Ախալքալաքի շրջանի Աբուլ գյուղի բնակիչները, 2020թ-ի հունվարի 13-ին, պաշտոնական հայտարարությամբ դիմել են ինքնակառավարման տեղական մարմիններին՝ պահանջելով, որ գյուղում գտնվող «Պաղ Աղբյուր» տեղանքը, որտեղից նրանք ցանկանում են ջուր տանել, «անձեռնմխելի» լինի: Նրանք սպասում են պաշտոնական պատասխանի, այնուհետև կմտածեն իրենց հաջորդ քայլերի մասին:
2019-ի վերջին Աբուլ գյուղի բնակիչները մի քանի անգամ հանդիպել են խորհրդարանի պատգամավոր Հենզել Մկոյանի և մունիցիպալիտետի ղեկավարների հետ, պահանջելով, որ նրանք ուշադրություն դարձնեն իրենց գյուղի սոցիալ-տնտեսական խնդիրներին: Վերջին հանդիպումը տեղի էր ունեցել 2019 թվականի դեկտեմբերի 23-ին: Հանդիպումները ընթանում էին լարված, հուզական մթնոլորտում:
Վերջին հանդիպման ընթացքում համատեղ որոշում էր կայացվել նամակով դիմել տեղական ինքնակառավարման մարմիններին: Նամակում Աբուլի բնակիչները պահանջում են չդիպչել գյուղի բնակիչների համար «սուրբ տեղ» համարվող «Պաղ Աղբյուր» տեղանքին և Խորենիա գյուղում մեկ այլ աղբյուրից խմելու ջուր անցկացնել:
Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.
«Մենք տեղեկացնում ենք Ձեզ, որ բոլոր հանդիպումների հրատապ խնդիրն է Աբուլ գյուղում գտնվող «Պաղ Աղբյուր» կոչվող տեղամասի սակավ ջուրն իր բնությունով, որը աբուլցիների համար հանդիսանում է սրբավայր, այնտեղ կառուցված է երկու հուշաղբյուր, տեղը դպրոցականների համար մշտական էքսկուրսիայի և հանգստի գոտի է: Խնդրում ենք Ձեզ հարգել աբուլցիների «Պաղ Աղբյուր» սրբավայրը և ապահովել այս տարածքի անձեռնմխելիությունը և մեզ գրավոր պատասխան տալ:
Ինչ վերաբերում է Խորենիա գյուղի ջրամատակարարման հարցին, նշում ենք, որ այս գյուղի բնակիչները մեր եղբայրներն ու քույրերն են, նրանք իրավունք ունեն ջուր ունենալու, և մունիցիպալիտետը պարտավոր է նրանց ջրով ապահովել: Բայց մինչ Աբուլ գյուղ հասնելը, որի նախագիծը մոտ 1 միլիոն լարի է, փոխարենը կան մուտիկ գյուղեր, որոնց ջրերը փառաբանվում են իրենց մաքրությամբ և որակով՝ Դիլիֆը, Հեշտիան, Բավրան: Դրանք ավելի մոտ են, և նպատակահարմար ծախսով»:
Դիմումը ստորագրել են գյուղի բնակիչներ՝ Գոռ Երիցյանը, Խորեն Յորդանյանը, գյուղում քաղաքապետի ներկայացուցիչ Սամվել Ղարախրխզյանը, ինչպես նաև Աբուլ գյուղի 101 բնակիչ: Դիմումին կցված է նաև գյուղացիների հետ տեղական իշխանությունների ներկայացուցիչների վերջին հանդիպման (2019 թ. դեկտեմբերի 23) արձանագրությունը:
Ըստ Գոռ Երիցյանի, «Պաղ Աղբյուրը» այնպիսի ջրի աղբյուր չէ, որից հնարավոր է կիլոմետրերով ջուր անցկացնել և գյուղն ապահովել ջրով: Բացի այդ, Աբուլ գյուղը նույնպես խմելու ջրի կարիք ունի, և նրանք իրենք են ցանկանում օգտագործել այս աղբյուրը: Չկարողանալով ապահովել գյուղը, որտեղ գտնվում է աղբյուրը, նրանք փորձում են կիլոմետրերով ջուրը հասցնել մեկ այլ գյուղ: Բնակիչները գտնում են, որ «Պաղ Աղբյուր» տեղանքից Խորենիայի ջրամատակարարման նախագիծը մշակելուց առաջ տեղական իշխանությունները պետք է քննարկեին դա գյուղացիների հետ:
«Մենք ինքներս էինք ուզում այնտեղից ջուր քաշել, ջուրը անալիզի տարանք, ասացին, որ ջուրը պիտանի չէ խմելու համար: Եթե անալիզի արդյունքները չեն խանգարում, մենք ջուրը կանցկացնենք և առանց խմելու ջրի մնացած մոտ 20 ընտանիքներին կապահովենք ջրով», – ասում է Գոռ Երիցյանը:
Գյուղում ապրում է մոտ 120 ընտանիք, և գյուղի մի հատվածը, որտեղ ապրում է մոտ 20 ընտանիք զրկված է ջրից:
Աբուլցիները բողոքում են. «Մենք շրջանի խորթ տղերքն ենք»
Տեղական իշխանությունների ներկայացուցիչները հանդիպում են անցկացրել Աբուլում