Ժամանակ առ ժամանակ, Ախալքալաքում կամ գյուղերում նկարահանված տեսանյութերը, որոնք կենտրոնացած են մարդու տարբեր թերությունների վրա, այդ թվում՝ տարիքային, հոգեբանական և այլն, տարածվում են սոցիալական ցանցերում, ինչպես նաև տարբեր մեսենջերներում: Այս տեսանյութերի հեղինակները չեն գիտակցում, որ նկարահանելով և տարածելով նման «ծիծաղաշարժ» տեսանյութեր, նրանք խախտում են օրենքը և կարող են պատիժ կրել դրա համար:
Տեսանյութ հարսանիքից, կադրում Ախալքալաքի բնակիչ է, երիտասարդն ունի մտավոր խնդիրներ, նա կենաց է ասում: Այդ տեսանյութը դարձավ վիրուսային: Այնուհետև նկարահանվեցին շատ այլ նմանատիպ տեսանյութեր, և Ախալքալաքում շատերը նույնիսկ սպասում էին, թե երբ նոր տեսանյութ պիտի հայտնվի, որպեսզի ուղարկեն ընկերներին: Նույնիսկ Հայաստանում, շատ կատակերգական ծրագրեր սկսեցին օգտագործել կենացաճառի կադրերը, որպեսզի իրենց ծրագիրն էլ ավելի ծիծաղաշարժ դարձնեին:
Նմանատիպ տեսանյութերը, տարածվում են վիրուսի նման, հիմնականում՝ տարբեր մեսենջերների միջոցով, ավելի քիչ ակտիվությամբ նաև՝ սոցիալական ցանցերում: Ախալքալաքի երիտասարդների մեծամասնությունն անհրաժեշտ է համարում այդպիսի տեսանյութեր ունենալ իրենց հեռախոսում և ցույց տալ բոլորին, որպեսզի ընկերների հետ հանդիպելիս խոսակցության թեմա լինի, ծիծաղ առաջացնող մթնոլորտը պահպանվի:
Վերջերս նույն ալիքներով ակտիվորեն տարածվում են այլ տեսանյութեր, որոնցից մեկում մի կին, որն, ըստ երևույթին, գտնվում է գյուղում, փորձում է վաճառել իր կարտոֆիլի բերքը, տեսահոլովակի հեղինակի համար տեսանյութում ծիծաղելի էր այն, որ կինը բացատրվում է՝ խոսելով վատ ռուսերենով՝ խառը հայերենի հետ:
Մեկ այլ տեսանյութում, կադրից դուրս գտնվող մի կին բղավում է իր տարեց բարեկամուհու վրա և վիրավորական ձևով պահանջում է որպեսզի նա լողանա, կադրում կինը կոպտորեն դիմակայում է:
Մեկ այլ տեսանյութ նկարահանվել է անմիջապես Ախալքալաքի քաղաքապետարանում: Կադրում առանց որևէ դժվարության կարելի է տեսնել քաղաքապետի ընդունարանը, որտեղ ակնհայտ մտավոր խնդիրներ ունեցող կինը պատասխանում է քաղաքապետի քարտուղարի հարցերին՝ կապված իր անձնական կյանքի հետ: Այս ամենը նկարահանվում է առանց նրա դեմքը թաքցնելու:
Շատերի համար այս տեսանյութերը հանդիսանում են ծիծաղի և զվարճանքի առիթ, բայց այս բոլոր տեսանյութերում խախտվում են մարդու իրավունքները, դրանցից որոշների մեջ՝ նույնիսկ մի քանի անգամ: Իրավական լեզվով ասած՝ խախտվում է մարդու անձնական տվյալների մշակման կանոնները:
«Անձնական տվյալը»՝ դա ցանկացած տիպի տեղեկությունն է, որը կապված է նույնականացված կամ նույնականացվող ֆիզիկական անձի հետ:
Սա վերաբերում է ոչ միայն այն փաստին, որ, օրինակ, տեսանյութում տեսանելի է դեմքը, կամ հագուստը, ժեստիկուլյացիան կամ անձնական համարը (վրաց՝ პირადი ნომერი), այլ նաև տեղեկություն, կապված նրա՝ ֆիզիկական կամ հոգեբանական, տնտեսական, մշակութային, սոցիալական նշանների հետ: Ինչ վերաբերում է «Հատուկ տվյալներին»՝ դրանք այնպիսի տվյալներն են, որոնք կապված են մարդու ռասայի, էթնիկական պատկանելիության, քաղաքական կամ կրոնական հայացքների հետ, կամ անձի արհմիությանն անդամակցելու, առողջության հետ կապված խնդիրների, սեռական կյանքի հետ կապված տվյալները, գենետիկականից ընդհուպ կենսաչափական տվյալները: Սա այն կատեգորիան է, որն ավելի խստորեն և բարձր մակարդակով է պաշտպանված», – ասում է «Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի» իրավաբան Անդրանիկ Մինասյանը:
Ըստ Վրաստանի օրենքի, եթե կան խախտումներ, ապա նմանատիպ դեպքերում համապատասխան մարմինը` Պետական տեսուչի ծառայությունը, զբաղվում է անձնական տվյալների մշակման օրինականության հսկողությամբ:
«Օրենքի համաձայն, կան սկզբունքներ, որոնցով դու պիտի առաջնորդվես անձնական տվյալների մշակման ժամանակ, դու պետք է հիմք ունենաս այդ տվյալները մշակելու, նաև օրենքով սահմանված նպատակ և այլն: Սա նշանակում է, որ, օրինակ, երբ այդ գործողությունները ձեր պարտականությունների մեջ են մտնում, կամ էլ անհրաժեշտ է դա անել, օրինակ՝ մարդկային կյանքը փրկելու նպատակով», – ասում է Անդրանիկ Մինասյանը:
Նման լիազորություններից օգտվում են, օրինակ՝ բժիշկները, ովքեր գրանցում են անձնական տվյալները, քանի որ նրանք զբաղվում են առողջապահությամբ: Բանկերում անձնական տվյալները գրանցվում են նախապես հաճախորդի թույլտվությամբ: Այս լիազորությունները վերապահված են նաև այն լրագրողների համար, որոնց պարտականությունները ներառում են լրագրողական հետաքննություն, այդ դեպքում նրանց թույլատրվում է գաղտնի նկարահանել, եթե կա բարձր հասարակական հետաքրքրություն և անհրաժեշտություն: Այլ դեպքերում, պետք է լինի տեսանյութում հայտնված անձի թույլտվությունը:
«Բայց եթե դու պարզապես տեսագրում ես ծաղրելու և հեգնելու նպատակով, ուզում ես լիաթոք ծիծաղել, դու խախտում ես օրենքը, իսկ եթե խախտում ես օրենքը, ապա այն անձը, ով տեսանելի է տվյալ տեսանյությում կամ լուսանկարում, կարող է դիմել Պետական տեսուչի ծառայությանը և պահանջել հետաքննություն», – ասում է իրավաբանը:
Ըստ Անդրանիկ Մինասյանի, ցանկացած անձ կարող է դիմել նաև վերահսկիչ ծառայությանը՝ ուրիշի իրավունքները պաշտպանելու նպատակով: Եվ եթե պարզվի, որ առկա է անձնական տվյալների մշակման մասին օրենքի խախտում, ապա իրավախախտը կտուգանվի, եթե իհարկե, հնարավոր լինի նույնականացնել տվյալ անձի ինքնությունը:
Սա եզրափակում է վարչական մասը: Վարչական մասից բացի կա նաև քաղաքացիական ոլորտ, օրենսդրություն, որը նույնպես պաշտպանում է մարդու անձնական տվյալները: Յուրաքանչյուր քաղաքացի իրավասու է մյուսից պահանջել ամենուրեք, այդ թվում` սոցիալական ցանցերից, ջնջել այն տեղեկությունները (ներառյալ լուսանկարները), որոնք պահպանում են իր անձնական կյանքի մանրամասները:
«Եթե տվյալները չջնջվեն, ապա կարող եք դիմել դատարան և դատարանի միջոցով պահանջեք ջնջել լուսանկարը: Եթե իրավունքները պատահականորեն չեն խախտվել, այլ դիտավորյալ՝ ծաղրելու նպատակով, ապա այդ գործողությունները կարելի է համարել որպես արժանապատվության վիրավորանք, հետևաբար, հնարավոր է պահանջել բարոյական վնասի փոխհատուցում: Հետաքրքիր է, որ մեղավորներին կարելի է նաև քրեական պատասխանատվության ենթարկել, եթե տարածվել է ինտիմ, սեռական բնույթի տեսանյութ կամ լուսանկար», – ասում է նա:
Ըստ իրավաբան Անդրանիկ Մինասյանի, նյութում թվարկված դեպքերում տեսանյութի հեղինակները կարող են քրեական պատասխանատվության ենթարկվել, չնայած տեսանյութերն ինտիմ բնույթի չեն: Եթե այդ տվյալները վերաբերում են անհատի անձնական կյանքին, և պարունակում են անձնական տվյալներ, և անձին վնաս է հասցվել, օրինակ՝ հեղինակությանը, արժանապատվությանը, կամ անձը կրել է նշանակալի վնաս, ապա այդ դեպքերում իրավախատին կարելի է քրեական պատասխանատվության ենթարկել:
«Նման դեպքերում կարելի է դիմել ոստիկանություն կամ դատախազություն: Այս արարքը պարունակում է Վրաստանի քրեական օրենսգրքի 157-րդ և 157-րդ պրիմ հոդվածներով նախատեսված հանցակազմի հատկանիշները: Եթե չկա ծանրացուցիչ հանգամանքներ, որը ծանրացնում է հանցագործությունը, ապա նախատեսվում է տուգանք կամ ուղղիչ աշխատանք՝ առավելագույնը 2 տարի ժամկետով, կամ մինչև 3 տարի ազատազրկում: Եթե դա ինտիմ բնույթի տեսանյութ կամ լուսանկար է, ապա ազատազրկում՝ 4-ից 7 տարի ժամկետով», – ասում է նա:
Ազատությունն ու անսահման տարածությունը համացանցում մարդկանց առջև նոր հնարավորություններ են բացել, բայց շատերը դեռ չեն գիտակցում այս ազատության մեջ իրենց և մյուսների սահմանները: Ուրիշների սահմանները հատելն արդեն իսկ խախտում է, բայց դեռևս շատերը դա չեն գիտակցում…
Քրիստինե Մարաբյան