Թվային հեռարձակման անցման հետ կապված` Ախալքալաքում անջատվել է տեղական հեռուստատեսային ալիքների հեռարձակումը: Նինոծմինդայի «Փարվանա» հեռուստաալիքում գտել են որոշակի ելք: Հեռուստադիտողների մոտ դժվար է ստացվում հեռուստացույցների վերակարգավորումը, որպեսզի ընդունեն թվային ազդանշանը:

Օգոստոսի 18-ից Ախալքալաքում մասնավոր հեռարձակողները պետք է անցնեին հեռարձակման թվային ձևաչափի: Բայց բանը նրանում է, որ թվային հեռարձակման սարքավորումը թանկ է: Ախալքալաքում հեռարձակող մասնավոր ալիքները` ԱՏՎ 12 և Էվրիկան, սարքավորումները թանկ լինելու պատճառով` չեն կարող ձեռք բերել: Դրա արդյունքում արդեն երկու ամիս է, ինչ նրանք եթեր դուրս չեն գալիս:

Իրենց կողմից բնակիչները սեփական միջոցներով պետք է ձեռք բերեն և տեղադրեն «Set-Top Box» ցուցադրիչը, որը արժի 40-ից մինչև 60 լարի ու վաճառվում է Ախալքալաքի հեռուտատեխնիկայի սարքավորումների միայն մեկ խանութում:

Պետք է նշել նաև, որ հեռուստացույցների վերակարգավորման մասին ոչ բոլորը գիտեն, եթե նույնիսկ իմացել են այդ մասին. կամ չգիտեն թե որտեղից գնեն ու տեղադրեն, կամ չունեն հնարավորություն գնելու:

Սոցիալապես անապահով ընտանիքներին ու միայնակ թոշակառուներին նման սարքավորումներ տրամադրում է պետությունը: Կարիքավորներին սարքավորումը ուղարկել են փոստով: Ախալքալաքում նման ցուցադրիչներ արդեն բաժանել են: Շատ ստացողներ, տեղեկատվության բացակայության պատճառով, կամ էլ շահույթ ստանալու նպատակով` դրանք վաճառում են:

Իմանալու համար, թե նկատել են արդյոք բնակիչները, որ տեղական ալիքները դադարել են եթեր դուրս գալ` jnews.ge-ն անցկացրեց փոքրիկ հարցում տեղացիների մոտ: Հարցում անցկացվեց Ախալքալաքի շրջանի 30 բնակիչների մոտ: Հարցման արդյունքներով` յոթ հարցման մասնակիցներ նույնիսկ չեն էլ նկատել, որ տեղական ալիքները դադարել են դուրս գալ եթեր: Տասնվեց մարդ նշեց, որ հաճախ չեն նայում, բայց հետո ավելացրին, թե դիտում են մահախոսական տեղեկությունների հաղորդումը: Յոթ մարդ ցանկություն հայտնեց, որ տեղական ալիքները վերականգնեն իրենց հեռարձակումը:

ԱՏՎ 12 հեռուստաալիքի տնօրեն Վալիկ Քթոյանը հույս է հայտնում, որ մինչև Նոր Տարի իրենք դուրս կգան եթեր:
«Հիմա մենք սարքավորում չունենք: Այն շատ թանկ արժի, կամ պետք է ինչ-որ մի բան անենք, կամ փակվենք: Ելքը ձեռքբերելու մեջ է, բայց ով կօգնի, դեռ չգիտեմ: Պետությունը ընդհանրապես ոչ մի բան չի խոստացել, մեր հույսը ոչ կառավարական կազմակերպություններն են»,- ասում է Վալիկ Քթոյանը:

Նինոծմինդայի «Փարվանա» հեռուստաընկերությունը արդեն 20 օր դուրս է գալիս եթեր: «Փարվանա» հեռուստաընկերության տնօրեն Ալբինա Վարդանյանի խոսքով` թվային հեռարձակման սարքավորումը շատ թանկ է, առանց որևէ մեկի օգնության` իրենք չեն կարող ձեռքբերել այն:

«Մենք մտանք ՍՊԸ «Ավետ» համակարգի մեջ. այս համակարգը Ռուդիկ Ավետիսյանին է և անվճար տալիս է ազդանշան, որը կարելի է ստանալ ընդունիչով: Այժմ բոլոր արբանյակները ընդունում են «Փարվանա» ալիքը: Մարդիկ միայն պետք է տեղադրեն հավելյալ արբանյակային ափսե և ընդունող գլխիկ` ուղղեն այն հեռուստակայանի ուղղությամբ ու կունենան ազդանշան: Ես ստուգել եմ, ազդանշանը ծածկում է ամբողջ շրջանը»,- ասում է Ալբինա Վարդանյանը:

Սեփական հաճախականությամբ եթեր դուրս գալու համար, «Փարվանայի» տնօրենը գոնե մասնակի օգնության հույս ունի:
«Մեզ պետք է օգնեն կամ ոչ կառավարական կազմակերպությունները, կամ հիմնադրամները` այդ սարքավորումը ձեռքբերելու համար: Գոնե կես մասը վճարեին, մյուս կեսն էլ մենք կավելացնեինք»,- ասում է նա:

Առաջխաղացման մի քայլ ևս, որ համարվում է թվային հեռարձակումը, դժվար է ստացվում: Վրաստանում թվային հեռարձակման անցնելու մասին վաղուց էին խոսում, բայց երևում է, նախնական նախապատրաստական քիչ աշխատանք էր կատարվել. դրա համար էլ առաջացան դժվարություններ:

Շուշան Շիրինյան