում է տվել և ազդել տեսողության վրա: Բուժումներ են արել, աչքերի եղջերաթաղանթն են փոխել, սակայն տարիների անուշադրության և ծննդաբերության հետևանքով, կրկին խավարել է նրա տեսողությունը:

«Պահ է լինում նյարդանում եմ, տեսողությունս ընդհանրապես խավարում է: Մարդկանց մառախուղի մեջ եմ տեսնում, խոսքից եմ տարբերում, կին է, թե՝ տղամարդ: Տան մեջ ամեն ինչ գիտեմ ինչը, որտեղ է դրած, մեկ-մեկ նյարդերս հանգստացնելու համար գործում եմ, մատով եմ գործում, առանց նայելու, փողոցը կարող եմ հանգստ անցել, ձայնից հասկանում եմ ինչ հեռավորության վրա է գտնվում մեքենան», – կիսվում է Ադելիան:

soc anapahov1

Այս ընտանիքը տարին մեկ անգամ 100 լարիի չափով օգնություն է ստանում Նինոծմինդայի քաղաքապետարանից: