Նինոծմինդայի մունիցիպալիտետի Գորելովկա գյուղի բնակիչների դժգոհությունն այսօր վերածվեց բողոքի ակցիայի, որն արտահայտվեց Նինոծմինդա-Հայաստան գլխավոր մայրուղու արգելափակմամբ: Այսօր հանդիպումներ կայացան, խոստումներ հնչեցին: Բայցևայնպես, ինչո՞ւ էր բնակիչների մոտ այդքան դժգոհություններ կուտակվել…
Ինչպես գյուղի բնակիչներն են ասում՝ Գորելովկայում տարիներ շարունակ ջրի խնդիր կա:
«Մենք 20 տարի բարձրացնում ենք այդ հարցը, բայց այն դեռ լուծված չէ: Այս տարի ուղղակի մարդիկ ոտքի են կանգնել»,- ասում է գյուղի բնակիչ Մնացական Բաբաջանյանը:
Հարցին, թե ինչու են նրանք հենց այս տարի որոշել այս կերպ իրենց վրա ուշադրություն հրավիրել, բացատրեց մեկ այլ գյուղացի:
«Գյուղում ջուր չկար, մենք սկսեցինք գծեր անցկացնել կենտրոնական խողովակից: Մենք ջրագիծ անցկացրեցինք, որից հետո կենտրոնական խողովակը պայթեց: Արդյունքում, պատգամավորներն ու գյուղի մյուս ղեկավար անձինք գյուղացիներին ասացին, որ իրենք իրավունք չունեն ինքնուրույն ջրագիծ անցկացնել: Արդյունքում սկսվեց վեճ, որն էլ վերածվեց ծեծկռտուքի», – ասում է նա:
Սակայն բողոքի ցույցը միայն ջրի խնդրի պատճառով չէր: Շատերը Գորելովկայում անասուն են պահում և մտահոգված են արոտավայրերի խնդրով:
«Բնակիչներին տրվել է ընդամենը 840 հա արոտավայր, որից 100 հա հնձել է ապօրինի կերպով մի մարդ: Ես աճող տնտեսություն ունեմ, ոչխարներ եմ պահում, բայց նրանց արածեցնելու տեղ չունեմ: Ես նրանց արածեցնում եմ կովերի արոտավայրերում, բայց այդպես էլ չի կարելի, եթե ոչխարի հոտն արոտավայրում է եղել, ապա կովերի համար էլ ոչինչ չի մնում: Իսկ այն արոտավայրերը, որոնց օգտագործելու իրավունքը ես ունեմ, այն 4-5 ֆերմերներն են վերցրել և օգտագործում են, դրանով վնաս են հասցնում ինչպես բնակչությանն, այնպես էլ պետությանը», – ասում է Մնացական Բաբաջանյանը:
Այսօրվա հանդիպման արդյունքում Գորելովկա գյուղի բնակիչները խոստումներ են ստացել, որ կստեղծվի հանձնաժողով, որը կուսումնասիրի և կզբաղվի գյուղի խնդիրների լուծմամբ: