Ջավախքը հայտնի է որպես այնպիսի տարածաշրջան, որտեղ ապրում են էթնիկ փոքրամասնությունները՝ Վրաստանի հայերը։ Իսկ հենց բուն Ջավախքում բնակվում են նաև ռուս դուխոբորներ, հույներ, վրացիներ և գնչու-բոշաներ՝ նրանք հայերի համեմատ փոքրամասնություն են։ Որքան շատ են ազգություններն, այնքան հարուստ է շրջանի մշակույթն ու ավանդույթները, սակայն խնդիրները ևս հարուստ են իրենց բազմազանությամբ։ Մեծամասնության մեջ փոքրամասնության և փոքրամասնության մեջ փոքրամասնության կյանքի առանձնահատկությունները Jnews-ի նյութում:

Ռուս-դուխոբորներ
Նինոծմինդայի 9 գյուղերից, որտեղ ժամանակին հաստատվել են դուխոբորները, այժմ մնացել է միայն երկուսը, որտեղ նրանք բնակվում են

2014 թվականի մարդահամարի տվյալներով Նինոծմինդայի մունիցիպալիտետում բնակվում էր 184 ռուս դուխոբոր։ Այսօր Գորելովկայում և Օրլովկայում ապրում է մոտ 100 դուխոբոր։

Այստեղ արդեն հոգնել են լրագրողների և նրանց ավանդույթներով հետաքրքրվող մարդկանց ուշադրության կենտրոնում լինելուց։ Հարցերին պատասխանում են անհավես՝ մտածելով, որ բոլորն արդեն ամեն ինչ գիտեն իրենց մասին։

Դուխոբորները Նինոծմինդայի մունիցիպալիտետ (նախկին Բոգդանովկայի շրջան) են աքսորվել 19-րդ դարում։ Նրանք կոմպակտ կերպով բնակություն են հաստատել Վլադիմիրովկա, Տամբովկա, Ռոդիոնովկա, Բոգդանովկա (Նինոծմինդա), Սպասովկա, Օրլովկա, Գորելովկա, Եֆրեմովկա և Կալինինո գյուղերում։

duxoburiՏիպիկ դուխոբորի տուն

Դուխոբորական տները Ջավախքի համար հետաքրքիր են իրենց յուրահատուկ տեսքով։ Ցածր, մեկ հարկանի տների ճակատները պատված են սպիտակ կամ բաց կապույտ սվաղով, իսկ ճակատները զարդարելու համար օգտագործվել են կամ դռների ու պատուհանների շրջակալներ, կամ ծածկոցափեղկեր։ Ինչպես նաև հարթ տանիք՝ հողային մակերեսով, որն անսովոր է այս տարածքներում։

Այդ տներից շատերում արդեն բնակվել են հայերն ու վրացիները, քանի որ հետխորհրդային տարիներին դուխոբորները սկսել են լքել այդ վայրերը հայրենադարձության ծրագրի և պարզապես ապրելու ավելի լավ պայմաններ փնտրելու նպատակով։ Միգրացիան հիմա էլ չի դադարել, բայց կան մարդիկ, ովքեր չեն պատրաստվում հեռանալ Գորելովկայից։

Բալաբանով Վասիլին այն քչերից է, ով նախընտրել է մնալ Գորելովկայում։ Նա ունի երկու զավակ։

«Մի քանի սերունդ է, մենք ապրում ենք այստեղ և չենք պատրաստվում հեռանալ, երեխաներս այստեղ են: Հիմա Ռուսաստանից են գալիս, աղջիկս Հայաստանում է սովորել, աշխատում է դպրոցում, տղաս էլ է աշխատում դպրոցում տնտեսական մասով: Երեխաներս դեռ մնացել են։ Մեր հարեւանությամբ ապրում են և՛ հայեր, և՛ վրացիներ։ Մենք հաշտ ենք իրար հետ»,- պատմում է նա:

Ընդհանուր առմամբ, երիտասարդները ձգտում են հեռանալ՝ աշխատանքի, ազատ ժամանակ զբաղմունքի և առաջխաղացման հնարավորությունների բացակայության պատճառով, իսկ ավագ սերնդին այստեղ է պահում է տնտեսությունը, հանգստությունն ու սովորությունը։ Տատյանայի երեխաները մեկնել են Մոսկվա, իսկ դուստրերից մեկն ամուսնացել է ու մնացել այստեղ։

«Ես կցանկանայի տեսնել իմ հարազատներին, նրանք Ստավրոպոլի երկրամասում են, նրանք գնացել են 90-ականներին, սակայն ես տնտեսություն ունեմ, հավեր, կովեր»,- ասում է նա։

Գորելովկայից Սմորոդին Անդրեյը զբաղվում է անասնապահությամբ։

«Իմ նախնիներն այստեղ են թաղված, մեր հայրենիքն այստեղ է, ես 4 երեխա ունեմ, կեսն այստեղ, կեսն այնտեղ՝ Ռուսաստանում: Երիտասարդների համար այստեղ ավելի բարդ է, աշխատանք գտնելը դժվար է, ուստի մեկնում են: Մենք անասնապահությամբ ենք զբաղվում։ Ժամանակին ազգային հողի վրա կոնֆլիկտներ եղել են, հիմա արդեն լավ հարաբերություններ ունենք հայերի, աջարների (էկոմիգրանտներն Աջարիայից) հետ: Մենք տոները նշում ենք ուղղափառ տոները, նրանք մերն են: Միայն Նոր Տարին ենք միասին նշում»,- ասում է Անդրեյ Սմորոդինը։

doxoburi «Որբատունը» Գորելովկայում

Սմորոդինի խոսքով, ոչ ոք չի խանգարում արտահայտել սեփական ազգային ինքնությունը, նրանք հնարավորինս պահպանում են իրենց ինքնությունը։ Բայց երիտասարդների հեռանալու պատճառով ջավախքցի դուխոբորների ապագան մնում է հարցականի տակ։

Գորելովկայում կա «Որբատուն», որտեղ նրանք հավաքվում են կիրակի օրերին, երգում ու աղոթում տոների ժամանակ։ «Որբատունը» անվանում են նաև «Աղոթքի տուն»։ Խորհրդային տարիներին տունը վերածվել էր պահեստի։ Հիմնականում այնտեղ հավաքվում են մեծահասակները։

Դուխոբորներն ամուսնանում են հայերի և վրացիների հետ: Գորելովկայում գործում են հայկական, վրացական և ռուսական դպրոցներ։ Դպրոցից հետո հիմնականում երիտասարդներն, ուսում ստանալու համար, մեկնում են Հայաստան։

Մաղագործներ

Բոշաներ – Հայաստանում, Վրաստանում և Թուրքիայում բնակվող գնչուների ազգագրական խումբ

Ախալքալաքի բոշաները ասիմիլացված են: Նրանք իրենց առնմանեցնում են Ջավախքի հայերի հետ։ Տեղահանված հայերի հետ նրանք եկել են Օսմանյան կայսրությունից։ Կեսը հաստատվել է Ծալկայում, բայց հետո վերադարձել Ախալքալաք։ Վրաստանում բոշաները, բացի Ախալքալաքից, ապրում են Թբիլիսիում, Գորիում, Ախալցիխեում։

Բոշան համայնքի ներկայացուցիչների համար անցանկալի անուն է, եթե անհրաժեշտություն կա առանձնացնելու էթնիկ խմբին, նրանք նախընտրում են իրենց անվանել մաղագործներ, սակայն, ընդհանրապես, նրանք գերադասում են չտարբերել իրենց տեղի հայերից։ Ախալքալաքում նրանք ապրել և ապրում են քաղաքի հին, հյուսիս-արևելյան մասում։ Մինչ այժմ տեղացիները քաղաքի այս հատվածն անվանում են «բոշա մայլա», ինչը նշանակում է գնչուական փողոց։

bosha mayla Մաղագործների փողոցները հիմնականում դիքությունների վրա են

Ախալքալաքցի մաղագործները, ինչպես էթնիկ խմբի մյուս բոլոր ներկայացուցիչները, միշտ փորձել են չտարբերվել բնակչության մեծամասնությունից։ Պատմականորեն նրանք սոցիալական հիերարխիայում ցածր դիրք են զբաղեցրել, ուստի չեն ցանկանում բացահայտել իրենց պատկանելությունն այս ազգագրական խմբին։ Ձուլումը միշտ էլ եղել է նրանց ինքնանպատակը։ Տասնամյակներ առաջ հետազոտողները ասում էին, որ որպես էթնիկ խումբ, բոշաները, տարրալուծվելով մեծամասնության մեջ, շուտով կվերանան:

Տասնյակ տարիներ առաջ ախալքալաքցի մաղագործները զբաղվել են մաղի, թիթեղյա արտադրանքի պատրաստմամբ ու վաճառքով, նրանք լավ կոշկակարներ ու գլխարկագործներ էին։ Այժմ մաղագործները մաղերի արտադրությամբ չեն զբաղվում, բայց լայնորեն ներկայացված են քաղաքի առևտրում։ Եթե նախկինում երեխաներին վաղ տարիքից արհեստ էին սովորեցնում, համարելով, որ բարձրագույն կրթությամբ դժվար է օրվա հացը վաստակել, ապա հիմա շատերն արդեն բուհ են ընդունվում։

bazar4 Ախալքալաքի գյուղատնտեսական շուկայում շարք կա, որտեղ հիմնականում առևտուր են անում մաղագործները

Այս էթնիկ խմբի ներկայացուցիչ է Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյի պատգամավոր Կարապետ Պալոյանը։ Նա հպարտությամբ ասում է, որ իր պապը (մոր հայրը) Ախալքալաքում առաջին վարորդն է եղել՝ Շոֆեր Ակոն, իսկ եղբայրը՝ առաջին տաքսու վարորդը, անունը՝ Սերոժ։

«Հիմա այստեղ շատ բան է փոխվել, երիտասարդները բարձրագույն կրթություն են ստանում: Այժմ մեզ համար այլազգիների հետ ամուսնանալն ու կնության առնելը խնդիր չէ»,- ասում է Կարապետ Պալոյանը։

Այժմ Ախալքալաքում ապրում է մաղագործների մոտ 500 ընտանիք։ Նրանք չունեն իրենց սեփական գիրը, բայց ունեն իրենց լեզուն՝ լոմերենը կամ լոմավրենը։ Մաղագործները խոսում են սովորական տեղական հայերենի բարբառով, լոմավրենը գործածում են, այն ժամանակ, երբ չեն ցանկանում, որ ուրիշները հասկանան իրենց խոսակցությունը։ Բայց երիտասարդ սերունդն այլեւս չգիտի և, հիմնականում, չի ցանկանում սովորել այս լեզուն։

Նախկինում Ախալքալաքում խտրական վերաբերմունք կար, մարդկանց բաժանում էին քաղաքացու, գյուղացու և բոշաների խմբերի։ Հատկապես դպրոցներում մաղագործների երեխաների նկատմամբ խտրական վերաբերմունք էր ցուցաբերվում, նրանց ծաղրում էին՝ մատնանշելով, որ նրանք բոշա են, վերջիններս էլ վիրավորվում էին։ Բայց հիմա, երբ այս խնդիրը վերացել է, ասիմիլյացիան արդեն ակնհայտ է։

«Հիմա էլ անդաստիարակ մարդիկ կարող են երեխաներին բոշա բառով ծաղրել, հատկապես դպրոցում՝ երեխաներին: Մենք հատուկ ավանդույթներ չունենք: Չունենք նաև համայնքի ղեկավար։ Մենք շատ ենք հարգում մեծերին, հաճախ հարգանքից ելնելով ոչ թե անունով ենք դիմում, այլ ասում ենք եղբայր»,- ասում է Կարապետ Պալոյանը։

Հույներ

Ջավախքի հույները ապրում են Խոսպիոյում, Բավրայում և Նինոծմինդայում, նրանք մասամբ են ասիմիլացված

Վրաստանում և մասնավորապես Ջավախքում Պոնտոսի հույները Օսմանյան կայսրությունից տեղափոխվել են 1918թ.-ին: Այդ ժամանակ Վրաստանում բնակություն հաստատած հույների 22 ընտանիքների թվում էր նաեւ Իոաննա Մացուկատովի ընտանիքը։ Նրանք սկզբնապես հաստատվել են Ծալկայի շրջանի Ռախա գյուղում։

«Հաստատվելուց 2-3 ամիս անց պապս մահացել է, հիմա նա թաղված է Ռախա գյուղի եկեղեցու բակում: Տատիկս կրկին ամուսնացել է: Հայրս գնացել է Կախեթ, հետո՝ Կոթելիյա գյուղ, հետո բնակություն հաստատել Խոսպիոյում: Մենք մեր լեզուն ունենք, ես մի քիչ խոսում եմ մեր լեզվով: Մեր մոտ ոչ մի հունական ավանդույթ չի պահպանվել, հիմնականում վրացական ավանդույթներն են: Բայց երբ ինձ հարցնում են, թե ինչ ազգի եմ, ասում եմ հույն»,- ասում է Գիորգի Մացուկատովը:

Ջավախքի հույները, ովքեր ապրում են վրացիների մեջ, պահպանում են վրացական սովորույթներն ու սովորույթները, իսկ հայերի մեջ ապրողները՝ հայկական ավանդույթները։ Պոնտոսի հույների լեզվով խոսում են միայն մեծերը։

Գիորգի Մացուկատովն ունի բազմազգ ընտանիք, նա հպարտանում է դրանով։

«Իմ 80 տարիների ընթացքում ես խտրականություն չեմ տեսել, ընդհակառակը, մենք բազմաթիվ ամուսնություններ ունենք այլ ազգերի հետ, մենք խիստ չենք այս հարցում: Կինս մեգրելուհի է, եղբորս կինը՝ ուկրաինուհի, մյուս եղբորս կինը՝ աջարուհի ( վրացի Աջարիայից): Ոչ մի շահերի սահմանափակում չեմ տեսել, հարևաններս հայեր են, հարազատներիս մեջ ևս հայեր կան: Ես կարողանում եմ գրել և կարդալ հայերեն, ինքս եմ սովորել այս ամենը, ինքնուսույց եմ: Կարող եմ խոսել նաև թուրքերեն: Երբ մեր նախնիները Թուրքիայից եկան, թուրքերեն էին խոսում: Մորս մահից հետո՝ 2009 թվականից, մեր տանը թուրքերեն ոչ ոք չի խոսում»,- պատմում է Գիորգի Մացուկատովը։

Խոսպիո գյուղում ապրում է 20 հույն ընտանիք։ Նրանք գյուղի մյուս բոլոր բնակիչների նման զբաղվում են հողագործությամբ, անասնապահությամբ։

Գիորգի Մացուկատովը Վրաստանը համարում է իր հայրենիքը, Հունաստանը՝ իր պատմական հայրենիքը։ 90-ականներին Վրաստանից շատ հույներ են մեկնել իրենց պատմական հայրենիք։

macukatov Գիորգի Մացուկատով, 80 տարեկան

«Ես այստեղ եմ ծնվել, ապրում եմ այստեղ, հոգևոր կապ ունեմ Վրաստանի հետ, իրականում Վրաստանի քաղաքացի եմ: Երիտասարդներն ուզում են գնալ Հունաստան, բայց նրանց այդ երկիրը չի գծվում որպես պատմական հայրենիք, պարզապես գնում են նյութական շահի հետևից»,- ավելացնում է Մացուկատովը։

Երկար ժամանակ Գիորգի Մացուկատովը եղել է Ջավախքի հույն համայնքի ղեկավարը։ Այժմ Համայնքը ղեկավարում է Միխայիլ Կոլիկիդին։ 15 տարի առաջ նա Ախալքալաքում կիրակնօրյա դպրոց է բացել, որտեղ հունարեն են դասավանդում։ Դպրոցի նպատակն է կանխել ասիմիլյացիան, պահպանել հունական ինքնությունը։

Միխայիլ Կոլիկիդիի խոսքով, դպրոցում սովորում են ոչ միայն հույները, այլեւ հայերն ու վրացիները։ Նա պնդում է, որ դպրոցն օգնում է պահպանել ջավախքցի հույների ինքնությունը։

«Փոքր երեխաներն իրենց կամ հայ էին համարում, կամ վրացի, բայց դպրոցը գալուց հետո, երբ հարցնում էին, թե ինչ ազգության են, պատասխանում էին՝ հույն։ Նրանք արդեն հետաքրքրված են Հունաստանի պատմությամբ, արդեն հույների պես են մտածում։ Հիմնականում մենք հպարտ ենք, որ ապրում ենք Վրաստանում։ Փոքր տարիքում՝ մինչև 12 տարեկանը, ես չգիտեի, թե որ ազգությանն եմ պատկանում: Ես առաջինը հայերեն եմ սկսել խոսել: Ընդհանուր առմամբ դա անհատական է, կախված է յուրաքանչյուր ընտանիքից»,- ասում է Միխայիլ Կոլիկիդին։

Միխայիլ Կոլիկիդիի խոսքով, 10 տարի առաջ Ջավախքում ապրել է 123 հույն ընտանիք։
greki genocid 2023 թվականի մայիսի 19, Պոնտոսի հույների ցեղասպանության օրը Օսմանյան կայսրությունում, Ախալքալաքի հույները, հայերը, վրացիները գալիս են ցեղասպանության անմեղ զոհերի հուշարձանին։

Հայեր

Հայերը կազմում են Ջավախքի բնակչության մոտ 94%-ը

Ալմասյանների ընտանիքն ապրում է Ախալքալաքի մունիցիպալիտետի Օրջա գյուղում։ Սա Ջավախքի միջին վիճակագրական ընտանիք է։ Զբաղվում են գյուղատնտեսությամբ։ Ընտանիքի տղամարդը 22 տարի է, ընտանիքը պահելու համար, մեկնում է Ռուսաստան արտագնա աշխատանքի։

Ալմասյանների ընտանիքի պատմությունը հետաքրքիր է նրանով, որ այն իր մեջ է հավաքագրել ջավախահայության կյանքի բոլոր հիմնական պահերը։ Ընտանիքը գոյատևում է արտերկրից ստացված միջոցներով։ Մի պահ կար, երբ ընտանիքը մշտապես ապրելու նպատակով պատրաստվում էր տեղափոխվել Ռուսաստան։ Նրանք հրաժարվում են Վրաստանի քաղաքացիությունից։ Բայց ինտեգրացիոն ալիքն է անցնում այս ընտանիքի վրայով, դուստրը՝ Լիդան, իր համառության շնորհիվ վերադարձնում է Վրաստանի քաղաքացիությունը և սովորում ԹՊՀ-ի միջազգային հարաբերությունների ֆակուլտետում։

Լիդայի եղբայրը՝ Գրիշա Ալմասյանը, նույնպես ցանկանում էր սովորել Թբիլիսիում, բայց քանի որ նա օտար երկրի քաղաքացի է, չի կարող Վրաստանում անվճար բարձրագույն կրթություն ստանալ, ընտանիքի համար դժվար էր տարեկան 8000 լարի ապահովել։ Գրիշան սովորում է Հայաստանում։

Ոսկեհատ Ալմասյանը Գրիշայի և Լիդայի մայրն է։ Նա ուրախ է, որ դուստրը վրացերեն գիտի, ինքն էլ է ցանկանում սովորել վրացերեն, բայց դրա համար ժամանակը չի հերիքում։

Լիդայի տատիկը՝ Ռոզան, կարծում է, որ երեխաները պետք է սովորեն վրացերեն, իսկ տեղի հայերի պետական լեզվի չիմացությունը համարում է ընդհանուր բացթողում։

«Տալիս երեխաները վրացիներ են, երբ նրանք գալիս էին, մենք դժվարանում էինք շփվել, եթե վրացերեն իմանայինք, լավ կլիներ, նախկինում հաճախ էին մեզ հյուր գալիս, ես նրանց հետ վրացերեն էի խոսում, բայց հիմա արդեն մոռացել եմ: Առաջ վրաց լեզվին այդքան ուշադրություն չէր դարձվում»,- ասում է Ռոզա տատիկը։

lida mama Հարս ու սկեսուր՝ Ոսկեհատ և Ռոզա Ալմասյանները

Ալմասյանների ընտանիքն իր մեջ է առել տարբեր տեղական բարքեր և ավանդույթներ տարբեր տենդեցներ։ Պահպանելով ընտանիքին ներհատուկ ավանդույթը, նրանք կարծում են, որ դուստրը պետք է լինի նոր սերնդի վառ ներկայացուցիչ։

«Ես ստիպել եմ, որ մեքենա վարել սովորի: Նա մանուկ հասակում ամաչկոտ էր, հիմա փոխվել է, հպարտանում եմ նրանով, նա միշտ եղել է առաջինը, նպատակասլաց, լուրջ: Տղաս էլ է խելացի, բայց Լիդայի հակառակ պատկերն է՝ շատ կենսուրախ, հումորով»,- ասում է Ոսկեհատը։

Ջավախքի հայերի մեծ մասը դեռ չի տիրապետում պետական լեզվին։ Ինչպես և Ալմասյանների ընտանիքը, Ջավախքի բնակչությունը, ընտանիքը պահելու համար խոպան է գնում։ Բարձրագույն կրթություն ստանալու համար հիմնականում ընտրում են կամ Հայաստանի, կամ Վրաստանի բուհերը, սակայն տարիների ընթացքում վրացական բուհեր ընդունվում են ավելի ու ավելի շատ ուսանողներ։ Քաղաքացիության հարցը ևս անհանգստացնում է Ջավախքի շատ ընտանիքների։

Վրացիներ

Ջավախքում վրացիները կազմում են բնակչության մոտ 6%-ը

Կոթելիան շրջապատված է հայկական գյուղերով։ Բուն գյուղում ապրում են միայն վրացիներ՝ 150 ընտանիք։ Օթար Ղավրելիշվիլին Կոթելիայի բնակիչներից է։ Նա դասավանդում է Սամցխե-Ջավախքի պետական համալսարանում, միաժամանակ զբաղվում է գյուղատնտեսությամբ։

kotelya Կոթելիյա գյուղը գտնվում է Ախալքալաքից 15 կմ հեռավորության վրա

Ղավրելիշվիլին կարծում է, որ Ջավախքը Վրաստանի պաշտպանական դարպասն է։

«Գյուղի հին ազգանուններից մեկը Ղավրելիշվիլին է, իմ ազգանունով երկու ընտանիք է ապրել, հայերի հետ շատ լավ հարաբերություններ ունենք, երբեք խնդիրներ չենք ունեցել, մեզ ոտնահարել են Ստալինի ժամանակ, իսկ հիմա՝ ոչ: Ջավախքը հանդուրժող շրջան է, մարդկանց այստեղ ազգությամբ չեն տարբերակում»,- ասում է Օթար Ղավրելիշվիլին։

kavrelishvili Օթար Ղավրելիշվիլի

Ուսուցիչ Գյուլի Զեդգինիձեն նույնպես ապրում է Կոթելիայում, նա նույնպես կարծում է, որ Ջավախքում տարբեր ազգություններն ապրում են խաղաղ և համերաշխ։ Ինքը, սակայն, անհարմար է զգում այն բանից, որ ոչ բոլոր ծառայությունները կարող է ստանալ վրացերենով։

«Հիվանդանոցում մեզ համար դժվար է բժիշկներին բացատրել, թե ինչն է ցավում և ինչպես: Ես ինձ փոքրամասնություն չեմ զգում հայերի մեջ, ի վերջո սա իմ հայրենիքն է: Ես երբեք մարդկանց չեմ առանձնացրել ազգով, ռասայով, կրոնով », – ասում է Գյուլի Զեդգինիձեն:

Շատ վրացիներ, ովքեր ապրում են քաղաքներում կամ խառը գյուղերում, տիրապետում են հայերենին և հաղորդակցման խնդիրներ չունեն։ Իսկ վրացական գյուղերում կոմպակտ բնակվող վրացիները կամ համեմատաբար վերջերս ժամանած էկոմիգրանտներն հայերեն չեն խոսում, իսկ եթե անհրաժեշտ է շփվել տարբեր ծառայություններ մատուցող հայերի հետ, ովքեր վրացերեն չեն խոսում, արդեն սկսում է առաջ գալ ժեստերի լեզուն։

Գյուլի Զեդգինիձեի խոսքով, տեղի վրացիներն ունեն և պահպանում են իրենց ավանդույթները, պատրաստում են իրենց ավանդական ուտեստները և նշում տոները։

Էլենե Գիորգաձեն նշում է ինչպես հայկական, այնպես էլ վրացական տոները։

«Իմ սկեսուրը հայ է, հայկական տոները նշում ենք նրա հարազատների հետ, մեր տոները նշում ենք մեր տանը, օրինակ՝ Զատիկը»,- ասում է Էլենե Գիորգաձեն։

Հոկամ, Ափնիա, Գոգաշեն, Ազմանա, Քարծեփ, Կոթելիյա, Պտենա, Չունչխա, Օրլովկա, Գորելովկա, Սամեբա և մի քանի գյուղերում ապրում են վրացիներ, ովքեր 1988-1989 թվականներին աղետի հետևանքով վերաբնակեցվել են։ Նրանք էկոմիգրանտներ են Աջարիայի Ինքնավար Հանրապետությունից, և հիմնականում մահմեդականությանը դավանող վրացիներ են։ Որոշ գյուղերում նրանք մզկիթ են բացել, իսկ որոշներում դատարկ շենքերում են աղոթում։ Չեն խոսում ինքնության, մշակույթի պահպանման և այլնի մասին, այս մարդիկ չեն կարող սեփականաշնորհել այն տները, որտեղ բնակություն են հաստատել և կառուցել ավելի քան 30 տարի առաջ։

emigranti4 Աջարիայի Ինքնավար Հանրապետության էկոմիգրանտների համար կառուցված երկհարկանի, միատիպ տները