Արդեն մի քանի օր է Ախալքալաքում և գյուղերում տարածվում է տեղեկություն, որ խմելու ջրից մարդիկ են թունավորվում: Բնակիչները մեկը մյուսին հորդորում է կամ ջուրը խմել եռացնելուց հետո, կամ խանութից գնել։ Jnews-ը փորձել է պարզել, թե արդյո՞ք վարակման դեպքեր կան և ինչի՞ հետևանք կարող է դա լինել:

Ախալքալաքի ռեֆերալ հիվանդանոցի համաճարակաբան Գայանե Ֆիդանյանն ասում է, որ ջրից մասայական թունավորման դեպքեր չեն գրացվել կլինիկայում։

«Մեր հիվանդանոցում թունավորում կոնկրետ ջրի պատճառով չի եղել, ոչ մի դեպք չենք ունեցել։ Թունավորման մեկ-երկու դեպք ենք ունեցել, երբ երեխաներ են եղել, բուժում են ստացել և տուն գնացել։ Ինձ շատերը զանգեցին, հարցրին կա՞ այդպիսի դեպք, իրականում չկա, հանգիստ է իրավիճակը կլինիկայում այդ առումով», – ասում է Գայանե Ֆիդանյանը։

Համաճարակաբանն ասում է, այս սեզոնին թունավորման դեպքերը սպասելի են, քանի որ, օրինակ երեխաների դեպքում նրանք կարող են կեղտոտ ձեռքերով ինչ-որ բան ուտել, որի հետևանքով ստամոքսի մեջ կարող են ներթափանցել տարբեր հարուցիչներ։

«Մեզ համար դա սովորական է, երեխաները միշտ դրսում են այս սեզոնին, խաղում են, չեն լվացվում, այդպես միրգ են ուտում: Նրանք կարող են նույն այդ կեղտոտ ձեռքերով շշից ջուր խմել և վարակվել, սակայն ձեռքի բակտերիայից, ոչ թե ջրից։ Ամառային սեզոնին մենք ունենում ենք աղիքային ինֆեկցիաների բավականին շատ դեպքեր, հաճախ բռնկումներ է լինում, հիմնականում կախված սննդի հետ։ Օրինակ. կրեմային թխվածքները վտանգավոր են այն դեպքում, երբ սառնարան չի դրվում, նույնպես միրգը, ճաշերը», – ասում է համաճարակաբանը։

Բժշկուհին հավելում է՝ աղիքային ախտահարումը կարելի է հեշտությամբ բուժել։

«Թունավորման դեպքում առաջին օգնությունը՝ դա աղիների լվացումն է, այսինքն՝ մենք հնարավորինս շատ հեղուկ պետք է ներմուծենք օրգանիզմ, որպեսզի մարսողական համակարգից և արյան միջից թույները և հարուցիչները դուրս գան։ Բուժումը տնային պայմաններում էլ շատ հեշտ հնարավոր է կատարել։ Մեր հիմնական խորհուրդն է, խմել շատ քանակով ջուր, աղային լուծույթներ, օրինակ նույն հանքային ջրերը, կարելի է գազերեը հանելուց հետո խմել, այսինքն՝ էլեկտրոիտներ պարունակող լուծույթներ, որոնք օրգանիզմից լվանում են թույնը»։

Գայանե Ֆիդանյանի խոսքով, եթե ավելի ծանր է լինում թունավորումը, ապա նույն բուժումը կատարվում է հիվանդանոցում, ինֆուզիայի ձևով, այսինքն՝ կատարվում է կաթիլային ներարկում։

Համաճարակաբանը շեշտում է, եթե թունավորման մասսայական դեպքեր գրանցվեն, ապա նրանք պարտադիր կահազանգեն, որպեսզի ջրի հետազոտություն կկատարվի։

Չնայած այն հանգամանքին, որ կլինիկայում դեպքեր չեն հաստատվել, շրջանի որոշ գյուղերում կան հնարավոր թունավորման դեպքեր։ Երեխաների մոտ կա սրտխառնոց, ընդհանուր թուլություն, փորլուծություն։ Մեծահասակների շրջանում նույնպես նկատվում է, կան այնպիսինները, ովքեր ներկա դրությամբ կաթիլային են ընդունում։

Վրաստանի միացյալ ջրամատակարարման Ախալքալաքի սպասարկման կենտրոնի տնօրեն Գիորգի Վախթանգիշվիլիի խոսքով, ջրից թունավորման դեպքերը բացառվում են։

«Մենք ջուրը միշտ ախտահանում ենք քլորով, ես 100 տոկոսով բացառում եմ, որ կարող է թունավորման դեպքերը լինեն ջրից։ Մենք ունենք հետազոտող, ով մշտապես ստուգում է քլորի հատկությունը ջրի մեջ, որը թույլ չի տալիս բակտերիաներին շատանալ ջրում», – ասում է Գիորգի Վախտանգիշվիլին:

Վերջինս նշում է, որ քլորացվում են բոլոր գյուղերի խմելու ջրերը, կան գյուղեր, որտեղ հատուկ գրաֆիկ է սահմանված, կան այնպիսինները՝ որտեղ կաթիլաինով միացրած է մշտական։ Մինչև անցնում է քլորի հատկությունը ջրի միջից, նրանք կրկին ավելացնում են՝ նորմայի սահմաններում։