Վերջին տվյալների համաձայն՝ 2019 թվականին մոլեխաղերի ինդուստրիայի շրջանառությունը կազմել է 12 միլիարդ լարի, զուգահեռ աճում է այս ուղղության դերը Վրաստանի տնտեսության մեջ:
Թվերը հստակ ցույց են տալիս երկրի տնտեսության թեք զարգացումը` գործազրկությունը, արտադրողականության պակասը և կադրերի պակասն ուղղակիորեն կապված են մոլեխաղերի ժողովրդականացման հետ:
Բացի այդ, հենց մոլեխաղերն են դարձել բնակչության չափազանց մեծ պարտքերի հիմնական աղբյուրներից մեկը:
Վերջերս կատարված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ Վրաստանի 10 խոշորագույն ձեռնարկատիրական ընկերությունների շարքում 6-ը ներկայացնում են մոլեխաղային բիզնեսը: Դա ակնհայտ ցուցանիշն է նրա, որ երկիրը չունի տնտեսություն:
«Վատ չէ, որ երկրում մոլեխաղեր կան, վատ է այն, որ երկրում չկա արդյունաբերություն և արտադրություն: Ահա և ստացվում է, որ խաղատները և տոտալիզատորները առաջին տասնյակի 6 տեղերն են գրավում», – հայտարարել է Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Կախաբեր Օքրիաշվիլին, ով ինչպես նախորդ, այնպես էլ ներկայիս իշխանություններին մեղադրում է ստեղծված իրավիճակի մեջ:
«Բոլոր իշխանությունները պատասխանատու են մոլեխաղերի տարածման համար, ներառյալ ներկայիս կառավարությունը, որն այսքան տարիների ընթացքում չկարողացավ նույնիսկ արգելել խաղային բիզնեսի գովազդը: Ընդհանրապես, բոլոր իշխանությունների ժամանակ այս ոլորտը գրեթե ամբողջովին կարգավորված չէ», – հայտարարել է պատգամավորը:
Իշխող կուսակցության պատգամավոր Նինո Ծիլոսանիի խոսքով, 2020-ին մի շարք խիստ միջոցներ կձեռնարկվեն մոլեխաղային ռեժիմը կարգավորելու համար, բայց դրա հետ միասին նա չի գտնում, որ խաղամոլությունը մարդկանց աղքատացնում է, այլ հակառակը՝ աղքատությունն է, որ մղում է մարդկանց դեպի մոլեխաղերը:
Նա նաև չհամաձայնվեց այն կարծիքի հետ, որ կանոնակարգերի ներդրումը հետաձգվեց մի քանի տարով՝ այն պատճառով, որ խաղային բիզնեսն ունի խոշոր լոբբիստներ իշխանությունում:
«Սա հուզական կարծիք է, որը հիմնված չէ որևէ ռացիոնալ վերլուծության վրա: Ես կարող եմ ամենայն պատասխանատվությամբ ասել, որ խաղային բիզնեսը լոբբիստներ չունի, մանավանդ, որ խորհրդարանի նախկին խոսնակ Իրակլի Կոբախիձեն, որը հաճախ դրանում մեղադրվում է, այդպիսին չէ: Իհարկե, ցանկացած բիզնես ունի իր կողմնակիցները, որոնց կարելի է անվանել լոբբիստներ, և նրանք աշխատում են տնտեսության հատուկ ճյուղերի օգտին, բայց դա տեղի չի ունենում խորհրդարանի խոսնակի և երկրի բարձրագույն ղեկավարության ներկայացուցիչների մակարդակով», – ասել է պատգամավոր Նինո Ծիլոսանին:
Նրա խոսքով՝ օրենքի ընդունման հետաձգումը պայմանավորված է ավելի մանրամասն վերլուծության անհրաժեշտությամբ, որպեսզի հետագա փոփոխությունները բացասական հետևանքներ չունենան:
«Փետրվարին նախագծի վրա աշխատանքները կվերսկսվեն, և եթե ընդունվեն մի շարք ձևակերպումներ, փաստաթուղթը կներկայացվի խորհրդարանի գարնանային նստաշրջանին», – ասել է նա:
Ոստիկանական վիճակագրության համաձայն՝ 2019 թվականին ազարտային խաղերի պատճառով 17 երիտասարդ ինքնասպանություն է գործել, 7-ը՝ կատարել են ինքնասպանության անհաջող փորձ: Ինքնասպանության տարիքը տատանվում է 14-ից 31 տարեկանի սահմաններում:
«Անտրամաբանական է այս ամենի մեջ մեղադրել իշխանություններին, քանի որ մենք ընկալում ենք խնդիրը այդ սրության և արդիականության մակարդակի հետ միասին, քանի որ դա տեսնում է հասարակությունը: Մենք ցավակցում ենք այն ընտանիքներին, ովքեր կորցրել են իրենց հարազատներին և կանենք ամեն ինչ` այս խնդիրը լուծելու համար: Միևնույն ժամանակ, օրինագիծը, որը ենթադրաբար լուծում էր խնդիրները և մերժվել էր խորհրդարանական մեծամասնության կողմից, իրականում չէր շոշափում այն հարցերը, որոնք ինքնասպանության պատճառ են հանդիսանում: Այդ իսկ պատճառով, մենք ներկայումս աշխատում ենք առավելագույն ճշգրտված և մտածված օրինագծի վրա, որը թույլ կտա մեզ ճիշտ քաղաքականություն վարել ազարտային խաղերի առնչությամբ», – հայտարարել է Նինո Ծիլոսանին:
Նյութը՝ bizzone.info-ից