Վրաստանի Պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ 2019 թվականի դեկտեմբերի սկզբին նախկին թիվ 1 զինվորական ավանում բնակելի և զինվորական մասերի միջև անցկացվող ցանկապատումը դադարեցված է: Երբ կվերսկսվեն աշխատանքները, նախարարությունը հաղորդագրության մեջ չի հստակեցնում:
Վրաստանի Պաշտպանության նախարարությունը մտադիր էր զինվորական մասը առանձնացնել բնակելի տարածքից: Նոյեմբերի 30-ի երեկոյան, բնակիչների և շինարարների միջև տեղի էր ունեցել բախում: Բնակիչները թույլ չէին տվել աշխատողներին կատարել իրենց գործը: Նրանք բողոքում էին փշալարերի իրենց պատուհաններին այդչափ մոտ անցկացման դեմ: Աշխատանքները դադարեցրեցրել էին:
Վրաստանի Պաշտպանության նախարարությունը հունվարի 15-ին պատասխանել է 2019 թվականի դեկտեմբերի 2-ի մեր հայցադիմումին: Հարցին, թե ինչպես է լուծվելու ցանկապատի հետ կապված խնդիրը, նախարարությունից ասում են, որ ցանկապատման աշխատանքները առայժմ դադարեցված են: Որքան ժամանակով են աշխատանքները դադարեցված, փաստաթղթում չի ասվում: Հաղորդվում է, որ նախարարության օբյեկտներում առկա ենթակառուցվածքային խնդիրները կլուծվեն փուլ առ փուլ, և ըստ այդմ, նախնական ռազմական պատրաստության ծրագիրն Ախալքալաքում կգործարկվի բոլոր ենթակառուցվածքային աշխատանքների ավարտից հետո:
Պաշտպանության նախարարությունը հայտնում է նաև, որ նախարարության ենթակառուցվածքների բարելավման ծրագրի շրջանակներում ստեղծվում է Ենթակառուցվածքների կառավարման գրասենյակ (IMO)՝ ենթակառուցվածքների արդիականացման և այս ոլորտում առկա խնդիրների լուծման համար:
Ինչ վերաբերում է նախկին թիվ 1 զինվորական ավանի զինվորական մասում գտնվող երեք շենքերի փոխանցմանը Ախալքալաքի մունիցիպալիտետի հաշվեկշռին, Պաշտպանության նախարարությունից պատասխանեցին, որ 2019-ի աշնանից ի վեր այս հարցի առնչությամբ որևէ փոփոխություն չկա: Իսկ 2019-ի սեպտեմբերին մեր իրենց տրված հարցերի պատասխանում, ասվում է, որ նախկին զինվորական ավանի 27 շենք փոխանցվել են Ախալքալաքի մունիցիպալիտետի հաշվեկշռին, սակայն երեք շենք դեռ մնում է Պաշտպանության նախարարության հաշվեկշռում:
«Այսօրվա դրությամբ նախարարության հաշվեկշռում կա երեք բնակելի շենք: Այդ շենքերը Ախալքալաքի մունիցիպալիտետի սեփականությանը փոխանցելը՝ հաշվի առնելով պաշտպանության շահերն ու կարիքները, համապատասխան հանձնաժողովն այս փուլում նպատակահարմար չի համարել », – ասվում է նամակում:
Զինվորական ավանի շինարարության մանրամասները պետական գաղտնիք է
Նախկին թիվ 62 ռազմաբազայի տարածքում Վրաստանի պաշտպանության նախարարությունը կառուցում է նախնական ռազմական պատրաստվածության կենտրոն: Կենտրոնի շինարարությունը մեկնարկել է 2014-ի օգոստոսին: Պաշտպանության նախարարությունում Կենտրոնի բացումը պլանավորում են ընթացիկ 2020 թվականին: