Ախալքալաքի շրջանի Արագվա գյուղում ձմեռային հանգստի կենտրոնն այս տարի դեռ չի սկսել գործել, ոչ այցելուներ կան, ոչ էլ բավարար քանակությամբ ձյուն:
Արագվայի ձմեռային հանգստի կենտրոնում՝ եղևնիների մեջ տեղակայված փոքրիկ տնակում կան բոլոր անհրաժեշտ պայմանները այցելուների հարմարավետությունն ապահովելու համար, բայց ձյան բացակայության պատճառով այցելուներ չկան:
Կենտրոնը բաց է ամեն օր՝ ժամը 14:00-ից մինչև 17:00-ն, այնուամենայնիվ, այստեղ հանգստացող հյուրեր կամ դահուկորդներ չկան:
Ձմեռային հանգստի կենտրոնն ունի երկու մարզիչ:
Ըստ մարզիչ Մերուժան Քուրդօղլյանի, հիմնականում այստեղ գալիս են Արագվա գյուղի աշակերտները, երբեմն հյուր են դառնում հարևան գյուղերից և Ախալքալաք քաղաքից եկածները, բայց այդպիսիք շատ քիչ են:
Ըստ նրա, կենտրոնը գործում է արդեն մի քանի տարի, բայց դեռ նման բան տեղի չէր ունեցել:
«Այս տարի այցելուներ ընդհանրապես չկան, բայց մենք դրա հետ ոչինչ չենք կարող անել, քանի որ դա մեզանից չէ կախված, այլ եղանակից», – ասում է Մերուժան Քուրդօղլյանը:
Ինչպես բացատրում է մարզիչը, առնվազն 20 սմ ձյուն և ուժեղ սառնամանիք պետք է լինի, որպեսզի մարդիկ կարողանան դահուկ քշել:
Ըստ նրա, նախկինում ձմռանն ունեցել են օրական ավելի քան 50 այցելու, սակայն այս տարի դեռ ոչ մի հոգի:
«Թեև մինչև գարուն ժամանակ կա, հնարավոր է՝ ուժեղ տեղումներ ձյան տեսքով», – ասում է նա:
Ըստ մարզչի` կենտրոն կարող են այցելել բոլոր ցանկացողները` 7 տարեկանից սկսած, ինչպես տղաներ, այնպես էլ աղջիկներ:
Եթե այցելուները չգիտեն դահուկ քշել, ապա առաջին հերթին նրանք սովորում են դահուկավազքը փոքրիկ տարածքում, իսկ երբ արդեն պատրաստ են լինում, նրանց դահուկորդների համար հատուկ նախատեսված ճոպանով բարձրացնում են լեռնադահուկային մայրուղու սկիզբը և այնտեղից նրանք լանջից իջնում են ներքև:
Դահուկային ուղու ընդհանուր երկարությունը կազմում է 280 մետր:
Միայն պրոֆեսիոնալ դահուկորդներին է թույլատրվում դահուկավազք լեռնադահուկային մայրուղով:
Բրատիսլավ Իգիթխանյան