Մայիսի 6-ին Կորխ գյուղի ջրամբարը փլուզվել է՝ հեղեղելով դաշտերը։ Այդ ժամանակ անհնար էր գնահատել բերքի կորստի չափը կամ դաշտերին հասցված վնասը, քանի որ ջուրը շարունակում էր հոսել և առաջ շարժվել։ Կորխում քաղաքապետի ներկայացուցչի մոտավոր գնահատականների համաձայն՝ ջրհեղեղը վնասել է մոտ 40 հեկտար վարելահող, 5 հեկտար ցանքսից բերքը քշվել է։
Այս տարածքում հողամասեր ունեցող Կորխի բնակիչները չեն կարողացել հասնել իրենց դաշտերի մեծ մասին։ Սակայն շատերը պնդում էին, որ մի քանի օր առաջ սկսել էին կարտոֆիլ ցանել, և հեղեղի արդյունքում ջրերը քշել էին սերմերը։ Չնայած ներկայումս բերքի կորուստի վերաբերյալ վերջնական թվեր չկան, սակայն կան մոտավոր գնահատականներ։ Բնակիչները սպասում են կառավարության կողմից օգնության։
Ըստ Կորխ գյուղի քաղաքապետի ներկայացուցչի՝ վնասի չափը դեռևս դժվար է որոշել։ Այնուամենայնիվ, բնակիչներն օգնության կարիք ունեն, քանի որ նրանք զգալի գումարներ են ներդրել կարտոֆիլի ցանքսի մեջ։
«Ընդհանուր առմամբ, ջրհեղեղի է ենթարկվել մոտ 100-120 հեկտար հողատարածք։ Հնարավոր է՝ եթե հողը չորանա, այն կարողանա վերականգնվել։ Վնասվել է մոտ 40 հեկտար վարելահող։ Բերքը լվացվել է 5 հեկտար ցանքատարածքից։ Ինչ վերաբերում է բերքին, որտեղ ջրի հոսքը ուժեղ չէր և շեղակի էր անցել, ավելի քիչ էր վնասվել՝ այնտեղ հիմնականում գարի և հացահատիկ էր։ Այնտեղ, որտեղ ջուրը հոսում էր ուղիղ ուժեղ հոսանքով, կարտոֆիլ է եղել ցանված՝ այդ ամենը քշել է», — ասում է քաղաքապետի ներկայացուցիչ Գառնիկ Ղանդիլյանը։
Ըստ նրա՝ ավերված ջրամբարը կարևոր է ինչպես մոտակա գյուղերի անասնապահության, այնպես էլ գյուղատնտեսության համար։ «Ջրամբարը անասուններին ջրելու վայր է Կորխի, Թոթխամի և Մաջադիայի անասունների համար։ Եվ ոռոգման սեզոնի ընթացքում այն օգտագործում են բոլորը, ովքեր մոտակայքում իրենց բերքը ցանում են։ Ես նույնպես այս ջրավազանից եմ ջրում իմ դաշտը, ինչպես և շատ ուրիշներ։ Չգիտեմ՝ այս հողում կրկին կցանվի՞, թե՞ ոչ։ Այն պետք է չորանա և մաքրվի ջրի հետ դուրս եկած տիղմից։ Հուսով ենք, որ բնակիչներին կօգնեն», — ասում է Գառնիկ Ղանդիլյանը։
Բնական աղետի վայրում գտնվող տեղական իշխանությունները հայտնել են, որ ջրամբարը կվերականգնվի, սակայն նրանք միջոցներ չունեն տուժած գյուղացիներին օգնելու համար: Բերքի ապահովագրությունը լայնորեն չի կիրառվում տարածաշրջանում, և բնական աղետները, ինչպիսիք են ցրտահարությունն ու կարկուտը, մշտապես լինում են։
«Ինչ վերաբերում է ջրամբարին, այն, ամենայն հավանականությամբ, կվերականգնվի այս տարի: Ինչ վերաբերում է մյուս օգնությանը, կա հանձնաժողով, որը պետք է ընդունի տուժած գյուղացիների դիմումները: Դիմում է ներկայացրել միայն գյուղի ներկայացուցիչը: Բայց չգիտեմ, թե ինչ որոշում կկայացվի: Մենք դեռևս տվյալներ չունենք վնասված դաշտերի վերաբերյալ, և դեռևս չենք կարող տեղում հաշվարկել վնասը: Կարծում եմ՝ մի քանի օրից կկարողանանք պատասխանել այս հարցին», — ասել է Ախալքալաքի քաղաքապետարանի տնտեսական զարգացման վարչության պետ Մնացական Փամբուխչյանը:



