Թբիլիսիի ամենագեղեցիկ շենքերից մեկում՝ մայրաքաղաքի կենտրոնում գտնվող Մելիք-Ազարյանցի տանը, սկսվել են դրա վերականգնման համար նախապատրաստական աշխատանքները:

Այս մասին հայտնում են «Silk Development» ընկերությունից: Այս պահին ներդրումային խմբին է պատկանում Ռուսթավելի պողոտայում կանգնած պատմական շենքի մեծ մասը, որը զբաղեցնում է գրեթե մի ամբողջ թաղամաս։

Մելիք-Ազարյանցի բազմահարկ Եկամտաբեր տունը՝ լայն ցուցափեղկերով, աշտարակներով և կարկառամասերով, կառուցվել է անցյալ դարի սկզբին՝ ճարտարապետ Նիկոլայ Օբոլոնսկու նախագծով։ Այն ժամանակ այն շքեղ էր ոչ միայն արտաքնապես, այն ուներ նաև սեփական էլեկտրամատակարարումը, ջրագիծ, ջեռուցում, արվեստի պատկերասրահ կար և էկզոտիկ բույսերով լցված այգի, կինոթատրոն ու ֆոտոսրահ և այլևայլ հարմարություններ։ Խորհրդային տարիներին Թբիլիսիի հենց կենտրոնում գտնվող տունը վերածվել էր հսկա բազմաբնակարան տան։

2007 թվականից «Silk Road Group»-ը բնակարաններ է գնում բնակիչներից, այժմ ընկերությանը պատկանում է ընդհանուր տարածքի մինչև 80 տոկոսը։ Տարածքի մնացած մասը պատկանում է առանձին բնակարանների և կոմերցիոն տարածքների սեփականատերերին։

«Silk Development»-ը հայտնել է, որ ավարտել է շենքի նկուղային հարկերի մաքրման աշխատանքները: Այստեղ տասնամյակներ շարունակ կենցաղային աղբ էր կուտակվում և այն փաստացի վերածվել էր աղբանոցի։

Տան ստորգետնյա տարածքը դրանք երկու հարկերն են՝ մինչև 2000 քմ մակերեսով։ Սյուներով, կամարներով և բարձր առաստաղներով տարածքները կարգի բերելու համար ծախսվել է մինչև 200 000 լարի։

Աշխատանքները հնարավորություն են տվել գնահատել տարածքի ընդհանուր վիճակը, որտեղ հնարավոր չէր մտնել աղբի պատճառով։ Ծրագրերը ներառում են շենքի հիմքի և կառուցվածքային մասի ամրացում, որից հետո նախատեսվում է վերականգնել նրա սկզբնական տեսքը, վերականգնել ճակատային մասերը, զարդաքանդակներն ու դեկորները, հեռացնել շենքի հետնամասի ապօրինի կառույցները և վերականգնել ավանդական փայտե պատշգամբները, որոնք վնասվել են շենքի հրդեհման ընթացքում, 2015թ.-ին:

Այս փուլում ժամանակավորապես ամրացվում են ներքնահարկերը և վերնահարկերի կարկառամասերը: Ստուգվում է ջրահեռացման համակարգը, գնահատվում է վնասված կոյուղային խողովակների վիճակը, ինչի պատճառով տարիներ շարունակ հիմքը վնասվում էր։

Շենքի վերականգնման և արտաքին տեսքի պահպանման վերջնական նախագիծը կհամաձայնեցվի Թբիլիսիի քաղաքապետարանի հետ, ասվում է մամուլի հաղորդագրության մեջ։

Ալեքսանդր Մելիք-Ազարյանցը՝ XIX-XX-րդ դարի սկզբի ականավոր գործարար, ձեռնարկատեր և բարերար է: Ծնվել է Թբիլիսիում՝ 1847թ.-ին:

Մելիք-Ազարյանցը շատ հարուստ էր՝ նա ուներ պղնձի հանքեր և նավթավերամշակման գործարաններ, նավթի հանքեր Բաքվում, քարի հանքեր, առաջին քարհանքը, Եկամտաբեր տունը՝ ներկայիս Ռուսթավելիի պողոտայում և երկու տուն Սուլխան-Սաբա և Լերմոնտով փողոցներում։

Ռուսթավելի պողոտայում գտնվող նրա տունը տխուր պատմություն ունի: Ընկղմվելով հսկայական նոր նախագծում, որը ենթակառուցվածքների և շինարարական մոտեցման առումով տասնամյակներով առաջ էր ընկել իր ժամանակից, վաճառականը փորձում էր դրանով փարատել իր դուստրերից մեկի մահվան ցավը:

Բազմաբնակարան շենքը սկսել է կառուցվել 1912 թվականին և այն կառուցել են երեք տարում։ Մինչ տան կառուցումը դրա տեղում աղբանոց էր և զորանոցներ։ Այս վայրում ստորերկրյա ջրերով շատ բարդ ռելիեֆ էր, ուստի շենքին անհրաժեշտ էր խորը հիմք, որը գցելիս օգտագործվել է կապար։

Ի հիշատակ դստեր՝ վաճառականը կարգադրել է տունը զարդարել քարե զարդապսակներով, իսկ շենքի վերնահարկի անկյունի լուսամուտի որմնախոռոչները կառուցվել են արցունքի տեսքով։

Քաղաքային լեգենդներից մեկն այն է, որ Մելիք-Ազարյանցի մեծահարուստ ընկերները հիմքը դնելիս փոսն են նետել փող ու թանկարժեք զարդեր՝ ի նշան հաջողության։

Մելիք-Ազարյանցը խորհրդայնացումից հետո չի արտագաղթել Վրաստանից: Վրաստանի երբեմնի ամենահարուստ բնակիչներից մեկը մահացել է 1923 թվականին, Թբիլիսիում։