Այսօր՝ մայիսի 9-ին, Ախալքալաքում Հաղթանակի օրը ծաղկեպսակի խոնարհման արարողություն տեղի ունեցավ Երկրորդ համաշխարհային պատերազմի հերոս Վաչագան Վանցյանի հուշարձանի մոտ։ Ֆաշիզմի դեմ տարած հաղթանակից անցել է ուղիղ 81 տարի։
Ինչպես ամեն տարի, այս տարի էլ Ախալքալաքի բնակիչները հիշեցին միլիոնավոր կյանքեր խլած պատերազմը՝ հավաքվելով քաղաքի տոնավաճառում գտնվող սերժանտ, Խորհրդային Միության հերոս և Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերան Վաչագան Վանցյանի հուշարձանի մոտ։

Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանը, Ախալքալաքի սակրեբուլոյի նախագահ Ռուբեն Պալյանը, տեղական ինքնակառավարման մարմինների այլ ներկայացուցիչներ և Ախալքալաքի բնակիչներ ծաղիկներ խոնհարեցին Վաչագան Վանցյանի հուշարձանին: Սա արդեն չորրորդ տարին է, որ Ախալքալաքում մայիսի 9-ի տոնակատարություններն անցկացվում են առանց վետերանների:

Ախալքալաքի պատմաբան և գրող Մկրտիչ Քթոյանի խոսքով՝ Երկրորդ համաշխարհային պատերազմում կռվել է Ախալքալաքի մոտ 18 հազ. բնակիչ, որոնցից կեսից ավելին զոհվել է։ Ընդհանուր առմամբ, Խորհրդային Վրաստանը պատերազմ է ուղարկել մոտ 700 հազ. սպա և զինվոր։ 137 Վրաստանի բնակիչ արժանացել է Խորհրդային Միության հերոսի կոչման։
Այժմ Վրաստանում ապրում է Երկրորդ համաշխարհային պատերազմի 46 վետերան։



