Ախալքալաքի մունիցիպալիտետի Կաջո և Սիրկվա գյուղերը, համեմատած մյուս, հեռավոր գյուղերի, համեմատաբար բարենպաստ պայմաններում են։ Բայց միևնույն է, այս գյուղերում ևս խնդիրները շատ են՝ գյուղացիները կարտոֆիլը չեն կարողանում վաճառել, Կաջոյում փողոցը ասֆալտապատվել է առանց մայթի, Սիրկվայում՝ ընդհանրապես, ասֆալտապատված չէ, ասֆալտապատ ճանապարհին «պառկած ոստիկաններ» չկան, երիտասարդները ժամանցի տեղ չունեն, չկա մարզահրապարակ, գյուղերում չկա նաև հասարակական տրանսպորտ։
Ախալքալաքի մունիցիպալիտետի հեռավոր գյուղերում, «Ախալքալաքի բնակչության սոցիալական և տնտեսական զարգացումը իրազեկման միջոցով» ծրագրի շրջանակներում, «Բաց սահմաններ» (Jnews) կազմակերպությունը ապրիլի 6-ին հանդիպեց Կաջո և Սիրկվա գյուղերի բնակչության հետ։ Հանդիպումները կրել են տեղեկատվական բնույթ, այդ գյուղերի բնակչությանը տեղեկատվություն է տրվել Ախալքալաքում առկա ծառայություններից լիարժեք օգտվելու մասին։ Հանդիպումների ընթացքում նաև բացահայտվել են խնդիրներ, որոնց լուծման համար փաստաբանություն կիրականացվի։
Կաջո և Սիրկվա գյուղերում հանդիպումը վարել են «Բաց սահմաններ» ՀԿ-ի համահիմնադիր և Jnews-ի լրագրող Շուշան Շիրինյանը և «Բաց սահմաններ» ՀԿ տնօրեն, Ջավախքի լրատվական կենտրոնի խմբագիր Ռիմա Ղարիբյանը։
Սիրկվա գյուղում կա ընդամենը 23 տնտեսություն, ընդհանուր առմամբ մոտ 100 բնակիչ, հանդիպման էր եկել 25 հոգի։ Նրանք տեղեկացան պետական բժշկական ապահովագրության, գյուղատնտեսական ծրագրերի, սոցիալապես անպաշտպանի կարգավիճակ ստանալու, Վրաստանի քաղաքացիությունը վերականգնելու կամ պահպանելու, գյուղատնտեսական հողերի պետական գրանցման և բազմաթիվ այլ հանրային ծառայությունների մասին: Սիրկվա գյուղի բնակիչները տեղյակ էին Ախալքալաքի բազմաթիվ ծառայությունների մասին, նրանցից որոշներից օգտվում են, իսկ որոշներից՝ ոչ, նորմալ հասարակական տրանսպորտի բացակայության պատճառով։
Հանդիպմանը, ներկաները շատ ակտիվ էին և հետաքրքրված։ Այնուհետև բնակիչներին լսեցին «Բաց սահմաններ» հասարակական կազմակերպության ներկայացուցիչները։ Պարզվեց, որ երիտասարդները չունեն մի վայր, որտեղ կարողանան հանդիպել միմյանց հետ, իրենց ազատ ժամանակն անցկացնել կամ հավաքվել ձմռանը։ Նրանք ցանկանում են, որ Գյուղում բացօթյա մարզասարքեր տեղադրեն և խաղահրապարակ կառուցեն։ Եվ ամենակարեւորը՝ նրանք շատ են ուզում, որ մշտական հասարակական տրանսպորտ աշխատի։ Գյուղում կան ուսանողներ, ովքեր սովորում են Ախալքալաքում և ապրում են վարձով, ինչը նրանց համար հավելյալ ծախս է, ինչպես նաև, գյուղի երեխաների համար Ախալքալաքի մարզական, արվեստի, երաժշտական դպրոցներ հաճախելու հնարավորություն լինի։
Կաջո գյուղում կա 100 տնտեսություն։ Կաջոյի բնակիչները դժգոհում էին, որ գյուղում դեռ շատ կարտոֆիլ է մնացել՝ 500 տոննա, բայց գնորդներ չկան։ Հակոբյան Վարդանուշը դժգոհեց ակումբի վատ վիճակից, խմելու աղտոտված ջրից, ճանապարհին «պառկած ոստիկանների» բացակայությունից:
Բնակիչները բազմաթիվ բողոքներ ունեին ճանապարհաշինարարներից: Ճանապարհը երկու կողմից կառուցվել է առանց ջրանցքների, առանց «պառկած ոստիկանների», իսկ ճանապարհի մեծ մասում մայթեր չկան։ Հատկապես, նրանց առկայության կարիքը զգացվում է գյուղի դպրոցի մոտակայքում։
«Ասֆալտը դա շատ լավ է, մենք շատ ուրախ ենք դրա համար, բայց ճանապարհը կառուցվել է առանց ջրանցքների, ջրանցքները հողային են, այնտեղից ջուրը հոսում է ասֆալտի տակն ու քանդում այն, ճանապարհին «պառկած ոստիկաններ» չկան, մեքենաները շատ արագ են քշում, ճանապարհը մայթ չունի, դա վտանգավոր է երեխաների և տարեցների համար»,- ասում է Յուրա Պապիկյանը։
Գյուղի ասֆալտապատ ճանապարհը 1400 մ է, մայթը՝ ընդամենը 200 մ, մնացած մասում ընդհանրապես չկա: Երեխաները փողոցով դպրոց են գնում, անցնելով ողջ գյուղի տարածքով։ Կաջո գյուղի ճանապարհը ասֆալտապատվել է 2019թ.-ին:
Բնակիչները դժգոհում էին նաև, որ գյուղում բնակիչների միջոցներով բուժկետի շենք է կառուցվել, որը դեռ չի գործում, քանի որ տեխնիկայով հագեցած չէ, չկա բժիշկ ու բուժքույր։
«Ախալքալաքի բնակչության սոցիալական և տնտեսական զարգացումը իրացեկման միջոցով» ծրագիրն իրականացվում է «Բաց սահմաններ» կազմակերպության կողմից՝ գյուղերի բնակչությանն օգնելու նպատակով։ Ծրագրի շրջանակներում իրականացվել է գյուղերի վիճակի ընդհանուր ուսումնասիրություն, որից հետո ընտրվել են կոնկրետ թիրախային գյուղեր, որոնք ամենից շատ խնդիրներ ունեն։ Մինչ Կաջոյի և Սիրկվայի բնակչության հետ հանդիպելը Jnews-ն ուսումնասիրել է գյուղերի խնդիրները։ Տեղեկատվական հանդիպման հիմնական նպատակը ոչ միայն բնակչությանն իրազեկելն էր, որպեսզի նրանք կարողանան օգտվել տարբեր ծառայություններից, այլեւ լսել նրանց ու տեղեկանալ նրանց խնդիրների մասին։