Այսօր՝ փետրվարի 23-ին, Նինոծմինդայում բացվեց «Ջավախքը հայի կողքին» հիմնադրամի ևս մեկ գրասենյակ: Բացմանը մասնակցում էին Հայ Առաքելական և կաթոլիկ եկեղեցու հոգևորականները:
«Հարգելի ընկերներ, մենք բոլորս գիտենք, թե ինչու ենք այսօր այստեղ հավաքվել: Մենք տեսնում ենք, թե ինչպիսի գործ են անում մեր տղաները՝ հիմնելով «Ջավախքը հայի կողքին» հիմնադրամը: Այստեղ մասնաճյուղ է բացվում, որպեսզի Նինոծմինդայի բնակիչներիս համար ևս հնարավորություն լինի մասնակցելու այս գործին: Հիմա մեզ համար շատ դժվարին ժամանակներ են: Մենք կարիք ունենք ամուր ոտքի կանգնելու՝ ոչ միայն խոսքով, այլև գործով ապացուցելու, որ Ջավախքը Հայաստանի կողքին է», – իր խոսքում նշեց Նինոծմինդայի հոգևոր հովիվ Տեր Արմաշ քահանա Պողոսյանը:
«Չորս ամսում մենք այցելեցինք ավելի քան 10 000 արցախցու, վիրավոր զինվորների, զոհված զինվորների ընտանիքների: Հիմա այս ամենը, փառք Աստծո, զարգացում ապրեց և մենք կարողացանք բացել մասնաճյուղ: Մենք ունենք 2 հայրենիք՝ Վրաստանը և Հայաստանը, և եթե Աստված չանի մի բան պատահի, մենք կկանգնենք նաև Վրաստանի կողքին», – իր խոսքում նշեց հիմնադրամի հիմնադիրներից՝ Կարեն Պապիկյանը:
Նախ ներկաները միասնական աղոթք բարձրացրին առ Աստված, ապա կտրեցին կարմիր ժապավենը:
«Ջավախքը հայի կողքին» հիմնադրամը հիմնադրվել է Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների առաջին օրերին: Հիմնադրամում ներգրավված երիտասարդ տղաները, ակտիվիստներն ու կամավորները գումար, դեղեր և այլ մարդասիրական օգնություն էին հավաքում Լեռնային Ղարաբաղից փախստականների համար, ինչպես նաև Ջավախքի բնակիչների կողմից հավաքված սնունդ, պահածոներ, տաք և մանկական հագուստ, դեղամիջոցներ, ալյուր, ջուր և կարտոֆիլն էին ուղարկում Հայաստան:
Հիմնադրամը պատերազմից հետո էլ չդադարեցրեց իր գործունեությունը: Այժմ այն միջոցները, որոնք հավաքում են Ջավախքի և տարբեր երկրներում բնակվող մեր հայրենակիցների կողմից, Հիմնադրամը փոխանցում է ծնունդով Ջավախքից զոհված, վիրավոր զինվորների ընտանիքներին: Հիմնադրամը հոգում է նաև վիրավոր զինվորների համար որակյալ պրոթեզներ ձեռք բերելու հարցում:
Վերջերս հիմնադրամը սկսել է Ջավախքի կարիքավոր ընտանիքներին բաժանել հավաքված այն սնունդը, որը հնարավոր չէ ուղարկել Հայաստան: