Երեխաների հաճախելիությունը դպրոցներում և մանկապարտեզներում մնում է ցածր, սակայն, ստուգայցեր և վիրուսների տարածման ռիսկը նվազեցնելու այլ միջոցառումներ դեռ չեն տարվում:
Ախալքալաքում սուր շնչառական վարակների և գրիպի վիրուսի դեպքերի աճի հետ, դպրոցներում և նախադպրոցական հաստատություններում հաճախելիությունը մնում է ցածր, չնայած քաղաքի թիվ 1 դպրոցում աշակերտների հաճախելիությունն, երեկ, անցած ուրբաթ օրվա (հունվարի 31-ի) համեմատ նորմալացել է:
Թիվ 1 դպրոցի տնօրեն Ռուզան Տեփոյանի խոսքով, երեկ, նախորդ շաբաթվա համեմատ, աշակերտների հաճախելիությունն ավելացել էր:
Թիվ 2 դպրոցում հաճախելիությունը նվազել է, հատկապես, տարրական դասարաններում:
«5-ից 12-րդ դասարաններում 325 աշակերտներից 48-ը բացակա են, իսկ 275 տարական դասարանների աշակերտներից բացակաների թիվը շատ է», – ասաց թիվ 2 դպրոցի տնօրեն Կարինե Նահատակյանը:
Թիվ 3 դպրոցի տնօրեն Թամար Օձելաշվիլիի խոսքերով, անցած շաբաթվա ուրբաթ օրվա համեմատ իրենց դպրոցում հաճախելիությունը նվազել է: Դպրոցում բացակաները կազմում են 25%: Թիվ 3 դպրոցում սովորում է 184 աշակերտ:
Թիվ 4 դպրոցում առավել բարդ իրավիճակ է, այնտեղ բացակաների թիվն ավելացել է:
«Մեզ մոտ հաճախելիությունն էլ ավելի է վատացել: Այսօր դպրոցի 599 աշակերտներից ներկա էր 102-ը », – ասաց Նաթելլա Գրիգորյանը երեկ մեզ հետ հեռախոսազրույցի ժամանակ:
Թիվ 5 դպրոցի 111 աշակերտից երեկ բացակայել են 19-ը։ Անցած ուրբաթ օրվա համեմատ իրավիճակը գրեթե չի փոխվել, ավելացել է մեկ բացակա:
«Բոլորը նույն ախտանիշներն ունեն՝ սրտխառնոց, բարձր ջերմություն», – ասում է թիվ 5 դպրոցի տնօրեն Էմմա Նահատակյանը:
Ըստ Մանկապարտեզների միավորման տնօրեն Անահիտ Ասատրյանի, քաղաքի մանկապարտեզներից՝ թիվ 3 մանկապարտեզում ուրբաթ օրվա համեմատ երեխաների թիվն աճել է 12-ով, իսկ թիվ 1 և թիվ 2 մանկապարտեզներում նվազել է 2 հոգով:
Անցած երկու շաբաթվա ընթացքում Ախալքալաքի մունիցիպալիտետում գրանցվել է բժշկի մոտ այցելության 311 դեպք, որը ներառում է նաև շտապօգնության կանչերը:
Ըստ հիվանդանոցի համաճարակաբան Գայանե Ֆիդանյանի, երեկվա դրությամբ հոսպիտալացվել է 8 մարդ, որից 6-ը նախորդ շաբաթ, իսկ 2-ը՝ նոր հիվանդներ են:
«Երկու շաբաթվա ընթացքում գրանցվել է 43 թեթև ինֆեկցիոն հիվանդություններ (ՍՇՎ, գրիպ): Հիվանդների մեծ մասը երեխաներ են, ընդհանուր վիճակագրությունը նախորդ շաբաթվա համեմատ նվազել է երկու դիրքով », – ասում է Գայանե Ֆիդանյանը:
Համաճարակաբանը հորդորում է խուճապի չմատնվել, քանի որ վիճակագրությունը նույնն է, ինչը նախորդ տարի էր:
Ախալքալաքի հանրային առողջապահության կենտրոնը դպրոցներ և մանկապարտեզներ ստուգայցեր դեռ չի սկսել: