Նախնական ռազմական պատրաստվածության կենտրոնը, որը տեղակայված կլինի Ախալքալաքի նախկին թիվ 1 զինվորական ավանի տարածքում, նախատեսվում է բացել արդեն գալիք տարում: Բնակելի շենքերը, որոնք գտնվում են Պաշտպանության նախարարության հաշվեկշռին, դեռ չեն փոխանցվի Ախալքալաքի մունիցիպալիտետին:
Ախալքալաքի թիվ 1 նախկին զինվորական ավանում, գլխավոր մուտքի մոտ, հին անցակետի շենքը քանդվել է, փոխարենը կառուցվում է նորը: Նաև անցակետի հարևանությամբ կառուցվում է տաղավար և բարեկարգվում է ավանի ռազմական մասում գտնվող բնակելի շենքեր տանող ճանապարհահատվածը: Քաղաքի բնակիչների շրջանում լուրեր էին տարածվել, որ նախկին ավտոճանապարհը կփակվի, ու ավտոմեքենաների համար մեկ այլ ճանապարհ կնախատեսվի, բայց արդեն ավանի մյուս կողմից՝ Վաչիանի խճուղու կողմից, նախկին РСГ-ի կողքից:
Մեր հարցերին ի պատասխան Պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է.
«Այս պահին զինվորական ավանում վերականգնողական աշխատանքները շարունակվում են: Նախագիծը բազմամյա է: Նախագծի շրջանակներում, այս փուլում որևէ փոփոխություն չի նախատեսվում ոչ ճանապարհի, ոչ էլ հետիոտնային ճանապարհի տեղակայվածության առումով: Ենթակառուցվածքային աշխատանքները կշարունակվի մինչ տարեվերջ », – ասվում է մեր հարցին նախարարության գրավոր պատասխանի մեջ:
Նշենք, որ թիվ 1 զինվորական ավանը փակվելուց հետո քաղաքի հաշվեկշռին է փոխանցվել ավանի բնակելի ֆոնդը՝ 800 բնակարան, որից մոտ 200 բնակարանը ռազմաբազան փոխանցել էր իր նախկին աշխատակիցներին, ըստ Վրաստանի և Ռուսաստանի միջև համատեղ համաձայնագրի: Այսինքն, Ախալքալաքի ղեկավարությունը իրավունք ուներ բաշխելու մոտ 600 բնակարան: Պաշտպանության նախարարության բնակելի ֆոնդից չեն փոխանցվել միայն երեք շենք, որոնք գտնվում էին ավանի ռազմական մասում:
Պաշտպանության նախարարությունից Jnews- ին հաղորդեցին, որ 27 շենք փոխանցվել է Ախալքալաքի մունիցիպալիտետի հաշվեկշռին, իսկ երեք շենքը դեռևս մնում են Պաշտպանության նախարարության հաշվեկշռին:
«Այսօր նախարարության հաշվեկշռին կա երեք բնակելի շենք: Այդ շենքերը համապատասխան հանձնաժողովն այս փուլում նպատակահարմար չի համարում Ախալքալաքի մունիցիպալիտետի սեփականության փոխանցելը, հաշվի առնելով պաշտպանության շահերն ու կարիքները », – ասվում է նամակում:
Մեր տրված այլ հարցերին Պաշտպանության նախարարությունից պատասխանեցին, որ չեն կարող մանրամասն պատասխան տալ՝ «Պետական գաղտնիքի մասին» օրենքի համաձայն:
«Մանրամասն տեղեկատվությունը պետական գաղտնիք պարունակող տեղեկատվություն է հանդիսանում»:
Հիշեցնենք, որ թիվ 62 ռազմաբազան Ախալքալաքի տարածքից վերջնականապես դուրս եկավ 2007 թվականին, տարածքը փոխանցվելով Վրաստանի պաշտպանության նախարարությանը:
Նախկին թիվ 62 ռազմաբազայի տարածքում Վրաստանի պաշտպանության նախարարությունը կառուցում է նախնական ռազմական պատրաստվածության կենտրոն: Կենտրոնի շինարարությունը մեկնարկել է 2014-ի օգոստոսին: Այն կշահագործվի ենթակառուցվածքային աշխատանքների ավարտից հետո, ինչը, նախարարության հավաստմամբ, նախատեսվում է ավարտել մինչև ընթացիկ տարվա՝ 2019 թվականի վերջը:
Շուշան Շիրինյան