Վերջին տարիներին Ախալքալաքում շատ ծնողներ դժվարությամբ են իրենց երեխաներին տանում պատվաստման կամ ընդհանրապես հրաժարվում են: Ինչու է նկատվում այս միտումը է, ու ինչն է պատճառը:
Պատվաստումների նկատմամբ երկիմաստ վերաբերմունք մարդկանց մոտ միշտ եղել է: Որոշ մարդիկ հրաժարվում են պատվաստումներից և համարում են, որ ճիշտ են վարվում:
Առողջապահության նախարարությունը Հիվանդությունների վերահսկման կենտրոնի հետ միասին մշակել է օրինագիծ, ըստ որի մանկապարտեզ և դպրոց ընդունման համար պահանջվի պատվաստման քարտ: Ստացվում է, որ եթե օրենքը ուժի մեջ մտնի, պատվաստումները կդառնան պարտադիր:
Իսկ հիմա դեռ ծնողներն են որոշում, պատվաստեն, թե ոչ: Իսկ պատվաստման մերժման և համաձայնման դեպքում ծնողը ստորագրում է:
Կինը, ով հրաժարվեց ներկայանալ, ասում է, որ ժամանակին իրեն էլ չեն պատվաստել, իսկ հիմա նա հրաժարվում է պատվաստել նաև իր երեխաներին:
«Իմ տատիկը չէր հավատում, որ պատվաստանյութը պաշտպանելու է հիվանդություններից, վիրուսներից: Ես նույնպես չեմ հավատում, այնքան շատ վատ բաներ ենք լսում պատվաստումների մասին և մտածում ես որ ավելի լավ է ռիսկի չդիմել », – ասում է նա:
Վրաստանում պլանային պատվաստումներն անվճար են և անցկացվում են մինչ 5 տարեկան երեխաներին:
Ախալքալաքի շրջանային հիվանդանոցի մանկաբույժի խոսքով, հիմա հիմնականում քաղաքի բնակչությունն է հրաժարվում իրենց երեխաներին պատվաստել, սակայն, ըստ նրա դիտարկումների, մի քանի տարի առաջ գյուղերում էին խուսափում պատվաստումներից:
«Այն, որ գյուղի բնակչությունը չէր ուզում, կարծում եմ, կապված էր այն բանի հետ, որ գյուղերում բուժքույրեր չկային, բայց հիմա ամեն ինչ արդեն հարթվել է և գյուղերում լավ են գնում պատվաստումների: Քաղաքի բնակիչները հրաժարվում են, նույնիսկ կան մարդիկ, ովքեր պատվաստման մասին լսելիս կոպտում են: Ամեն մեկն ունի իր ճշմարտությունը: Դա պայմանավորված է նրանով, որ հեռուստատեսությամբ, ինտերնետում հաղորդումներ են դիտում և ստացված տեղեկությունները ճիշտ ձևով չեն զտվում », – ասում է մանկաբույժը:
Գարնուշ Ավետյանը ընտանիքի անդամներին պարտավորել է, որ իր բոլոր թոռներին տանեն պլանային պատվաստումներին: Նրա 5-ամյա թոռնուհին այսօր ստացավ իր վերջին պատվաստումը:
«Սա արվում է իմունիտետի բարելավման համար, և կարծում եմ, որ այն իսկապես անհրաժեշտ է երեխաների համար», – ասաց Գարնուշ Ավետյանը:
Անժելա Անատոլյանը երկու աղջիկների մայր է, պարտադիր կերպով պատվաստում է իր դուստրերին:
«Ես կարծում եմ, որ պատվաստումներն անհրաժեշտ են: Այդպիսով նրանք պաշտպանված են հիվանդությունից, և հիվանդանալու դեպքում երեխաները դրանք հեշտությամբ են տանում», – ասում է Անժելա Անատոլյանը:
Մեկ այլ երիտասարդ մայր երկար ժամանակ մտածում և տանջվում էր, պատվաստի երեխաներին, թե ոչ:
«Երբ իմ փոքրը ծնվեց, մենք պատվաստեցինք թե մեծին, թե փոքրին, բայց պատվաստմանը դեմ կարծիքներն ինձ հանգիստ չէին տալիս: Երկար ժամանակ տանջվում էի, գիտակցելով իմ որոշման պատասխանատվությունը, և չգիտես ինչու որոշեցի հրաժարվել պատվաստումներից:Ու միշտ հիմա մտածում եմ, իսկ ճիշտ եմ վարվել արդյոք», – ասում է նա:
Ախալքալաքի շրջանի Հանրային առողջության կենտրոնի տնօրեն Ավետիք Տոնականյանը կարծում է, որ պատվաստումից հրաժարվելը սխալ է:
«Ես չգիտեմ, թե ինչու են հրաժարվում, բայց վերջին ժամանակներում նրանց թիվը, ովքեր չեն ուզում պատվաստել իրենց երեխաներին, իսկապես աճել են: Դա սխալ է: Պետությունը իզուր պատվաստանյութերի վրա փող չի ծախսի: Պատվաստված երեխաները հիվանդություններն մեղմ ձևով են տանում, իսկ չպատվաստվածներն ավելի ծանր են տանում և նույնիսկ լինում են մահացու դեպքեր», – ասում է Ավետիք Տոնականյանը:
Մինչ պատվաստումը պարտադիր դառնա ծնողներն ունեն որոշման հնարավորություն, իսկ հետո ընտրելու հնարավորություն չեն ունենա:
Շուշան Շիրինյան