Այսօր՝ փետրվարի 13-ին, Ախալքալաքի «Գրանդ Մուր» հյուրանոցա-ռեստորանային համալիրում տեղի ունեցավ Jnews.ge լրատվական կայքի վրացական բաժնի շնորհանդեսը:
Ջավախքի լրատվական կենտրոն` Jnews.ge-ն «Բաց սահմաններ» կազմակերպության նախագիծն է հանդիսանում և գործում է արդեն 6 տարի: Մինչ այժմ կայքն իր ընթերցողներին տեղեկատվություն էր տրամադրում 2 լեզուներով՝ հայերենով և ռուսերենով: Օրերս գործարկվեց կայքի վրացական տարբերակը, որին կարելի է ծանոթանալ այցելելով՝ ka.jnews.ge կամ լեզվի փոփոխության բաժնում ընտրել վրացերենը՝ jnews.ge կայքում:
Շնորհանդեսին մասնակցում էին հասարակական կազմակերպությունների, Վրաստանի ՄԻՊ-ի, ՆԱՏՕ-ի և Եվրամիության կենտրոնի, հաշտեցման և քաղաքացիական հավասարության նախարարության ներկայացուցիչները և այլոք:
Ջավախքի լրատվական կենտրոնը ստեղծվել է Ջավախքում գոյություն ունեցող տեղեկատվական վակուումը լրացնելու համար: Պորտալն ամեն օր գրում է Ջավախքում տեղի ունեցող նորությունների, արդիական հարցերի և խնդիրների մասին:
Կայքում նաև կարող եք գտնել նյութեր` ավանդույթների, լեգենդների, հետաքրքիր վայրերի և մարդկանց, տեղացիների հաջողության պատմությունների (success stories) և այլնի մասին:
Jnews-ը նախագծում էր երկար տարիներ բացել վրացական բաժինը, որպեսզի իրենց լեզվով տեղեկատվություն տրամադրեր տեղի վրացախոս բնակչությանը, ինչպես նաև ամբողջ Վրաստանում հնարավորություն ստեղծեր մշտապես կարդալ տեղեկատվություն Ջավախքի մասին:
Շնորհանդեսի ընթացքում ներկայացվեց ևս մեկ հնարավորություն՝ market.jnews.ge, ինչը հնարավորություն է տալիս կայքի ընթերցողներին անվճար հայտարարություն տեղադրել: