Երեկ՝ հունվարի 30-ին, Սակրեբուլոյի Մշակույթի, կրթության, սպորտի և երիտասարդության հարցերի հանձնաժողովը քննարկեց Ախալքալաքի փակ տիպի լողավազանի բաժանորդավճարի բարձրացման հարցը։ Արդյոք Սակրեբուլոն կընդունի քաղաքապետարանի լողավազանի վարձավճարը բարձրացնելու առաջարկը, թե ոչ, պարզ կդառնա այսօր կայանալիք Շրջանային ժողովի նիստից հետո։
Առաջարկվում է սակագները փոխել հետևյալ կերպ.
– մինչև 13 տարեկան այցելուների համար, շաբաթական երկու անգամ լողավազան այցելելու համար, 10 լարիի փոխարեն սահմանել 20 լարի։
– մինչև 19 տարեկան այցելուների համար, շաբաթական 3 անգամ լողավազանում լողալու համար, 20 լարիի փոխարեն սահմանել 30 լարի սակագին։
– մեծահասակների համար, շաբաթական երեք անգամ լողավազան այցելելու վճարը, 40 լարիի փոխարեն՝ 50 լարի։
Պատգամավորները ոգեւորությամբ չմոտեցան բաժանորդավճարի փոփոխություններին: Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանը նշեց, որ լողավազանն ամբողջությամբ դոտացիայի վրա է, և այս ավելացումն առանձնապես չի օգնի։
«Լողավազանի մշտական աշխատանքի համար մոտավորապես 220 000 լարի է հարկավոր, չհաշված աշխատողների աշխատավարձերը, ասենք բյուջեն կավելանա 3000-ով, իմաստը որն է: Լողավազանի ջեռուցման վրա ծախսվում է նվազագույնը 12 հազար, մոտ 1500 լարի էլեկտրաէներգիայի համար, չհաշված աշխատավարձերը»,- ասաց Նաիրի Իրիցյանը։
Լողավազանի տնօրեն Մարտին Գաբրիելյանը Jnews-ի հետ զրույցում ասաց, որ տեղյակ է սակագինը բարձրացնելու քաղաքապետարանի մտադրության մասին։ Եկամուտների տարբերությունը բարձրացման հետ կկազմի մոտ 3000 լարի։
«Այո, ես տեղյակ եմ վճարի ավելացման մասին, ոնց կորոշի սակրեբուլոն, ուղղակի ամեն ինչ շատ է թանկացել, ավելացումն աննշան է, բայց երևի ինչ-որ բանով կօգնի: Լողավազանը շատ ծախսեր ունի, լողավազանի վրա ամեն օր պետք է ծախս անել: Ամեն ինչ թանկացել է, քլորը թանկացել է: Դե մենք էլ չենք կարող շատ ավելացնել, ոչ բոլոր մարդիկ կարող են վճարել, այցելուների թիվը կնվազի»,- ասաց լողավազանի տնօրեն Մարտին Գաբրիելյանը։
Տնօրենի խոսքով, լողավազանը տարեկան ունենում է մոտ 300 այցելու։ Նշենք, որ լողավազանը, վերանորոգման նպատակով, 2022 թվականի ամառվանից փակվել է: