Ախալքալաքի դպրոցներում և նախադպրոցական հաստատություններում այս շաբաթ նվազել է աշակերտների և երեխաների հաճախելիությունը: Կան դասարաններ, որտեղ հիվանդության պատճառով բացակայում է աշակերտների ավելի քան 50% -ը:

Ախալքալաքում սուր շնչառական վարակների և գրիպի դեպքերը աճել են: Դա հատկապես նկատելի է դպրոցներում և նախակրթարաններում, որտեղ հաճախելիությունը կտրուկ նվազել է:

Հիվանդության ախտանիշներն յուրաքանչյուր հիվանդի մոտ տարբեր են: Ծնողների խսքերով, երեխաները հիմնականում ունենում են ջերմություն, հազ, փսխում և ալերգիա, որը դրսևորվում է դեմքի, ձեռքերի կարմրությամբ և ուղեկցվում է ջերմությամբ:

Հիվանդանոցի համաճարակաբան Գայանե Ֆիդանյանը հորդորում է խուճապի չմատնվել, քանի որ վիճակագրությունը նույնն է, ինչ նախորդ տարի էր: Նա հորդորում է նաև անպայման ժամանակին դիմել բժշկի, և ոչ թե հիվանդության բարդացումից հետո:

Անցած շաբաթվա ընթացքում Ախալքալաքի շրջանի հիվանդանոց է դիմել 16 մարդ, որից 10-ը հոսպիտալացվել են: Նրանք դիմել են տենդով և թոքաբորբով: Սակայն, հիվանդների մեծ մասը հիվանդանոց չի դիմում:

Ախալքալաքի դպրոցներում և մանկապարտեզներում հաճախելիությունը նվազել է հատկապես վերջին մեկ շաբաթվա ընթացքում:

Հաճախելիության առումով ամենից լավ վիճակը թիվ 3 դպրոցում է, որտեղ տնօրենի խոսքերով, ընդամենը բացակայում է 1-2 աշակերտ:

Թիվ 1 դպրոցում, ըստ տնօրեն Ռուզաննա Տեփոյանի, աշակերտների թվի կտրուկ նվազումն այսօր նկատելի է դարձել:

«Մինչև օրս հաճախումները նորմալ էր, բայց այսօր աշակերտների թիվը կտրուկ նվազեց, հատկապես տարրական դասարաններում: Այս դասարաններում աշակերտներն հենց այնպես չեն բացակայում, բոլորը ջերմում են », – ասաց Ռուզաննա Տեփոյանը:

Թիվ 4 դպրոցի տնօրեն Նաթելլա Գրիգորյանի խոսքով, դպրոցում հաճախելիությունը ցածր է եղել շաբաթվա սկզբից, և նույն իրավիճակը նկատվում է բոլոր դասարաններում:

Թիվ 5 դպրոցում այսօր հաճախելիությունը կտրուկ նվազել է:

«Երեկ դպրոցում կար 10 բացակա, այսօր նրանց թիվը 18-ն է», – ասաց դպրոցի տնօրեն Էմմա Նահատակյանը:

Թիվ 2 դպրոցի տնօրենը նույնպես խոսում է դպրոցում աշակերտների հաճախելիության նվազման մասին:

«Սակայն, բացակայողների տոկոսն այնպիսին չէ, որ կարանտին հայտարարենք», – ասում է Կարինե Նահատակյանը:

Հաճախելիությունը նվազել է նաև Ախալքալաքի երեք մանկապարտեզներում:

Ըստ մանկապարտեզների միավորման տնօրեն Անահիտ Ասատրյանի, մանկապարտեզներում հաճախելիությունը նվազել է: Նրա խոսքերով, ոմանք պարզապես վախենում են երեխաներին մանկապարտեզ տանել:

«Իհարկե, մանկապարտեզներում հաճախելիությունը ցածր է տարածված հիվանդությունների պատճառով, բայց ոմանք պարզապես երեխաներին չեն բերում այն պատճառով, որ վախենում են, որ երեխան կարող է վարակվել», – մեկնաբանեց նա:

Ախալքալաքի Հանրային առողջապահության կենտրոնը դեռ չի սկսել դպրոցներ և մանկապարտեզներ ստուգայցերը, քանի որ տեղեկատվություն չի ստացել հաճախումների կտրուկ նվազման մասին: