«Վրաստանում Ջավախքի Ազգային զբոսայգու ստեղծման» ծրագրի շրջանակներում իրականացվել էր Նինոծմինդայի շրջանի Եֆրեմովկա գյուղի խմելու ջրի ավազանի վերականգնում, սակայն այնտեղ ջուր չի հավաքվում, գյուղում նորից ջուր չկա:

Եֆրեմովկան գտնվում է Նինոծմինդայի շրջանի հարավում, Մադաթափա լճի մոտակայքում: Գյուղը գտնվում է ծովի մակերևույթից 1985 մ բարձրության վրա: Գյուղում ապրում են տարբեր ազգությունների շուրջ 35 ընտանիքներ` հայեր, ռուս-դուխոբորներ և վրացիներ: Բնակիչները այստեղ հիմնականում զբաղվում են անասնապահությամբ, ինչը նրանց հիմնական եկամտի աղբյուրն է: Բնակիչների համար ամենակարևոր խնդիրը մնում է խմելու ջրի բացակայությունը:

efremovka 3

Նինոծմինդայի շրջանի Եֆրեմովկա գյուղում Պահպանվող տարածքների գործակալությունը վերականգնել է գյուղի խմելու ջրի ավազանը, աշխատանքները ավարտվել են, սակայն ջրի խնդիրը չի լուծվել:

efremovka 2

Գյուղի բնակիչ Աիդա Կոբելյանն ասում է, որ հին ավազանը պայթեցրել են, և կառուցել նորը:
«Ջուրը ավազանում չի հավաքվում, և ինչ-որ պատճառներով հետ է գնում, ուստի մենք ջուր չունենք: Օրվա մեջ ջուրը ստանում ենք երկու ժամով, իսկ երբեմն երբ լույս չի լինում ջուր ընդհանրապես չենք ստանում: Ինչպես կարելի է առանց ջրի ապրել, նույնիսկ երբեմն սուրճի համար ջուր չկա, նույնիսկ ամոթ է ասելը, բայց սա է իրականությունը», – ասում է նա:

efremovka

Ըստ Նինոծմինդայի շրջանի գամգեբելի Գագիկ Ղարսլյանի, Ջավախքի Ազգային զբոսայգու նախագծով կառուցվել են և վերականգնվել ջրի ավազանները Նինոծմինդայի շրջանի չորս գյուղերում` Փոքր Խանչալի, Ժդանովական, Սամեբա և Եֆրեմովկա: Այդ աշխատանքները ընդունվել են Շրջանային վարչության կողմից:

«Միայն Եֆրեմովկա գյուղում, որտեղ կառուցվել է ավազան, աշխատանքներն անորակ են կատարվել: Ավազանում ճաքեր կան, և ջուրը չի հավաքվում: Բայց խնդիրը լուծելու համար այս տարի բյուջեից հատկացվել է 3000 լարի, որպեսզի մասամբ վերանորոգվի ավազանը: Չնայած այս բոլոր աշխատանքներին, գյուղում մնում է ջրի խնդրը: Քանի որ ջրի աղբյուրները գտնվում են գյուղից շատ հեռու, իսկ բնակիչները ջուրը ստանում են խորը հորից պոմպերով օրական մոտավոր 4 ժամով», – ասում է Շրջանային վարչության նախագահը:

Ըստ նրա, այս տարի Եֆրեմովկայում արդեն ոչինչ չեն կարող անել խմելու ջրի խնդիրըլուծելու համար, սակայն հետագայում Շրջանային վարչությունը մտադիր է լուծել այս խնդիրը:

Նույն ծրագրով Փոքր Խանչալի գյուղի համար կառուցվել էր ջրի ավազան: Ըստ Գագիկ Ղարսլյանի, այդ աշխատանքները լավ են արվել և ջրի պակասն այս օրերին նա բացատրում է երաշտով:

«2014 -2015 թթ.-ին Թուրքիայի և Վրաստանի միջև սահմանին, որտեղ գտնվում է ջրի աղբյուրը, մենք անցկացրեցինք ևս մեկ նոր գիծ 8 կմ 600 մետր երկարությամբ, և այս գիծը վերջնականորեն լուծեց Փոքր Խանչալի գյուղի ջրի խնդիրը: Իսկ հիմա բնակիչների մեծ մասը ջուր ստանում են հենց այդ գծից» – ասում է Ղարսլյանը:

Ժդանովական գյուղում ևս ջրի խնդիրը լուծվել է, մասնակիորեն, տեղական բյուջեով, մասնակիորեն` Պաշտպանված տարածքների գործակալության ծրագրի միջոցով: Գործակալությունը կառուցել է ավազանը: Իսկ այս տարի գյուղի բնակիչ Սիմոն Թամասյանի նախաձեռնությամբ անցկացվել է ևս 18 կիլոմետր երկարությամբ լրացուցիչ ջրամատակարարում:

Սամեբա գյուղում ջրի հին ավազանը վերանորոգվել և ցանկապատվել է:

Գագիկ Ղարսլանի խոսքերով, «Վրաստանում Ջավախքի Ազգային զբոսայգու ստեղծումը» լրացուցիչ աջակցություն էր Նինոծմինդայի շրջանի բնակչության ջրամատակարարման խնդիրը լուծելու հարցում:

Բորիս Ղարսլյան